Երևանի Սոկրատը. ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ՝ մեծ դերասանի որդու և իմ անմոռանալի դասախոսի ծննդյան օրն է
Երևանի Սոկրատը … Երբ դասախոսության ժամին մտնում էր լսարան, տպավորություն էր առաջանում, թե հենց նոր վերադարձել է Աթենքից՝ երիտասարդ Պլատոնի հետ իր զրույցներն ընդմիջած, կամ ,,Անտիգոնեի,, առաջին ներկայացումը դիտելուց հետո…
Մի շքեղ հայերենով վերակենդանացնում էր Հելլադան ու Հռոմը, և նրան լսելով սկսում էինք բնազդորեն զգալ, որ մեր լեզուն նույնպես այդ քաղաքակրթությունների վկան է, ու ոչ պակաս հարուստ ռուսերենով՝ գրականության տեսություն դասավանդում ռուսաց բանասիրության ուսանողների համար, որոնց շարքերի մեջ աշխատում էի հնարավորինս աննկատ մնալ, քանի որ նկատելուն պես դուրս էր հանում՝ հասկանալով, որ ,,փախել,, եմ ուրիշի դասից …
Ֆրանսերենով կարդում էր Կամյու, երբ մենք դեռ միայն անունն էինք լսել, և դասերից հետո նրան մինչև տուն ուղեկցելը՝ զրուցելով (եթե տրամադրություն ունենար և արտոներ ), այդ օրը դարձնում էր անջնջելի: Ինքն ազատությունն էր, որ կար՝ խստիվ նորմավորված ժամանակի մեջ: Ինքը դուռ էր դեպի մշակույթներ: Ի դեպ. ,,Յուրաքանչյուր ժողովուրդ ստեղծում է այնպիսի մշակույթ, որին էլ ինքն արժանի է,, – առաջին դասախոսությունից մտապահված աֆորիզմ:
ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ՝ մեծ դերասանի որդու և իմ անմոռանալի դասախոսի ծննդյան օր:
Դավիթ Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումից