Թավրիզի համալսարանում հայագիտության ամբիոն ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել
Երևանի պետական և Թավրիզի համալսարանների ռեկտորների հանդիպման ընթացքում ձեռք բերված նախնական կարևոր պայմանավորվածությունից հետո, համաձայն որի ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի շրջանակներում նախատեսվում է բացել Ատրպատականի ուսումնասիրության կենտրոն, իսկ Թավրիզի համալսարանում՝ հայագիտության ամբիոն, Թավրիզի համալսարանի ռեկտոր դոկտոր Սաֆար Նասրոլլահզադեն և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Հոսեյն Թաբաթաբային այցելեցին նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոն։Ամբիոնի վարիչ պրոֆ. Վարդան Ոսկանյանի, հայկական իրանագիտության ռահվիրա պրոֆ. Գուրգեն Մելիքյանի և ամբիոնի աշխատակիցների հետ տեղի ունեցավ շահագրգիռ աշխատանքային քննարկում իրանագիտության ոլորտում երկու համալսարանների միջև ակադեմիական սերտ համագործակցության հաստատման հեռանկարների և գործնական հնարավորությունների շուրջ։Հատկապես կարևորվեց երկկողմ համագործակցությունն իրանագիտության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պարսից լեզվի և գրականության, իրանական մշակույթի ու պատմության, ինչպես նաև Իրանի հինավուրց երկրամաս Ատրպատականի ուսումնասիրությունը հայ-իրանական հազարամյակների պատմություն ունեցող հարաբերությունների համատեքստում։