Թուրքիայի թանգարանային քաղաքականությունը՝ պատմությունը կեղծելու և յուրացնելու գործիք
Մելինե Անումյան
Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու
Վերջերս հայտնի դարձավ, որ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կազմակերպված ցուցադրություններից մեկի ժամանակ Ուրարտուն ներկայացվել է որպես Ադրբեջան։ Իհարկե կարելի է ուղղակի ծիծաղել այդ ամենի վրա՝ մտածելով, թե նման դեպքերը սովորական են իր մեծ եղբորից՝ Թուրքիայից օրինակ վերցնող այս պետության համար։ Սակայն իմ ծիծաղն այլևս չի գալիս։ Ընդհակառակը` վերջերս սկսել եմ լրջորեն մտահոգվել, որ եթե թուրք-ադրբեջանական տանդեմի այս քաղաքականությունը, մեր պետության՝ դրա դեմ որևէ քայլ չձեռնարկելը ու միջազգային հանրության անտարբերությունը շարունակվեն, ապա ոչ շատ հեռավոր ապագայում ի վերջո թուրքերը կհաջողեն այս տարածքներում իրենց «բնիկ» լինելու մասին թեզն ապացուցելու գործում․․․
Իսկ ինչպե՞ս է տարվում այդ քաղաքականությունը թուրքական պետության կողմից։ Հիմնականում այդ գործն ստանձնել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը, որն էլ իրականացնում է ամենաազդեցիկ ձևերով, հատկապես թանգարանների միջոցով՝ իր ասելիքը հասցնելով լայն զանգվածներին։
Մենք՝ հայերս, բնականաբար մտածում ենք, թե ախր ո՞ր մի արտասահմանցի լուրջ գիտնականը տուրք կտա այդ քարոզչությանը․․․ Միգուցե կրթված և ուսյալ արտասահմանցիները, տեղեկացված լինելով պատմությանը, չտրվեն այդ քարոզչությանը, բայց չմոռանանք, որ թանգարաններ և այլ տեսարժան վայրեր այցելում են նաև բազմաթիվ ոչ մտավորական օտարերկրացիներ, և հենց նրանք են դառնում այդ կեղծ թեզերի հիմնական հասցեատերը։
Բերեմ 1-2 օրինակ։
Լինելով պատմաբան՝ բնականաբար սիրում եմ այցելել թանգարաններ, և երբ զուտ գործի բերումով (բայց ոչ երբեք՝ զբոսաշրջության նպատակով) գտնվում եմ Թուրքիայում, պարտադիր գնում եմ տեղի հայտնի թանգարանները։
Մի անգամ, երբ Իզմիթում էի (պատմական Նիկոմեդիան, որն այժմ գտնվում է Քոջաելի նահանգում), այցելեցի տեղի Հնագիտության թանգարանը, որը կոչվում էր «Քոջաելիի հնագիտության և ժողովրդագրության թանգարան» (թուրք՝ «Kocaeli Arkeoloji ve Etnografya Müzesi»)։
Ինձ հետաքրքում էր, թե ինչ են ցուցադրում թուրքերը այն պատմական քաղաքում, որտեղ արդեն գրեթե ոչ մի հունական կամ բյուզանդական հետք չէին թողել։ Ի դեպ՝ նախ Հռոմեական, ապա՝ Բյուզանդական կայսրությանը պատկանած, ինչպես նաև Հռոմեական կայսրության մայրաքաղաքը եղած այս երբեմնի հինավուրց քաղաքում գրեթե անհնար էր հունա-հռոմեական հետքերի հանդիպելը: Դրա փոխարեն կանգնեցված էր մի հուշարձան, որ նվիրված էր հույն-թուրքական բնակչության փոխանակմանը, այն է՝ 1923 թ․ կնքված համաձայնագրին, ըստ որի՝ Հունաստանի թուրքերը հարկադրաբար տեղափոխվել են Թուրքիա, իսկ այստեղի հույները՝ Հունաստան։ Ուշագրավ էր նաև հուշարձանի անվանումը՝ «Ազգային ինքնության և դիմադրության հուշարձան» (թուրք՝ «Milli Kimlik ve Direniş Anıtı»)։
Ի՞նչ թուրք ազգային ինքնության մասին կարող էր խոսք գնալ երբեմնի հունական քաղաքում․․․ Գուցե թուրքերը նկատի ունեն այն հաղթանակը, որ ցավոք իսկապես տարել են Թուրքիան միատարր դարձնելու, հունական, ասորական, հայկական բնակավայրերը վերջնականապես թուրքացնելու գործում։ Հիշում եմ նաև այն տհաճ ապրումները, որ ունեցա Տրապիզոն քաղաքում, այդ հունական օրրանում, որի կենտրոնը լցված էր մուսուլմանական գլխաշորեր կրող թուրք կանանցով ․․․
Սակայն վերադառնանք «Քոջաելիի հնագիտության և ժողովրդագրության թանգարանին»։ Այստեղ, որպես հնագիտական նյութ, բնականաբար ցուցադրվում են հին հունա-հռոմեական, հելլենիստական և բյուզանդական դարաշրջաններին պատկանող ցուցանմուշներ։ Սակայն թուրքերը չէին հանդուրժի, եթե որևէ կերպ իրենց «ներկայությունը» չպարտադրեին այդ թանգարանում։
Եվ թուրքական քարոզչամեքենան այդ նպատակով ընտրել էր շատ պրիմիտիվ մի հնարք, որն առաջին հայացքից ծիծաղելի էր թվում, սակայն իրականում կարող էր և հասնել իր նպատակին․ հնագիտական գտածոների հետ մեկտեղ, որպես «ժողովրդագրական» նյութ, ցուցադրված էին արհեստականորեն ստեղծված տեսարաններ՝ թյուրքերի մասնակցությամբ, օրինակ՝ լավաշ թխելու տեսարան (միանգամից 2 նպատակի են հասնում․ «պարտադրում են» իրենց ներկայությունը տվյալ տարածքներում և իրենց վերագրում իրականում իրենց հետ ոչ մի կապ չունեցող երևույթներ) կամ 19-րդ դարի ձեռագործ իրեր․․․
Իհարկե խելքը գլխին այցելուի մոտ հարց կառաջանա՝ ի՞նչ կապ ունեն 19-րդ դարի ձեռագործ իրերը հնագիտության հետ։ Սակայն, քանի որ թուրքական մշակութային քաղաքականությունն ուղղակի արգելում է առանց թուրքականի որևէ բան հրամցնելը, նրանք դիմում են այդ հնարքին, որն իրականում ազդում է ոչ միայն շարքային թուրքերի, այլ նաև՝ սովորական արտասահմանցի զբոսաշրջիկների վրա․․․
Թուրքերի համար շատ բնական է նաև հայկական տարրի անտեսումը մեր տարածքներում։ Այսպես, օրինակ, Անկարայում է գտնվում «Անատոլիայի քաղաքակրթությունների թանգարանը» (“Anadolu Medeniyetler Müzesi”)։ Բնականաբար «Անատոլիայի» քաղաքակրթություններ ասելով՝ ոչ միայն հայերի, այլ ամեն մի կրթված մարդու մտքին գալիս է նաև Հայաստանը։ Բայց արի ու տես, որ դա չի վերաբերում թուրք «գիտնականներին»։
Երբ այցելել էի այդ թանգարան, բնականաբար ուշի-ուշով որևէ հայկական հետք էի որոնում, որը, սակայն, չգտա։ Երբ այլևս չդիմանալով այդ զավեշտին, մոտեցա թանգարանի տնօրենին, ով իրեն «գիտնական» էր համարում, և հարցրեցի՝ իսկ որտե՞ղ է ներկայացված հայկական քաղաքակրթությունը, նա անամոթաբար ասաց, թե «թանգարանի ցուցանմուշները հասնում են մինչև 8-րդ դար, իսկ հայերն այստեղ, ըստ իր տրամաբանության, գաղթել են ավելի ուշ ժամանակաշրջանում»․․․ Բնականաբար, իմ կողմից նա ստացավ իրեն արժանի պատասխանը, սակայն ի՞նչ կարող ես անել այն բազմաթիվ, նաև օտարերկրյա, զբոսաշրջիկների համար, ովքեր, տեղյակ չլինելով պատմությանը, կարող են հանգիստ նման կարծիք ձևավորել՝ այցելելով Թուրքիայի մայրաքաղաքի սրտում գտնվող այդ թանգարանը․․․
Վերջերս էլ տեղեկացա, որ թուրքական քարոզչամեքենան նոր հնարք է գտել․ արտասահմանցի այցելուներին պետք է պարտադիր ուղեկցեն թուրք կամ Թուրքիայի քաղաքացի ուղեկցորդները, ովքեր բնականաբար կշարունակեն պատմության կեղծ թեզեր ներկայացնել օտարերկրյա հյուրերին, մինչև իսկ՝ Արևմտյան Հայաստան այցելած մեր հայրենակիցներին․․․
Մինչ թուրքերը շարունակում են ակտիվ գործել նաև մշակութային ոլորտում, մենք վերացնում ենք Մշակույթի մեր նախարարությունը, այն միացնում չգիտեմ ինչ ոլորտների հետ։ Մինչ թուրքերը անգամ հայկական խմբերին պարտադրում են թուրք ուղեկցորդներ, մենք Հայոց ցեղասպանության թանգարանում անվճար գիդի ծառայությունը դարձնում ենք վճարովի, մինչև իսկ կարգադրում, որ այս էապես կարևոր թանգարանում արտասահմանցի այցելուն ուղեկցորդ պատվիրի նախապես․․․ Այսինքն՝ եթե որևէ օտարերկրացի տեղեկացված չի լինում այդ ընթացակարգին, մնում է առանց գիդի ծառայության․․․
Ցավով պետք է արձանագրել, որ այս առումով շատ բան ունենք սովորելու թուրքերից, այն թուրքերից, որոնք ի տես աշխարհի ոչնչացնում են մեր մշակութային կոթողները Արևմտյան Հայաստանում, Արցախում ու Նախիջևանում, իսկ մենք ոչինչ չենք կարողանում դրա դեմ ձեռնարկել՝ մեր հուշարձանները Արցախից հանելուց բացի։ Տեսնես հետագայում ինչպե՞ս ենք կարողանալու ապացուցել, որ դրանք գտնվել են այդ տարածքներում․․․
Ես մտավախություն ունեմ, որ այսպես շարունակվելու դեպքում ի վերջո թուրք-ադրբեջանական այդ մշակութային քաղաքականությունը կհաջողի, և դարեր անց մինչև իսկ աշխարհի «գիտնականները» չեն հիշի այս վայրերում հայկական ներկայության մասին։ Նման փաստի առաջ չկանգնելու համար պետք է հստակ մեխանիզմներ ստեղծել, այլապես շատ ուշ կլինի․․․
Akunq.net