Մեր անմոռանալի Հրաչը-75
1979 թվականի ամռանը շրջանային թերթերի բաժնի վարիչներին Կուսշրջկոմները մեկ ամսով ուղարկել էին ՀՀ կենտկոմի կուսակցական բարձրագույն դպրոց վերապատրաստումների․․․ Հանրակացարանը երկու տեղանոց սենյակներ ուներ։ Նայել էին , որ Հրաչի և իմ ազգանունները նույնն են, երկուսիս մի սենյակ էին հատկացրել։ Իրիկունը Հրաչը գալիս էր շամպայնով, ես էլ՝ արաղով․․․ Երբ մի քիչ գինովնում էինք, Հրաչը սկզբում արտասանում էր իր «Հրաշք օրեր» բանաստեղծությունը՝
… Եվ ձուկը շրջվեց:
Եվ իմ կոպերը
Ծածկեցին նրա աչքերն անկենդան,
Եվ ջրերն ասին’ հրաշք օրերը
Ձկների նման կուգան ու կերթան…
Երբ ավարտում էր, խմում էինք անկենդան ձկների կենդանության կենացը։ Գրական երեկոներով այդպես «վերապատրաստվում» էինք․․․Մի անգամ կեսգիշերն անց էր, անսպասելի գոռացի՝ Հրա՛չ․․․ Սարսափած վեր թռավ՝ «Բա՞ն է պատահել»։ «Էն էլ ո՜նց,-ձևական սարսափով պատասխանեցի,-ձկները բողոքում եմ, որ վատ ենք վերապատրաստվում, բաժակդ վերցրու»։ Քնահարամ եղավ միչև առավոտ, բայց ձկներին մեկ առ մեկ հիշեցինք․․․
Հրաչը դասախոսություններին գրեթե չէր մասնակցում։ Դասընթացն ավարտվեց, պետք է գնահատեին մեր մասնակցությունը և համապատասխան գրություն ուղարկեին կուսշրջկոմներին։ Փաստորեն տնօրենը գաղտնալսում էր, թե մասնակիցները ընդմիջմանը ինչ եռանդով էինք հիշում Լենինին, Ստալինին, Մալենկովին, Խրուշչովին ու մյուսներին․․․ Իմացանք, որ «հիմք ընդունելով հայհոյանքների դոզան, մասշտաբները և հանրային վտանգավորությունը», տնօրենը Հրաչին անբավարար էր գնահատելու և ուզում էր շրջկոմին վատ բնութագիր ուղարկել՝ բնականաբար աշխատանքից հեռացնելու հեռանկարով։ Ընկերներով մի քանի հոգի մտանք նրա սենյակը և բացատրեցինք, որ Հրաչը տաղանդավոր պոետ է, ամենաարժանավորը, եթե նրան վատ բնութագիր եք տալու, ապա մեզ էլ անբավարար գնահատեք։ Մի կերպ համոզեցինք․․․
Երբ Հրաչն իմացավ, հեգնանքով ասեց՝ «Իմ գրած անկենդան ձուկը սրանից ազնիվ կենդանի է․․․»։
Հրա՛չ ջան, մեկ-մեկ առանց քեզ քո ձկների կենացն եմ խմում, հիշում մեր հրաշք օրերը․․․
————————————
ՊՈԵՏԻՆ ԳՐՈՂԸ ԹՈՂ ՏԱՆԻ …
Բանաստեղծ Հրաչ Սարուխանին
Հնձանում մաճառն է եռում .
Ինչ անուշ երգում է գինին,
Խաղերով գավաթն է կանչում
Իր ընկեր հարբած պոետին ։
Խմում է պոետը արքա,
Հոսում է գավերով գինի,
Ու մտքում փերիներն ինչքան
Երգում են, պարում գեղանի ։
Խմում է, հարբում պոետը,
Զարկում է ձեռքը սեղանին,
Գինովցած մենակ պոետը
Չարի դեմ գնում է մարտի։
Աշխարհի ցավերը շալակած՝
Իր համար աշխարհում տեղ չկա.
Ու նույնիսկ գավաթն իր շուտ պարպած
Մի կարգին լիք լցնող էլ չկա ։
Հասկացե՛ք , պոետը հարբեցող
Ձեր ցավն է լոկ խմում, որ տանի.
Ամբոխը ծաղրում է բամբասող՝
«Պոետին գրողը թող տանի…»։
Ու մի օր կթողնի հեռանա
Հիվանդ, վիրավոր պոետը.
Կթաղեք ու կասեք՝ «Ուր ՞ է նա ,
Ախ ուր ՞ է մեր անուշ պոետը»…
Կփնտրեք, բայց, ավաղ, չեք գտնի,
Էլ չկա մարգարե պոետը,
Լոկ դառը գավաթում կլինի
Թասընկեր, հարբեցող պոետը․..
Պոետին արցունքով չհիշե՛ք,
Պոետին չասեք՝ Ողորմի…
Միշտ սիրո կենացով հիշեք.
Նա եղել, հիմա կա, կլինի …
Արձակագիր ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ ֆեյսբուքյան գրառումից