Կիլիկյան արքաների 13-րդը…
Կիլիկյան Հայաստանը որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ողջ Մերձավոր Արեւելքում. երբեմն այն անվանում էին «քրիստոնյա կղզի իսլամի ծովում»։ Հեշտ չէր խուսափել իսլամադավանների հետ ընդհարումներից, կաթոլիկներն էլ իրենց պահանջներն ունեին Հայոց աշխարհից, մինչդեռ Կիլիկյան Հայաստանը սատարում էր խաչակրաց արշավանքներին։ Մինչ մոնղոլների իսլամ ընդունելը, հայկական ուժերն ու մոնղոլները միասին էին կռվում մամլուքների դեմ, դրանից հետո մոնղոլներն էլ, իրենց հերթին, լուրջ սպառնալիք դարձան հայերին…
Կիլիկիայի համար այդպիսի բարդ ու դժվարին ժամանակ էլ գահ բարձրացավ Օշին Ա-ն։ Մի կողմից՝ ներքին պառակտումների ու գահակալական կռիվների, մյուս կողմից՝ արտաքին կողմնորոշումների ու երկիրը պահելու ճիգերի արանքում, նոր ձեւավորված իրողությունների համապատկերին Օշին Ա-ն համարձակվեց գրավել գահը, այն բանից հետո, երբ 1307 թ. նոյեմբերի 17-ին արդեն իսլամ ընդունած թաթար զորավար Փիլարղուն բանակցությունների պատրվակով Անարզաբա հրավիրեց Հեթում Բ-ին եւ Լեւոն Դ-ին ու դավադրաբար սպանեց նրանց։ Օշինը ջախջախեց Փիլարղուին՝ դուրս քշելով Հայաստանից։ Հայերի միջամտությամբ ու խնդրանքով խանը մահապատժի ենթարկեց Փիլարղուին։ Հայկական թափուր գահի համար լուրջ պայքար ծավալվեց երկու եղբայրների՝ Լեւոն Գ-ի եւ Կեռանի որդիների միջեւ։ Նախկին թագավոր Սմբատը, վերադառնալով Կոնստանդնուպոլսից, ձգտում էր կրկին տիրանալ գահին. հաղթեց Օշինը եւ դարձավ Կիլիկիայի 13-րդ թագավորը։ Պաշտոնապես թագադրվեց 1309 թ. սեպտեմբերի 4-ին՝ Տարսոնի Սբ Սոֆիա եկեղեցում։ Օշին Ա-ն ծնվել է 1283 թ. հունվարի 10-ին. նա Հեթումյանների դինաստիայի ժառանգներից էր, ծնողների 16 զավակներից 15-րդը։
Իսլամի հարձակումներից երկիրը պաշտպանելու համար Օշին Ա-ն նախորդների նման հույսը դրեց կաթոլիկ աշխարհի օգնության վրա եւ փորձեց շարունակել հայ ժողովրդի լատինացման գործընթացը, սակայն հանդիպեց ժողովրդի կատաղի դիմադրությանը. այնուամենայնիվ, թագավորը առաջ մղեց կաթոլիկ եկեղեցուն միանալու Սիսի ժողովի որոշումը։ 1308-09 թթ. լատինացման դեմ երկրում զանգվածային ապստամբություն բարձրացավ, որը ղեկավարվում էր Մեծ Հայքից. դիմադրությանը մասնակցում էին ինչպես ժողովուրդը, այնպես էլ նախարարներ ու հոգեւոր դասի ներկայացուցիչներ. նրանց անվանեցին հակաունիթորականներ։ Օշինը դաժանաբար ճնշեց ապստամբությունը, որն ուղեկցվում էր ինչպես բնակչության, այնպես էլ ազնվականության զանգվածային մահապատիժներով, իսկ ապստամբությանը միացած քահանաները բանտարկվում կամ վտարվում էին երկրից։ Չնայած սրան, Օշինն ստիպված էր ենթարկվել ազգային ուժերի պահանջին եւ դադարեցնել կրոնական վեճերն ու զբաղվել երկրի սահմանների ամրապնդմամբ ու շինարարական աշխատանքներով։ Ի վերջո, 1317 թ. մուսուլմանական պետությունների նոր սպառնալիքի եւ Հովհաննես 22-րդ պապի ճնշմամբ Օշին Ա-ն եւ լատինամետ կաթողիկոս Կոնստանդին Գ Կեսարացին Ադանայի ժողովում ընդունեցին կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշում՝ հաստատելով նախորդ՝ Սիսի ժողովի որոշումները։ Սակայն ժողովրդի դիմադրությամբ այն չիրագործվեց։
Փիլարղուի հետ հաշվեհարդարից ու մոնղոլներին երկրից դուրս քշելուց հետո էլ չավարտվեց հակամարտությունը նրանց հետ. 1314 թ. մոնղոլներն առաջին անգամ արշավեցին կլիկիայի վրա, որից հետո թուրքերի ու մամլուքների հետ նրանց արշավները դարձան պարբերական։ Ու թեեւ Կիլիկիայի արտաքին եւ ներքին քաղաքականությունն ամբողջությամբ ուղղված էր դեպի Արեւմուտք, սակայն հայոց արքաները աջակցություն չէին ստանում այնտեղից։ Այն արտոնությունների՝ հողերի դիմաց, որ ստացել էին հայ տիրակալների թույլտվությամբ, Կիլիկիայում տեղակայված մի շարք կաթոլիկական օրդերներ, խոստանալով զինվորական ծառայություն, լավագույն դեպքում խախտում էին խոստումը։ Սա էր պատճառը, որ 1317 թ. Օշինը զենքի ուժով խլում է մի շարք օրդերների ունեցվածքը, բռնագրավում գանձարանը։ Արեւմտամոլությունը երկրում հանգեցրել էր պառակտումների, թուլացրել կենտրոնական իշխանությունը։ 1318 թ. վատթարացան հայ-կիպրոսան հարաբերությունները. Օշինը Տյուրոսի Ամորիի ապստամբությունը ճնշելուց հետո ապաստան է տալիս կնոջը՝ Ժաննային ու քրոջը՝ Իզաբելային. նրանք երեխաների հետ լքում են կղզին։ Իշխանությունը վերականգնած Հենրի 2-րդին դուր չի գալիս սա, բացի այդ, Օշինը Կիլիկիայից վտարել էր Կիպրոսի թագավորին աջակցող հիվանդախնամներին։ Այս պայմաններում միայն Հովհաննես 22-րդ պապի անձնական միջամտությունն է կանխում Կիպրոսի եւ Կիլիկյան թագավորությունների ռազմական բախումը։ Նույն՝ 1318 թ. Եգիպտոսի սուլթանության զորքերը ներխուժում են Կիլիկիա։ Հայկական զորքերը Կոռիկոսի տեր Օշինի հրամնաատարությամբ նրանց դուրս են մղում՝ զգալի կորուստներ պատճառելով։
Օշին Ա-ն թագավորեց մինչեւ իր վախճանը՝ 1320 թ. հուլիսի 20-ը: Նա վախճանվեց Դրազարկի վանքում. կարծիք կա, որ նրան թունավորել են… Հանկարծամահ եղած Օշին Ա-ին հաջորդել է նրա մանկահասակ որդի Լեւոն Ե-ն։
Էլեոնորա Ներսիսյան
hhpress.am