Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Վիպակ
5.
Նաիրան աշխատանքի եկավ մեկ շաբաթ անց. Սուրեն Հովհաննիսյանի հետ այդպես էին պայմանավորվել, որպեսզի ուսուցչուհին, դաստիարակը, ազգականուհին կամ ինչպես իրավիճակին հարմար է, վիրահատված մորը հիվանդանոցից տուն տեղափոխեր, մի քանի օր օգներ ոտքի կանգնել: Տանտերն առանց ավելորդ ցուցադրության աշխատավարձը կրկնապատկեց, մնացած պայմանավորվածությունները մնացին նախնականը:
Պահակապետ աժդահա Թորոսը, հսկա որովայնը կոծկող կաթնագույն լայն վերնաշապիկով, Նաիրային ընդունեց ընդգծված հարգանքով ու տեղեկացրեց:
— Ձեր բնակարանի հասցեն մեզ հայտնի է, առավոտյան ժամը ինն անց կեսին Անդրանիկը մեքենայով ձեզ կսպասի, տեղ կհասցնի, երեկոյան վեցին հետ կտանի: Եթե որևէ տեղ
կհասցնի, երեկոյան վեցին հետ կտանի: Եթե որևէ տեղ այցելելու լինեք՝ իրեն նախօրոք ասեք, պարտավոր է ձեր բոլոր ցանկություններին ենթարկվել:
Անդրանիկը տեղեկատվական այդ ճառի ընթացքում մոտեցել էր, կամաց բարևել, ամեն բառի հետ գլխով էր անում:
— Թույլ տվեք մի անգամ էլ ձեզ ներս ուղեկցեմ,- դարձավ Նաիրային,- նախորդ անգամ լրիվ անծանոթ էիք, երևի հարկերը լավ չեք հիշի:
— Շնորհակալ կլինեմ,- կամաց ասաց Նաիրան:
Մենակ անծանոթ չէի, հարգելի երիտասարդ, շփոթված էի, կատաղած ու հուսահատված, մտքում ճշտեց Նաիրան ու հետևեց նրան:
Նախասրահում նրանց դիմավորեց մի գիրուկ, կեսդարյակը հաջողությամբ բոլորած, հանդիսավոր տիկին՝ Լյուդմիլա Զիկինայի բարձրաբերձ սանրվածքով:
— Բարև ձեզ, բարի գալուստ, Նաիրա, ես Գեղեցիկ Մարջիկյանն եմ, հիմա ձեզ կծանոթացնեմ առանձնատան աշխատակազմի հետ: Անդրանիկ, դու գնա: Ինքս բոլորի կառավարիչն եմ, տիկին Էլիզաբեթի աջ ձեռքը, մենք ունենք մեկ տնտեսուհի, երկու մաքրուհի, երկու խոհարարուհի, դե, պահակախումբը, այգեպաններն ու վարորդները ձեր աշխատանքի հետ կապ չունեն, միայն սպասարկող են, իհարկե, երբ կամենաք: Առաջինը մտնենք խոհանոց:
— Ներեցեք, տիկին Գեղեցիկ, նախ տիկին Էլիզաբեթին չհանդիպե՞մ, նա ինձ տալու հանձնարարություններ կունենա:
— Նա երեկ մեկնեց Բալի կղզի, դեռ 5-6 օր կմնա, ինչ պետք է իմանաք՝ ես մեկ առ մեկ կշարադրեմ:
Տիկին Գեղեցիկի ամբողջ կերպարանքից ճառագում էր նվիրվածության ու գործնականության շառափը, նա ոգեշնչված էր իր կարևորության զգացումով, Նաիրան դա գնահատեց ու մտքում ժպտաց:
— Հա, ի դեպ, Սյուզին դեռ քնած է, մոր բացակայությամբ քնկոտ է դառնում:
Հաճախ է բացակայում, հասկանալի է, իսկ հայրի՞կը… Մտածումը չմարած՝ աստիճանների վրա երևաց Սուրեն Հովհաննիսյանը: Տոնական սմոքինգով, կարճ մորուքը խնամքով հարդարած ու բուրումնավետ:
— Բարի լույս, օրիորդ Նաիրա, ողջունում եմ ձեզ իմ առանձնատանը: Դստրկիս հանձնում եմ ձեր ողորմածությանը, կարմրաթուշ պտուղներ եմ սպասում: Նախապես ներողություն եմ խնդրում, եթե նա ավելորդ չարաճճիություններ անի: Դե, ինչ արած, մեր միակն է, ինչքան ուժներս պատել՝ երես ենք տվել: Բայց համով բալիկ է, այ, կտեսնեք:
Նաիրան այդ զեղումը լսեց քաղաքավարի ժպիտով, հավանությունն արտահայտելով հոնքերի արտահայտիչ խաղով, բառերը մի տեսակ չէին ուզում շուրթերից հնչել, ներսում էին արձագանք տալիս: Տանտիրոջ գնալուց հետո տիկին Գեղեցիկն ասաց.
— Խեղճերը երկրորդ երեխան չունեցան, պարոն Հովհաննիսյանը շատ է ուզում որդի ունենալ, բայց դե բնությանը չես հրամայի:
Տիկինը Նաիրային առաջնորդեց տարբեր հարկաբաժիններ, սրահներ, սենյակներ ու մեկ առ մեկ ծանոթացրեց ամբողջ անձնակազմի հետ: Առանձնակազմ, մտքում դրոշմեց Նաիրան:
— Սյուզիին երեք սենյակ է հատկացված՝ ննջարան, խաղասրահ ու աշխատանոց, ահա, սա է, նայեք, պարապելու համար ամեն ինչ կա, ամբողջը բերված է Լոնդոնից ու Փարիզից, ոչ թե ինչ-որ Դուբայներից: Մի րոպե, Սյուզին արթնացա՞վ…
Տիկին Գեղեցիկի սիրուն դեմքն իսկույն լարվեց, փարթամ սանրվածքը ցնցվեց: Իրոք, հարևան սենյակից, որ բնականաբար, աղջկա ննջարանն էր, կատաղի նվագի ձայներ լսվեցին, սկզբում ցածր, աստիճանաբար դարձան դղրդյուն ու որոտ:
— Գիտե՞ք, օրիորդ Նաիրա, տիկին Էլիզաբեթը Սյուզիին արգելել է էդ հիմար խմբերին լսել, հենց ոտքը տանից կտրի՝ կմիացնի ու տակը տրճկի կտա: Եթե սպասենք վերջացնելուն՝ շատ երկար կտևի, դուռը բացում եմ:
— Լավ,- համաձայնեց Նաիրան, հակառակը չէր պատկերացնում:
Հսկա ննջարանի լայնարձակ մահճակալին զանազան շորեր էին կիտված, պայուսակներ ու օտարալեզու գրքեր, հատակին խաղալիքների ու անհասկանալի իրերի բլուրներ էին ու դրանց կենտրոնում Սյուզին, որ մեկ աջ, մեկ ձախմ ճոճվելով իբրև թե պարում էր: Աղջկա կաղությունն զգալի էր, Նաիրայի սրտում մորմոքի ալիք ծփաց:
Տիկին Գեղեցիկը մի քանի անգամ ուժգին ծափ զարկեց, աղջիկը նայեց դռան կողմն ու երաժշտությունը հեռախոսից անջատեց:
Հանկարծ նկատեց.
— Նա՜րա,- բացականչեց ու ընկավ Նաիրայի գիրկը, ինչպես նախորդ անգամ հոր գիրկն էր ընկել:- ժամեր եմ հաշվել, գիտե՞ս, անհամբե՜ր էի: Մամադ լավացա՞վ, մի օր մոտը կտանե՞ս:
— Սյուզի,- նրան ընդհատեց տիկին Գեղեցիկը, ով ամեն օր բախվում էր այդ տեսարանին ու սովորել էր կտրուկ միջոցներ ձեռք առնել:- Դուք գնացեք աշխատասենյակ, ես Գայանեին կանչեմ ննջարանդ կարգի բերի: Օրիորդ, համեցեք:
— Ես ուտել եմ ուզում,- տիկին Գեղեցիկին զարմացրեց Սյուզին,- ախորժակս հանկարծ բացվեց: Նարա, ես ախորժակս կորցրել էի, կարող է՞ դու գտել ես ու բերել:
— Ըհը,- ծիծաղեց Նաիրան,- Կարապի լճում գտա, մի ճերմակ կարապ հանեց, հանձնարարեց, որ քեզ հասցնեմ:
— Ինչ լավ է, գնացի՜նք:
Հովհաննիսյանների ապարանքում զարմանքը գնալով տարածվեց, խոհարարուհիներից մինչև մաքրուհիներ ու պահակախումբ իմացան, որ պեծուկրակ Սյուզին ինքնակամ լոգարան գնաց լվացվելու, ապա ճաշասրահ վազեց՝ սնվելու: Ում նայում էր Նաիրան՝ դեմքին զվարթություն էր խաղում, միայն ինքն էր մտահոգ, չէր պատկերացնում, թե հաջորդ պահին բամբակների մեջ պահած, դրանից շփացած երեխան ինչ քմահաճություններ կհորինի:
— Գնանք բառեր գրենք,- նախաճաշն ախորժակով վայելելուց հետո աշխույժով ասաց աղջիկն ու Նաիրայի ձեռքը բռնեց: Այնքան պինդ, որ նա հանկարծ չփախչի, ինչպես անցած անգամ:
Շարունակվող…