Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Վիպակ
3.
Զանգին անմիջապես չպատասխանեցին:
— Լսում եմ,- ի վերջո հնչեց մի կանացի սառը ձայն:
— Բարև ձեզ, ես հայտարարության առիթով եմ զանգել:
— Լեզվաբա՞ն եք:
— Այո:
— Գիտական աստիճան ունե՞ք:
— Դեռ ոչ: Ոչ, չունեմ:
— Լավ է, որ չունեք: Մենք պետք է մոտիկից զրուցենք, հիմա հասցեն սմս կանեմ, եկեք:
— Ե՞րբ է հարմար:
— Մեկ ժամից կարո՞ղ եք:
— Այո:
Վերջին բառն արտաբերեց հևոցով, տեսնես կընդունե՞ն կամ ինքը նրանց կհավանի՞: Ի՛նչ հավանել, պատրաստ է սատանային էլ ծառայել, միայն թե մայրն առողջանա: Ո՞վ էր սառցե կինը՝ դժվար էր կռահել, բայց որ գոռոզի մեկն է՝ կասկած չկա, թվում էր բառերն ասելիս ձայնը
խնայում էր, չէր էլ խոսում՝ հրամայում էր:
Տաքսի նստեց, վարորդը հասցեն թղթի վրա կարդաց, հոնքերը բազմանշանակ խաղացրեց, բայց ծպտուն չհանեց, հարուստների այդ տարածքին լավ ծանոթ էր: Տեղ հասնելուն պես լեզուն բացվեց.
— Համեցեք, սա էլ Սուրեն Հովհաննիսյանի պալատը: Էստեղ եկողները տաքսի չեն նստում, իրենց զրահապատներով են գալիս, ես միշտ կողքի պալատն եմ ուղևորներ բերում, էնտեղ հավաքույթներ շատ են լինում: Հովհաննիսյանը ծնունդից ծնունդ է մարդ կանչում, էն էլ իրա նման գելերի:
Նաիրան վերջին նախադասությունից փախչելու ակամա ցանկություն ունեցավ, վարորդը նկատեց.
— Հա, բայց լավ մարդիկ են, առանձնապես չեն կծում:
— Շնորհակալություն,- քրթմնջաց Նաիրան ու հինգհազարանոցը մեկնեց դեպի ղեկը:
Վարորդը դժգոհ վերցրեց, մեքենան արագ տեղից պոկեց, ով իմանա մտքում ինչեր նետեց սուսիկփուսիկ աղքատ ուղևորուհու հասցեին:
Նաիրան վիթխարի պարիսպների առաջ մնաց մենակ ու շվար: Պալատ կոչվածի միայն տանիքն էր երևում, որն իհարկե, պատկառելի տարածք էր զբաղեցնում: Մի քանի ակնթարթ չանցած՝ հսկա դարպասի աջակողմյան փոքրիկ դարպասը բացվեց, երևաց կեպին լերկ գլխին քաշած աժդահա մեկը.
— Ձեր անունը կասե՞ք: Մի քիչ բարձր խոսեք:
Նաիրան դեռ չէր խոսել, լսել էր, որ իր երկրի մայրաքաղաքում էլիտար թաղամասեր ու հեքիաթային դղյակներ կան, որոնք պահպանում են յոթգլխանի դևերը, լավ կլիներ, որ իր փնտրած հասցեն սա չլինի: Լավ, գոնե այս աժդահան մի՛ գլուխ ունի, հենց դրանից էլ վախն անցավ, անունն ասաց:
— Տիկին Էլիզը, այսինքն Էլիզաբեթը, ձեր մասին ասել է, համեցեք:
Նա դուռն ավելի լայն բացեց, հյուրին ներս առավ: Նաիրայի աչքի առաջ բացվեց կինոներում տեսած հրաշագեղ տեսարան՝ ծաղկուն պարտեզ, դալար ծառեր, մեղմիկ երգող շատրվաններ ու մի մեծ, կապույտ ջրավազան: Այդ բոլորի գրկում վեր խոյացող տուֆակերտ, եռահարկ պալատ:
Պահակապետը դարձավ մոտակա տաղավարում գործ անող ջահելին.
— Անդո՛, աղջկան ուղեկցիր տիրուհու մոտ, սպասում է:
Ջահելը, որ այնքան էլ ջահել չէր, թաց ձեռքերի ջուրն աջուձախ ցողելով մոտեցավ, կտրիճավարի գլուխ տվեց, բարևեց, նախկին գլադիատորի էր նման.
— Համեցեք:
Նաիրան չգիտես ինչու որոշեց, որ այդ բարեկազմ, գեղեցիկ երիտասարդը սույն տարածքում իր նման պատահական է հայտնվել կամ էլ ճորտի կարգավիճակում, դրա համար էլ նկատելի կաղի է տալիս: Իր վիճակից տհաճություն զգաց, խոր շնչեց, կարծես թե մի չնչին չափով ինքնավստահություն ստացավ, լռիկ երիտասարդին հետևեց:
Մարմարե աստիճաններով բարձրացան, սկզբում դրանք ուղղահայաց թվացին, հետո դարձան ոլորապտույտ, թե որ հարկը հասան՝ անհասկանալի էր, թերևս երրորդ կամ էլ ով իմանա պալատների առեղծվածները՝ գուցե տասներորդ կամ հենց հարյուրերորդ: Մտքի մեջ վերուվար էր անում մեկ անուն՝ տիկին Էլիզաբեթ:
Տիկինն արդեն տեղեկացված էր, հյուրին դիմավորեց պերճորեն կահավորված ընդարձակ սրահում: Ինքն ավելի ևս պերճաշուք էր՝ դեղնամազ սանրվածքից մինչև սրածայր կոշիկները հասնող ալ կարմիր զգեստը: Հմտորեն ներկված շրթունքները դանդաղ իրարից հեռացրեց:
— Ողջույն, ուրախ եմ, որ եկաք, հայտարարությանն արձագանքողներից ոչ մեկը լեզվաբան չէր, դուք առայժմ միակն եք:
Առայժմ բառն արտաբերելիս սուրմայած կանաչ աչքերն արագ թարթեց: Նաիրան ակնարկը վայրկենապես հասկացավ, այո, մեծ հույսերով չի եկել, ընդամենը բախտն է փորձում:
— Նստեցեք: Նարինե, չէ՞:
Նաիրան շփոթված նստեց աներևակայելի գեղեցիկ բազկաթոռին, փափո՜ւկ, նման գարնան ամպերին՝ անձրևելուց հետո: Այ քեզ հիմար համեմատություն, ափը քրտնած ճակատին տարավ, շշնջաց.
— Նաիրա: Նաիրա Բազեյան:
Տիկինը, որ քառասուն տարեկանից ավելի չէր լինի, այդուհանդերձ յուրացրել էր բարձրաշխարհիկ կանոնների ամբողջ գիրքը, փորձեց կատակել.
— Իսկ ի՞նչ տարբերություն, ես դրանք միշտ խառնում եմ:
Նաիրան դիմացինին շշպռելու մղում զգաց, ժամանակին սթափվեց, կատակի նման մի բան էլ ինքն ասաց.
— Դե, տարբեր են, ինչպես Էլիզաբեթն ու Եղիսաբեթը…
Կանաչ աչքերը կատաղի շանթեր արձակեցին, չնայած դրան՝ տիկինը համբերատար էր երևում, բացատրեց.
— Մեր աղջիկը՝ Սյուզին, 11 տարեկան է, մանկական ծանր հիվանդություն է տարել, արտասահմաններում ենք բուժել, հետո խորհուրդ տվեցին, որ Երևանի կիսաանապատային չոր օդը կօգնի, հետ եկանք: Նա… մի քիչ երես առած է, կամակոր, անհնազանդ, դե, դեղերից է, ջղային է դարձել: Ոչ մի դաստիարակի հետ լեզու չի գտնում, ով եկավ՝ վռնդեց: Հայաստանից հաճախ ենք բացակայել, դրա համար հայերենից կաղի է տալիս, դասատուն շատ է դժգոհում, հրաժարվում է չվաստակած գնահատական նշանակել: Սկզբունքայի՜ն է, էլ ո՛նց կլիներ… Ինչևէ, մենք էլ ամուսիններով որոշեցինք պարապելու տալ, իր մայրենի լեզուն է, թող սովորի, ուրիշներից հետ չմնա: Ո՛ր մեկին խոսեցնում ես՝ հայերեն վարժ-վարժ ճառեր է կարդում, թող ինքն էլ լեզուն լավ իմանա, դրանից վնաս չի լինի:
— Այո, անշուշտ,- հավանություն տվեց Նաիրան, այդ դատողությունը նրա սրտովն էր, իհարկե, բացի նրանից, որ իր անձնական կարծիքով «վարժերի» ճառերը հայերեն չեն, այլ ոչմիբաներեն:
Տիկին Էլիզաբեթը շարունակեց.
— Եթե Սյուզին ձեզ հավանի, հարկավոր կլինի ամառվա երեք ամիսները լավ օգտագործել, կգաք առավոտյան տասին, կպարապեք մինչև երեկոյան վեցը, իհարկե, ներառյալ խաղերն ու հանգիստը, նաև սնունդը: Վարորդն ամեն առավոտ ձեզ կբերի, երեկոյան տուն կտանի: Հանգստյան օրը՝ կիրակի: Վարձատրությունն ամեն շաբաթ օր՝ հարյուր հազար դրամ:
Նկատելով, որ լեզվագետը չհասկացավ՝ բացատրեց.
— Ընդհանուր՝ ամսական չորս հարյուր հազար:
Նաիրան սրտապնդված ժպտաց, դա իր սպասածից շատ ավելին էր:
— Ես համաձայն եմ, բայց մի խնդիր կա…
Շարունակվող…