Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Վիպակ
2.
Նաիրան խորասուզվեց հայտարարությունների ծովում:
— Սա ի՞նչ է,- զարմացավ՝ կարդալով մի ժլատ տող, թե իրենց 11-ամյա դստրիկին հայերենի տնային ուսուցչուհի է պետք: Ուրիշ ոչ մի տեղեկություն, միայն՝ հեռախոսահամար:
11 տարեկան աղջիկ, հայոց լեզու, տան միջավայր: Կարծես թե լավ տարբերակ է, տեսնես ինչքա՞ն կվճարեն: Մտածեց, բայց չզանգեց, ով իմանա ինչ հղփացած հարուստներ են, աղջիկը մի երես առած պատուհաս կլինի, վարձատրությունն էլ ողորմություն, ոչ թե աշխատավարձ:
Էլի փնտրեց, երկար փնտրեց, մի քանի համարներով զանգեց՝ անձնական տվյալները չհամապատասխանեցին: Նաիրան կռահեց, որ հայտարարությունների մեծ մասը կեղծիք է, իրավական շղարշ, պատկան մարմիններին ցույց տալու համար, թե օրենքով են գործում, մինչդեռ
արդեն իրենց ընտրած կադրերն ունեն: Լսած պատասխաններն այս կարգի էին.
— Լեզվաբա՞ն, ոչ, ներեցեք, մեզ տնտեսագետ է պետք:
— 29 տարեկա՞ն, ոչ, ներեցեք, մեզ մինչև 23 տարեկան գեղեցկուհի է պետք:
— Քաղաքական ի՞նչ կողմնորոշում ունեք, հայամե՞տ, ոչ, ներեցեք, մեզ… դա կարևոր չէ…
— Խնամքին երեխաներ ունե՞ք, հաշմանդամ մա՞յր, ոչ, ներեցեք, մեզ անընտանիք կանայք են պետք, թեկուզ 59 տարեկան…
Խելագարվել են, սա ի՞նչ աշխարհ է, մղձավանջ, ասես սարսափ ֆիլմ լինի: Նաիրան հեռախոսն անջատեց, մոր պատվերները կատարած՝ ժամը վեցն անց կեսին տուն մտավ:
Բարեբախտաբար տիկին Ալմաստը կատարվածը չկռահեց, մի քիչ զարմացավ, որ դեղերը սովորականից շատ են:
— Հո պարգևավճար չեն տվել, Նարա ջան:
— Տվել են, մամ, ամբողջ երկու ամսվա աշխատավարձի չափով:
— Հա՞, իսկ ի՞նչն է ծիծաղելի… Ուշքի արի, աղջիկ ջան, կարգին պատասխան տուր:
Նաիրան վազեց մոր վզովն ընկավ, ուսերը մի լավ կճմտեց, միանգամայն երջանիկ դստրիկի դեր խաղաց:
Բարի գիշերի բառերն ասաց խնդուն ձայնով, բայց մինչև առավոտ աչք փակել չհաջողվեց: Ապակեպատ պատշգամբում իր համար մի մահճակալի ու փոքրիկ սեղանի տեղ էր հաջողացրել, այդ բնում էր գրել գիտաթեզի ամբողջ 200 էջը, մնացել էր վերջին գլուխը: Թղթերն ու կրիչներն անտարբերությամբ հավաքեց, լցրեց ստվարաթղթե ծռմռված արկղի մեջ ու ընկավ պատրանքների աշխարհը:
Լուսադեմին աչքը կպել էր, մոր տնքոցից զարթնեց: Սա ո՞ր թվականն է, մի՞թե վիրահատության հինգ տարին անցել է: Օրացույցը պատասխանեց՝ անցել է:
Էլի շտապօգնություն, էլի զարմանազան հետազոտություններ, մեկ այլ, համեմատաբար թեթև վիրահատության շտապ կարիք: Մոր առաջ այս անգամ անտաղանդ դերասանություն արեց, խոստումներ տվեց, բժիշկներից ժամանակ խնդրեց ու դուրս եկավ: Ստացած գումարից ձեռքին բան չմնաց, թևաթափ նստեց հիվանդանոցի բակում դրված նոփնոր նստարանին, գլուխն ափերով սեղմեց:
Տղամարդու անհանգիստ ձայն հասավ ականջին.
— Ներեցեք, վա՞տ եք զգում, ինչի՞ կարիք ունեք:
Արագ կանգնեց, ամաչելով ժպտաց.
— Շնորհակալ եմ, լավ եմ…,- չգիտես ինչու՝ ավելացրեց,- մամաս է վատ:
— Մի րոպե, ձեր մաման ութերորդ պալատի հիվանդն է, չէ՞:
— Այո:
— Ես օրվա հերթապահն եմ: Լավ է, որ ձեզ տեսա, գիտե՞ք, վիրահատությունը պետք է անհապաղ արվի, շատ ժամանակ չկա, խոսքը սրտի մասին է:
— Գիտեմ, ես էլ հենց դրա մասին էի մտածում:
— Նստարանին կուչ գալով ոչինչ չեք որոշի, դիմեցեք հարազատներին, կարեկից մարդկանց…
— Իհարկե, բժիշկ, իհարկե…
Նա լավություն արած մարդու քայլերով հանգիստ հեռացավ, Նաիրան հեռախոսը հանեց, իր համար էլ անսպասելի վճռականությամբ գտավ 11 տարեկան անգրագետ աղջնակի համար ուսուցչուհի փնտրողների համարը:
Գոնե կիսագրագետ լինի, մտածեց ու համարը հավաքեց:
Շարունակվող