ԱՐՈՒՍ ՍՈՒՐԵՆ. Արյունը սրբեց ձեր ոտնահետքերը
***
Արյունը սրբեց ձեր ոտնահետքերը՝
կորցերցինք ձեզ՝ հավերժ գտնելով,
չէ՛, երկինք չեն տանում արահետները՝
հողոտ ճանապարհ են, ափսոսանք ու դող:
Հիմա մեր հողը ավելի սուրբ է,
անեզր դրախտ է՝ ձեզանով հյուսված,
դուք` երջանիկ ու մենք՝ մեղապարտ ենք,
իբր ապրում ենք՝ աղոթքով հյուծված:
Էլ չկա հանուն ոչ մեկի ոչինչ,
ու չկա անուն, որ հեգենք տառ-տառ՝
դո՛ւք էիք միայն անուններով ջինջ,
անուններով վես, հավերժ, սրբատառ:
Մեր աչքը հոգնեց սպասումի ճամփին՝
բոբիկ ոտքերով ելանք ընդառաջ,
ծանծաղեց արդեն արցունքի ափը,
օրը դանդաղեց, չենք գնում առաջ:
Ու երգերի մեջ մեզ զուսպ թողեցիք՝
սևսիրտ, սևազգեստ, գլխահակ, անձայն,
հազա՜ր երանի, որ երջանիկ եք,
ձեր մահը՝ կարևոր, մեր ապրելն՝ ունայն:
Գուցե արթնանանք մենք այս թմբիրից,
նորից ծիծաղենք, մեղավոր ժպտանք,
ծանր է հառնելը քրտնած հողից,
թանկ է ապրելը՝ պարտավո՛ր ենք, կա՛նք…
ԱՐՈՒՍ ՍՈՒՐԵՆ