Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 25)
Սկիզբը՝ նախորդիվ
Վիպակ
25.
Գոհ եմ, սրտիցս ասես մի ծանր քար ընկավ ու գլորվեց, անհետացավ: Այդուհանդերձ դեռ կան ու ամբողջ թափով գործում են երկիրը քանդող ՀԿ-ները, նրանց թիվն անցնում է մի քանի հարյուրից, մասնաճյուղերը թափանցել են բոլոր քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ Արցախ: Աղանդավորներն իրենց զգում են՝ ինչպես ձուկը ջրում: Որոշեցի նախ զրուցել նախագահի գաղափարական գծով խորհրդականի հետ, նրան նախկինում հանդիպելու, հացեր քննարկելու առիթներ են եղել:
— Տիկին Անդրանիկյա՞ն, համեցեք, համեցեք, զարմացած եմ, որ կենսաթոշակի եք անցել, մի՞թե դրա ժամանակն էր, դուք այնքան պետք էիք մեր պետությանը: Հիմա էլ ձեր հրապարակումներն եմ կարդում, ընդունեցեք հիացմունքս և խրախույսս:
Համա թե ճամարտակում է:
— Հարգելիս, եթե մտքիդ կա պետությանը կամ թեկուզ մեկ մարդու օգտակար լինել՝ կարգավիճակը չի խանգարի:
— Իհարկե, անշուշտ, լիովին համաձայն եմ:
— Դե ուրեմն լսեցեք…
Բարեկիրթ, լավ դաստիարակություն ստացած մարդ է, ուշադիր պաշտոնյա, ուշիուշով լսեց, հավանության բացականչությունները՝ միանգամայն տեղին:
— Պետությունն ի՞նչ է մտադրվում անել կործանման այդ դռները փակելու համար,- հարցրի, երբ նա կարծելով, թե դեռ փաստեր եմ ներկայացնում՝ լռել էր:
— Շատ սիրելի, թանկագին տիկին Անդրանիկյան, ինչպե՞ս թե ինչ է մտադրվում անել, մենք նախագահի և կառավարության մակարդակով այդ ամենի վրա ազդելու բազմաթիվ լծակներ ունենք, ինչը և գործադրում ենք:
— Իսկ արդյունք կա՞, ոչնչից չի երևում, թե նրանք կաշկանդվածություն են զգում, հակառակը, ամբողջ եռանդով աշխատում են, փող ու միջոց չեն խնայում… Վաղը մենք հայտնվելու ենք կոտրած տաշտակի առաջ: Մենք ասելով նկատի ունեմ մեր պետությունը, այդ կազմակերպությունները մեր երկրում տրոյական ձիու դեր են կատարում: Ձի էլ չեն, մի ամբողջ երամակ են, մի՞թե դուք նրանց վրինջը չեք լսում;
— Իհարկե, լսում ենք, բայց նկատի ունեցեք խոսքի ազատության պահանջները, մենք չենք կարող համաշխարհային կենտրոններին դեմ գնալ, ահռելի ճնշում կա, դեսպանատներ կան, մեզ կվարկաբեկեն, բռնապետության պիտակ կկպցնեն, ի վերջո կզրկեն վարկերից ու այլ աջակցություններից:
— Եթե անգամ այդ ՀԿ-ները բացահայտ պատերազմ են հայտարարում մեր պետության լինելիությա՞նը:
— Դե, դա արդեն չափազանցություն է, Հայաստանը եղել է, կա ու կլինի:
— Կա իր մեկ տասներեքերորդ մասով, կլինի… ո՞ր մասով:
— Արցախը չմոռանաք:
— Հարկավ՝ Արցախը, իսկ գիտե՞ք, որ այդ ֆեմինիստներն ու աղանդավորներն այնտեղ էլ են ոտքի տեղ արել:
— Ամեն ինչ կկարգավորվի, անհոգ եղեք:
Հոգսերով գնացել էի, անհո՜գ վերադարձա: Եթե իշխանության կազմում սրա նման թեկուզ հինգ պաշտոնյա էլ լինի՝ վայ մեզ:
Ոտքս մի մեծ քարի դեմ առավ, բարեբախտաբար եռանդս դրանից չտուժեց՝ ես կհանդիպեմ իրենց ազգային համարող առանցքային կուսակցությունների նախագահների հետ, կզրուցեմ, փաստեր կներկայացնեմ, թող իրենց միջոցներով պայքարեն երկիր ներխուժող փոթորկի դեմ: Պատրաստ եմ օգնել հավաքածս նյութերով ու մասնագիտական խորհուրդներով: Դա պատկերացնում էի թերթային հոդվածների, հեռուստատեսային հաղորդումների, դասախոսությունների, հանրային միջոցառումների տեսքով: Մարդիկ պետք է հասկանան, որ մի քանի դոլարով չի կարելի սեփական հոգին վաճառել: Չայած խոսակցություններ կան, որ խոսքն ամենևին չնչին գումարների մասին չէ, դրանք հասնում են տասնյակ հազարների ու ավելիի:
Կուսակցություններից միայն մեկի նախագահն ասածս լուրջ ընդունեց, տեղեկացրեց, որ իրենց լրատվական հարթակներից խնդիրն ուշադրության սևեռակետում են պահում, ցավոք, իշխանական լծակներ չունեն, որպեսզի այդ ամենը կանխեն:
— Թե չէ իշխանությունները շատ են կանխում…
— Եթե մենք գանք իշխանության՝ կկանխենք:
— Եթե գաք, եթե թույլ տան…
Ինչևէ, ընկերը մի քանի պատասխանատու աշխատակիցների կանչեց, անելիքների մի համառոտ ծրագիր կազմեցինք, թե անձամբ ես ինչ կարող եմ անել հակագլոբալիստական քարոզչությունն ավելի արդյունավետ դարձնելու համար: Հոդվածները, որ ես գրում եմ Դիմագրքի իմ էջի համար, նախ կհրապարակվեն կուսակցական կենտրոնական թերթում:
Ստացվում է, որ խառնվում եմ քաղաքականությանը՝ լինելով բացարձակապես ապաքաղաքական մարդ: Եթե դա է պահանջում իմ պետության շահը, իմ ժողովրդի նկարագիրն անխաթար պահելու պահանջը, ի՛նչ կա որ, ես պատրաստ եմ փոթորկի մեջ նետվել:
Սա ամենևին վերամբարձ արտահայտություն չէ, հենց այն է, ինչը խտացնում է կյանքիս փորձը, հանուն ինչի բարեկեցությունը փոխարինել եմ անլուր չքավորությամբ, լայն շրջապատը՝ միայնությամբ, մայրական սերը՝ տառապանքով:
Ի՜նչ ծիծաղելի մտքեր… Ումի՞ց եք թաքնվում, տիկին, այս ի՞նչ նոր քղամիդ եք հյուսել ձեր անկարողությունը, ապաշնորհությունը արդարացումներով հանդերձավորելու համար:
Օ՜, նիրհած դատավորներս արթնացել են: Մեկը բղավեց՝ դե, հիմա ականջներդ սրիր. Մառային լավ ես հիշում, արդյոք նրա համարձակության մի ծեղն ունե՞ս, նրա նպատակասլացությունից մի պճեղ ունե՞ս… Տես, թե նա կյանքի որ բարձունքին է հասել ու դու որ ստորոտի որ խորշում ես մնացել: Կանացի հպարտությո՜ւն, պարկեշտությո՜ւն, հեղինակությո՜ւն… Փոխարենն ի՞նչ ես ստացել, պարգևատրող եղե՞լ է, հենց սեփական ընտանիքում մի փաղաքուշ խոսք, մի շնորհակալություն լսած կա՞ս…
Սսկվեցեք, պապանձվեցեք: Լաչառ հավատաքննիչներին դրսում թողեցի, մտա տուն:
Շարունակելի