Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 23)
Սկիզբը՝ նախորդիվ
Վիպակ
23.
Երեկ կեսօրին զրուցարանով անծանոթ կնոջից նամակ ստացա, խնդրում է հանդիպել, առաջարկ ունի, առնչվում է մասնագիտությանս: Օտարատառ մի կազմակերպության ղեկավար է, որքան անգլերենս հերիքեց՝ խորհրդանշանից հասկացա, որ գործ ունեն ընտանեկան բռնությունից տուժած կանանց հետ: Իմ հետաքրքությունների շրջանակում է, ժամ նշեցի, կգնամ:
Երբ քեզ ընդունում են ընդգծված սիրալիրությամբ, խոսում են մամուլի շինծու լեզվով ու շուտ-շուտ մեջբերումներ անում միջազգային տարբեր համաձայնագրերից՝ հաստատ նպատակները բարի չէ: Միամիտների համար դա համեղ խայծ է, ես քողի տակ իսկույն
մութ բան նշմարեցի: Կարճ խուզած շիկավուն մազերով, ավելի շատ գերմանուհու, քան հայուհու նման տնօրինուհին զգայացունց պատմություններ արեց հայ կանանց ողբալի վիճակի մասին, աչքերը լցվեցին, հուզվեց, մի քանի հատիկ արցունքը երեսից խնամքով սրբեց, աղաչական հայացքով նայեց ինձ.
— Տիկին Սուսաննա, այդ կանանց հետ հարկավոր է հոգեբանական լուրջ աշխատանք տանել, որպեսզի վերադառնան բնականոն կյանքին: Մենք իհարկե ունենք մասնագետներ, բայց նրանցից ոչ մեկը գիտական աստիճան չունի և այնքան մեծ փորձ չունի, որը դուք ձեռք եք բերել Սոցապ նախարարությունում աշխատելու երկար տարիներին: Համագործակցության պայմաններն այսպիսին են, ես հիմա ձեզ կանխավճար կտամ, կկնքենք պայմանագիր կամ կարող ենք որպես դրամաշնորհ ձևակերպել, դա ավելի մեծ գումար է, նշանակալի՛:
Անմիջապես առարկեցի, դուր չի գալիս ինձ այս տիկինը:
— Ոչ, մենք որևէ մեկին չենք կարող շահագործել, աշխատանքն անպայման պետք է գնահատվի և վարձատրվի: Մանավանդ տեղյակ եմ, որ դուք հիմա չեք աշխատում, կենսաթոշակն է ձեր վաստակը:
Ակնարկն ավելի քան թափանցիկ է, կարողացա դեմքս կնճռոտած տհաճությունը ժպիտով քողարկել, դա էլ իմ զենքն է:
— Եկեք այդ մասին խոսենք մեկ ամիս անց, երբ որևէ արդյունք կգրանցվի:
— Ես առաջարկեցի, դուք գիտեք: Շատ լավ, հենց վաղը մենք կգնանք կենտրոն, կծանոթանաք այդ դժբախտ կանանց հետ: Ահավոր է, ահավոր է նրանց վիճակը, հայ տղամարդիկ այլևս գազանից չեն տարբերվում, չեն ուզում աշխատել, բայց կանանց ծեծելիս առյուծ են կտրում: Հարկավոր փրկել այդ խեղճերին:
Լրագրող լինեի՝ տիկնոջ ամեն բառին կհավատայի ու հետը ողբ կանեի, մինչդեռ ես փորձված գայլ եմ այն ոլորտում, որի ուսումնասիրության առարկան հոգին է:
Կենտրոն կոչվածում եմ: Ավելի հանրակացարանի է նման՝ առանձին համարներ՝ փոքր, ժամանակակից հեռուստացույցներով, ճաշարան, ընթերցարան հիշեցնող ընդարձակ սրահ, բոլոր սեղաններին՝ գրքույկներ ու ամսագրեր: Տիկին տնօրենը բազմազբաղության պատճառով ինձ չուղեկցեց, մի ջահել, ակնոցավոր, լրջադեմ աղջկա հետ եմ եկել: Տարածքին ծանոթանալուց հետո նա առաջարկեց առանձին համարներ մտնել, համար էլ ասաց, ճիշտ էի գուշակել:
Աղջիկն առանց դուռը բախելու մտավ միջանցքի ամենածայրի սենյակ, ինձ էլ հետևից ներս տարավ: Չտես չեմ, արտասահմանյան ֆիլմերից այդպիսի տեսարանների ծանոթ եմ՝ թափթփված մահճակալներին փռված երկու թմբլիկ կանայք, մեկը շեկացրած, գզգզված մազերով, մյուսը գլուխը գույնզգույն ներկած, սեղանին ուտելիքի կռճոնների մեջտեղում գինու կիսատ շիշ, մի քանի կեղտոտ բաժակ ու սուրճի անլվա գավաթներ: Լուսամուտի մոտ փոքր բազմոց է իր երկու բազկաթոռներով, բոլորի վրա խառնիխուռն շորեր են ընկած: Պատին հարմարեցված հեռուստացույցից ինչ-որ ծեսի ձայներ են լսվում, կարծես մի հեռավոր երկրում բացօթյա ժողով է:
Աղջկան տեսան, թե չէ, կանայք տեղներն զգաստ նստեցին, մազերը ձեռքերով ուղղեցին, համեստորեն ժպտացին: Ինձ ուշ նկատեցին, երբ աղջիկն ասաց.
— Տիկինը մեր հոգեբանն է, ձեզ հետ պետք է զրուցի:
— Հա, բա ոնց,- անմիջապես արձագանքեց դեղնամազը, 45-50 տարեկան հաստլիկ կին, «տիգրովկան» հագին,- համեցեք, նստեք:
Գույնզգույնը, գրեթե նույն տարիքին, վեր թռավ աթոռ առաջարկեց, բավական գեղեցիկ, հարմարավետ աթոռ: Մյուսն արագ-արագ սեղանը հավաքեց:
— Սուրճ կուզե՞ք,- հարցրեց:
— Կարելի է, առանց սուրճի ի՞նչ զրույց, մանավանդ եթե հայուհի ենք:
Աղջիկն ասաց, որ տնօրենի հետ գործ ունի, կես ժամ կբացակայի: Գնաց: Սուրճից մի կում արեցի ու գավաթը դրեցի սեղանին: Նախ՝ պրոֆեսորս արգելել է այդ ըմպելիքը չարաշահել, հետո՝ կանայք վանում էին, առաջին տպավորությունս թեական էր:
— Ծանոթանանք, աղջիկներ, ես Սուսաննա Անդրանիկյանն եմ, արդեն չեմ աշխատում, կենսաթոշակառու եմ, բայց շարունակում եմ մնալ հոգեբան: Ձեր մասին պատմեք:
Աղջիկներ բառի վրա երկուսով ծիծաղեցին:
— Մեր միջև շատ տարիներ կան, դուք ինձ համար դուստր եք, հարս եք,- բացատրեցի՝ որքան կարող եմ սիրալիր:
— Ես Ամալյան եմ,- ներկայացավ դեղնամազը:
— Սյուզի:
— Վաղո՞ւց եք կենտրոնում, երևում է՝ հասցրել եք մտերմանալ:
Իրար ընդմիջելով պատմեցին, որ երկու ամիս կլինի, սա ուղղակի փրկություն է, եթե այս բարի կանայք իրենց չբերեին՝ ընտանեկան բռնության զոհ կդառնային: Խոսում են ինձ արդեն ծանոթ բառերով, նույնիսկ դրանք արտասանելու ձևն է ծանոթ, նախորդ օրվա հանդիպումից:
— Մինչև պատճառների մասին խոսելը խնդրում եմ ասեք, թե այս երկու ամիսն ինչո՞վ էիք զբաղված, ընտանիքի հետ ոչ մի կապ չունե՞ք:
Իրոք, ինձ առաջին հերթին դա է հետաքրքրում, հո 60 օրը սուրճ խմելով չե՞ն անցկացրել:
— Էստեղ շատ հետաքրքություններ կան, դասախոսություններ ենք լսում, ֆիլմեր ենք քննարկում, բանավեճեր:
— Չե՞ք աշխատում:
— Առայժմ չէ, բայց խոստացել են, որ անպայման գործ կտան:
— Ձեզ գործն է հետաքրքում, ոչ թե ընտանիքը, երեխանե՞րը…
Այստեղից սկիզբ առան իրական, դաժան ու զզվելի պատմությունները: Նկարագրում են շատ կենդանի պատկերներով, ահա տեսնում եմ:
— Ամալիկ, որ կովը կթես պրծնես, մի հատ Մարջիկի խանութ կմտնես, մի կիլո սոխ, էրկու կիլո լոբի, մի հատ ձեթ կբերես:
— Էդ խի՞ ես պիտի կովը կթեմ, մատներիս ալերգիան էլի բռնելա, դու կթիր, ես խանութ կգնամ:
— Աղջի, էդ ալերգիադ հորդ տանը չէր բռնո՞ւմ, մեր կովը քեզ վարակե՞ց: Հակոբ, մի հլա արի, լաչառդ էլի կատաղել ա…
— Ամալիկ, աչքիցս կորի, թե չէ…
Ճվճվոց, հայհոյանք, քաշքշոց…
— Սյուզի, մազերդ էլի ներկել ե՞ս, քեզ քանի՞ անգամ եմ ասել, էդ զիբիլը գլխիդ չքսես:
— Ինչի՞ չներկեմ, սենց ավելի սիրուն ա:
— Ո՞ւմ համար ա սիրուն, էդ ո՞ւմ ես ուզում դուր գաս, ո՞ւմ համար ես սիրունանում:
— Պարզ չի՞, շրջապատիս համար:
— Հիմի քեզ համար շրջապատդ ա կարևո՞ր, թե հարազատ մարդդ:
— Մի մարդ էլ ըլնես, իսկի ամիսը մեկ խորոված չես կարում…
Ճվճվոց, հայհոյանք ու շրա՛խկ…
Խնդրեմ, ընտանեկան բռնության երկու դեպք պատրաստ են, Ամալյան ու Սյուզին դիմում են իրենց գյուղ այցելած բարի մարդկանց, լաց են լինում, բողոքում, որ իրենց կանացի իրավունքներն անխղճաբար ոտնահարվում են, նրանք էլ, փառք Հիսուսին, իրենց փրկեցին, բերեցին էս լավ տեղը:
— Քանի՞ երեխա ունեք:
— Երեքը,- ասում է Ամալյան,- էդ որ հաստատ՝ հորս տանից չեմ բերել:
— Երկուսն ունեմ, աղջիկ ու տղա:
— Նրանց ո՞ւմ խնամքին եք թողել, հիվանդանալ կա, դասեր…
Երեսները շրջեցին, հասցրել էին մոռանալ մայրության, կանացի պարտականությունների մասին: Ոչ թե ցանկացա ազդել նրանց բթացած զգացմունքների վրա, այլ հետաքրքիր էր լսել պատճառաբանությունները, հարցրի.
— Երբ հոր տանն էիք, չգիտեի՞ք, որ ամուսնությունը ենթադրում է ամուսնական պարտականություններ, երեխաներ, տան գործ, սկեսուր…
Ամալյան բռնկվեց.
— Չէ, չգիտեի, ես հավատացի նշանածիս երդումներին, ասում էր, որ ինձ ձեռքերի վրա կպահի, հետո ամեն ինչ բարձեց իմ ուսերին, ինքը իբր թե աշխատում ա, փող ա բերում:
— Չէ՞ր բերում;
— Մե՞ջն ինչ կար, մի կողմից սկեսուրս, մի կողմից էրեխեքի հոգսերը, տանջամահ արեցին դրանք ինձ իրանց պարտականություններով:
— Երեխաներին չե՞ք սիրում:
— Սերս ո՞րն ա, ինչ պետք էր՝ անում էի, բայց գնահատող չկար, մենակ դասատուների բողոքները, թե դասերը չեն սովորում, անկարգ են, մաքուր չեն հագնվում:
Սյուզին կապույտ սկահակի մեջ մրգեր էր շարում, ձեռքի նարինջը խփեց սեղանին.
— Մեր հայ տղամարդիկ հետամնաց են, բռի, աշխարհից բան չեն հասկանում: Օրինակ ինչի՞ պիտի ես սաղ օրը տուն մաքրեմ, ճաշ եփեմ, մի անգամ դիսկոտեկ կամ համերգ չգնամ: Ես իրա սեփականությունը չեմ, ուզում եմ լիարժեք ապրել, բայց չէ, չորս պատերի մեջ բանտարկվի, թե ինչ է՝ ամուսին կոչվածը դա ա ուզում…
Լսում եմ իրար նման այս պատմությունները, դիտում խոսողների արտաքինը, խոսելաձևը ու պատկերացնում նրանց ջահելությունը: Պայծառ երազանքներով ներշնչված գյուղական թռվռուն աղջիկներ, որոնց երազանքները լեփլեցուն են նայած ֆիլմերի ու կարդացած հեքիաթների պատկերներով, սրանից-նրանից լսած սիրուն հորինվածքներով: Կողքներին չի եղել մի իմաստուն հայ տատիկ, մի լավ ուսուցչուհի կամ թեկուզ հարևանուհի, որ խրատի, բացատրի, թե ինչ են պատասխանատվությունը, ներողամտությունը, համբերությունը:
Մեկը լիներ, որ ասեր, ջահելներ ջան, դուք երեխաներ եք դաստիարակելու, բայց իմացեք, առաջինը պետք է ձեր ամուսիններին դաստիարակեք, նրանք էլ մեծ երեխաներ են, երկնքից իջած ամենազոր աստվածներ չենք, որ ձեզ աստվածուհու կյանք նվիրեն: Նրանց պետք է սովորեցնեք ու հետները լուծ քաշեք հանուն ձեր երեխաների, հարազատների, հենց որ լուծը բաց թողեք՝ կընկնեք անառակության ճահիճը, ձեզ էլ ոչ մեկը չի հարգի, չի աջակցի…. Չի եղել այդ մեկը առնվազն այս երկու ներկվածների համար:
Նենգ հարց տվեցի.
— Ձեզ մոտ տղամարդիկ գալի՞ս են:
Շփոթվեցին, իրար նայեցին, երևի հանձնարարված է դրա մասին լռել: Համառորեն մեկ Ամալյային, մեկ Սյուզզին եմ նայում: Սյուզին ավելի համարձակ եղավ.
— Իրենք չեն գալիս, մենք ենք գնում:
Սեղանի մոտ են նստած, Ամալյան ընկերուհու արմունկին խփեց:
— Հա, ի՞նչ, մենք խոսում ենք Հիսուսի մասին, ավետարան ենք կարդում, հետո գնում ենք…
— Օֆ, Սյուզի, լեզվիդ ես տալիս:
Սկսեցին վիճել: Երկու կործանված կին, որոնք կարող էին պարկեշտ կյանքով ապրել, յուրովի երջանիկ լինել, բայց ահա ընկել են ինչ-որ ցանցի մեջ: Ես պետք է այդ ցանցը քանդեմ, մեր երկրում մեր աչքի առաջ հայ կանանց դարձնում են անառակ ու աղանդավոր: Փողով է արվում, հենց սկզբից զգացի կանանց հագուստից, կահավորանքից, սենյակի բարվոք տեսքից, որը բնակիչները քիչ է մնում խոզանոց դարձնեն: Անառակության իսկական որջ, ու դրանցով լիքն է այս ամբողջ կենտրոն կոչվածը: Ընտանեկան բռնություն, չէ մի չէ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար:
Նստած փորձում եմ հասկանալ, թե խուզած գլխով տնօրենն ինձ ինչու է ուղարկել այստեղ, չէ՞ որ ճշմարտությունն իմանալու համար մեծ խելք ու փորձառություն պետք չեն: Կարծես թե գլխի ընկա՝ նրանք ուզում են ինչպես այս խեղճ կանանց՝ ինձ էլ իրենց ցանցը գցել, փողով գայթակղել ու օգտագործել իրենց անմաքուր նպատակների համար: Նպատակն է, որ դեռ չեմ կարողանում կռահել: Մի՞թե ընդամենն իրենց գլոբալիստական սովորույթները մեր երկրում տարածելը: Դրանից իրենց օգուտը ո՞րն է: Ես դա պետք է պարզեմ:
Դուրս գալուց առաջ Ամալյային ու Սյուզիին խնդրեցի.
— Աղջիկներ, ով ուզում է լինի, ինչ հանգամանքներ լինեն՝ ձեր անձնագրերը երբեք որևէ մեկին չտաք: Ես սա ձեզ խորհրդի համար չեմ ասում, այլ որպես ձեր ավագ ընկերուհի: Շատերին տանում են Թուրքիա կամ Էմիրություններ ու սեռական շահագործման հանձնում, զգույշ կլինեք:
Երկուսն էլ բազմագույն գլուխները եռանդով թափահարեցին: Ես համոզված չեմ, որ այս հասարակաց տան ճաշարանում կանանց սեռագրգիռ նյութեր խառնած կերակուրներ չեն տալիս, առայժմ դա միայն ենթադրություն է: Ակնոցով լրջուհին եկավ, ինձ ուղեկցեց այլ համարներ:
Համանման պատմություններն սկսեցին սրտխառնուք առաջացնել՝ 21-րդ դարում հայուհիների համար ընտանիքը բեռ է, ամուսինները ավելորդություն, չեն ուզում աշխատել, ուզում են միայն վայելել, նրանց պետք է քաղցրիկ կյանք:
Շարունակելի