Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 21)
Սկիզբը՝ նախորդիվ
Վիպակ
21.
…Մշուշն սկզբում ճերմակ էր, հիմա՝ մոխրագույն, արդեն՝ կապույտ: Երկինքն է բացվում, արև է…
— Տատիկ, բեդաղե՛ղ եմ ուզում:
Թոռնուհուս ձայնից վեր թռա.
— Հիմա, արևս, ձուն սառնարանից բերեմ…
Ձվածեղին է բեդաղեղ ասում, ամեն անգամ ծիծաղում եմ ու թշիկը կճմտում: Չկարողացա շարժվել, ոտքերս չենթարկվեցին:
Խառնիխուռն ձայներ եմ լսում.
— Բժշկին կանչեք, շուտ, ճնշումը, սիրտը, շնչադիմակը հանեք, կաթիլայինն անջատեք…
— Տիկին, ձեզ լա՞վ եք զգում,- հարցրեց կապույտ հագած մի տարեց տղամարդ, լիովին անծանոթ, երևի մեր թաղում նոր բնակիչ է: Խոնարհվել է վրաս, թե ինչո՞ւ՝ չեմ հասկանում:
— Այո, մշուշը ցրվեց, միայն չեմ կարողանում շարժվել:
— Ոչինչ, դա շուտով կանցնի, դուք երեք օր կոմայի մեջ եք եղել, կլինիկական մահ եք տարել, փառք Աստծո, ձեր օրգանիզմը հաղթեց, արագ կապաքինվեք:
— Մամա, մամ ջան…
Տղաներս՝ Տիրանս ու Գոռս, հիվանդասենյակ ընկան, թոռնիկներս նրանց հետևից, քույրս եկավ, Ավետը… Ուրեմն երեք օրում ես իմ ամբողջ կյանքն եմ վերապրել: Դա անպայման նրա հետևանքն է, որ չափից ավելի նշանակությունն եմ տալիս կյանքիս ամեն մանրուքին, չափազանցում եմ մայրական սերը, ուզում եմ վերև թռչել այն հասարակ, բնական, աստվածատուր երևույթից, որ կոչվում է հոգի: Սխալվել եմ, այսուհետ ճիշտ կապրեմ:
Ճիշտ ապրելու համար ամեն բանից առաջ պետք է դադարեցնել առավոտյան զբոսանքները, նստել պատշգամբում, դրսի օդը շնչել ու պարզ վարժություններ անել: Ես ինչպե՞ս կհամարձակվեմ պարոնայք պրոֆեսորներին հակառակվել, բազում խորհուրդներ շալակած տուն եկա: Այդպես էլ չսովորեցի ասել մեր տուն, այն՝ մերը, մնաց մայրաքաղաքում, նա չլիներ՝ հազարումի հոգս հօդս չէր ցնդի, վաճառեցինք, այս փոքրիկ քաղաքում ավելի էժանը գնեցինք: Նեղվածք է, ներկաթափ, հնադարյան պատերով, փոխարենը առավելություններ ունի՝ գազ, մշտական ջուր, բաքսի: Էլի լվացքի մեքենա չունեմ, տան ամբողջ եղած-չեղածը ձեռքով եմ լվանում:
Չնայած առտնին գործերն ինձ համար անվախճան են՝ ազատ ժամանակս ծով է: Այո, կյանքիս գրքերը վերընթերցելու ժամանակն է: Դա էլ երկար չշարունակվեց, ակնոցս հին է, ծանր շրջանակով, անընդհատ սահում է քթիս ու ճնշում, մնացի հեռուստացույցի հույսին, դա էլ Ավետը սեփականաշնորհել է, կարող եմ միայն ֆուտբոլ ու թենիս նայել, երբեմն՝ լուրերի թողարկում կամ մի սարսափ ֆիլմ: Ալիք փոխելը նրա արտոնությունն է, վեճերից խուսափելու համար հարմարվում եմ բոլոր եսամոլական պահանջներին; Մանավանդ որ վերջերս ջղային նոպաներ է ունենում, հետը չես խոսում՝ արձանի նման նստում է, մի ձայն հանես՝ գոռում է: Նոր երևույթ է, վախենում եմ տղաներիս հետ քննարկել, ինչպես երբեք չեմ քննարկել կյանքիս մնացած տանջանքները:
Մտածում եմ՝ ահա ես գնացի այն աշխարհ ու հետ եկա: Ինչո՞ւ եկա, այս իմ տկար մարմնով պիտի որ գնացողներից արտոնյալ չլինեի, սա ի՞նչ հրաշք է: Ուրեմն չեմ եկել, բերել են, ո՞վ: Իհարկե, նա՝ Բարձրյալը: Նա ինձնից էլ լավ գիտի, որ այս աշխարհում, այս կյանքում ես կիսատ գործ եմ թողել, ոչ միան որդիներիս ու թոռներիս, ովքեր, արդարադատ լինենք, արդեն իմ կարիքը չունեն: Պետք է աշխատությունս շարունակեմ՝ ահա թե որն է վերակենդանանալուս պայմանը:
Համակարգիչս բացեցի, գտա նախարարությունում արած նշումներս: Նշումնե՜ր, դրանք հարյուրավոր մարդկանց հետ իմ զրույյցների, խորհուրդների, վերլուծությունների շարադրանքներն են, այնքան ծավալուն ու խառնիճաղանջ՝ սատանան էլ գլուխ չի հանի: Բայց քանի որ ինձ զգում եմ ամենազոր՝ սկսում եմ: Աննա Թորոսյանի հետ վաղուց հեռախոսով չեմ խոսել, հիմա կզանգեմ, կտեղեկացնեմ, որ իրեն երկար չեմ սպասեցնելու, մի քանի ամսվա աշխատանք, ու նա կարող է գիրքս հրատարակել: Այնքան հաճելի է այդ սպասումը, հիմա հայտնի տիկնոջն էլ կուրախացնեմ:
Ավաղ, հեռախոսը ձեռքիցս ընկավ, հեռուստատեսային հիմնական ալիքով գուժեցին նրա եղերական մահվան բոթը… վթար, Հայաստան-Վրաստան սահմանին, միանգամայն անվտանգ ճանապարհին: Եվ ինչո՞ւ ինձ հանեցիք մշուշից, եկա, որ ի՞նչ անեմ…
Ի՞նչ անեմ… Ես ուզում էի գրքում մարդկանց հետ անկեղծորեն զրուցել, նրանց հորդորել, որպեսզի իրենց հոգու պաշտպանը լինեն, ոչ մեկին թույլ չտան այնտեղ ներխուժել, դա ավերմունքի դուռ է, դա կործանում է: Ուզում էի նրանց սվորեցնել ամուր լինելու և չարին դիմադրելու միջոցները, իսկ հիմա… Աննա Թորոսյանի նման գիտնականը, հայրենասեր հայուհին, հազարավորներին մտքի թևեր պարգևողը չկա… Չեմ զարմանա, եթե վաղը լսեմ, որ վթարն ամենևին էլ պատահական չի եղել:
Շարունակելի