Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 16)
Սկիզբը՝ նախորդիվ
Վիպակ
16.
Տես, որ աշխարհը մուկը չի կերել՝ նոր աշխատանք գտա, այն էլ ում շնորհիվ՝ դասընկերուհի Մառայի: Նա հիմա կոչվում է Մարինե, երկրորդ ամուսնու տուն է վերադարձել, երկու աղջիկ է մեծացնում: Փողոցում հանդիպեցինք, նա ինձ մեքենայից էր տեսել ու իջել: Անհարմար զգացի հնամաշ հագուստիս, անխնամ տեսքիս պատճառով, ո՞վ է դրանց համար ժամանակ գտնում, մեկ էլ… փող: Մարինեի հոգը չէ.
— Գիտե՞ս քեզ ինչքան եմ փնտրել: Համալսարանում ոչ մեկը տեղդ չգիտեր, ասում էին մի պրոֆեսոր կարող էր օգնել, նա էլ վախճանվել է:
— Պրոֆեսոր Բալայա՞նը, չի կարող պատահել:
— Ինչի՞ չի կարող, հիմի մահն ամենատարածված ապրանքն է: Ի դեպ. նա ամուսնուս հեռավոր բարեկամն էր, դե, տղան Արցախում զոհվեց, սիրտը չդիմացավ: Աստված հոգին լուսավորի:
— Այո, լույսերով ողողված…
— Դե ի՞նչ դարդոտեցիր, արդեն բիձա ծերուկ էր…
— Դիսերտացիայիս ղեկավարն էր, իրենից շատ բան եմ սովորել:
— Մե՞ջն ինչ կա, թողել ես, չէ՞, հոգեբանությունը:
— Հոգին թողնե՞լ կլինի, Մառա:
— Մա-րի-նե, սենց ավելի սիրուն չի՞:
— Հայկական է: Ի դեպ, հասցես ծնողներիցս կարող էիր իմանալ:
— Ես շրջան չեմ գնում, ոչ մեկի հետ կապ չունեմ, առաջին ամուսնուս ծնողների պատճառով, ինձ պերսոնա նոն գրատա են հայտարարել:
Ծիծաղեցինք, ես՝ չեմ հիշում որ օրվանից ի վեր առաջին անգամ:
— Ես քեզ ինչո՞ւ եմ պետք եկել, Մարինե ջան:
— Սուս, դա երկար պատմություն է, կգա՞ս վաղը քեզ մեր դաչա տանեմ, երկուսով կլինենք, հանգիստ կզրուցենք:
Կյանքիս մեջ ոչ մեկի դաչայում չէի եղել, իսկի չգիտեի՝ ինչ բան է, բացի նրանից, որ հայերեն անունն ամառանոց է: Համաձանեցի: Այդ օրն իմ կյանքը երկու ուղղությամբ շրջափոխվեց:
Մառայի բարեկեցության ապացույցներն աչքիս խփեցին մեքենայից իջնելու առաջին վայրկյանից՝ սիրուն առանձնատուն, սիրուն պարտեզ, դալար բույսերի ու բազմազան ծաղիկների առատություն, բայց՝ ոչ մի վարդ: Հիշաչար Մարինե… Հետո սենյակներում շրջեցինք, տեսա ճոխության բազում փայլատակումներ: Հաճելի միջավայր է, ժպիտով նայում, հիանում եմ, նախանձի ոչ մի ստվեր հոգիս չի պղտորում: Սիրում եմ բարեկեցությունը, ուղղակի նա չի բարեհաճում ինձ այցելել, բայց որ ուրիշներին պարգևատրում է՝ ուրախանում եմ:
Նստեցինք պարտեզի մի անկյունում դեմդիմաց դրված փափուկ բազկաթոռներին, մեջտեղում փոքրիկ սեղան՝ հսկա սկահակի մեջ ծվարած ճերմակ ծաղկեփնջով: Այսպիսի ծաղկաստանում սա ինձ ավելորդություն թվաց, գրեթե՝ մեղք…
— Սիրուն չի՞,- անշշուկ մոտեցած անծանոթ կնոջից մատուցարանն առնելով՝ ծիծաղեց Մարինեն:
— Բարև ձեզ,- դարձա կնոջը,- շնորհակալություն:
Կինը հեռանում էր, զարմացած հետ դարձավ.
— Հազար բարև:
— Սիրուն չի, այլ չքնաղություն,- հայացքով ճանապարհեցի կնոջը, նոր պատասխանեցի:- Մի հարց կա, որ ինձ տանջում է, ծաղիկը պետք է ապրի իր թփին, ծաղկամանը կարծես նրա դամբարանը լինի:
— Ախ, Սուսան, հիմա կապացուցես, որ այս երիցուկները հոգի ունեն, չէ՞:
— Հոգի ունի ամբողջ բնությունը, թանկագինս, միայն պետք է զգալ
— Լավ, ի սեր Աստծո, փիլիսոփայելու հակում չունեմ, ես քեզ կարևոր բան եմ ասելու: Սուրճդ խմիր, դրսում շուտ է սառչում: Սուս, հիշո՞ւմ ես էն ձյունոտ երեկոն, որ ինձ ու Վազգենին ծառի տակ տեսար: Մոռացե՞լ ես, այ քեզ բան:
Ասես գլխիս թեթև առարկայով խփեցին.
— Հիշում եմ, դու նրա վերարկուի ձյունն էիր մաքրում:
— Ինչո՞ւ էի մաքրում, ասե՞մ:
— Պետք չէ, այսքան տարի անցավ, դպրոցական դեպքերը քրքրելը ո՞ւմ է պետք:
— Ի՛նձ է պետք, չես պատկերացնի՝ խիղճս ինչքան է տանջել:
— Իհարկե, բոլոր մարդիկ խիղճ ունեն:
— Խնդրում եմ, առանց մասնագիտական բացատրությունների: Սուս, մեր միջև երբեք ոչինչ չի եղել, քեզ ջղայնացնելու համար ես որոշել էի նրան խելքից հանեմ, համ էլ էնպես, մի քիչ զվարճանամ: Բա, Կռատուկ ջան, Վարդը վրեժխնդիր արարած է: Արարածը ճիշտ ասացի, չէ՞, եթե հոգի ունի՝ արարած է:
— Ճշգրիտ: Բայց խնդրում եմ, մանրամասնություններ պետք չեն, ես հիմա լիքը հոգսեր ունեմ, անցյալում կատարված ամեն ինչ մոռացության գետն եմ լցրել:
— Հո դու մայրական պաթոլոգիա՞ չես:
— Քեզ է՞լ են էդպես ախտորոշել:
— Չէ՛ մի, աղջիկներիս ծնված օրից տատիկներն ու հորքուրներն են պահում, ես նրանց գեղարվեստական ղեկավարն եմ, որպեսզի շատ չլկստվեն, մեկ էլ տեսար՝ թմրամոլ դարձան կամ մի օրենքով գողի հետ փախան, իմ շրջապատում հենց մենակ դրանց նմաններն են:
— Աստված չանի,- սրտանց մաղթեցի այս նոր Մագթաղենացուն:
— Անցանք: Սուս ջան, դու էդ օրը Նորային ասում էիր, որ երեկոյան մորաքրոջդ տուն ես գնալու, ես էլ իմացել էի, որ Վազգենը Երևանից եկել է տատին տեսնելու: Չհարցնես, թե կանացի ինչ հնարքներով նրան կարողացա տեսածդ ծառի տակ կանչել, բայց մեր ամբողջ խոսակցությունը քո մասին էր: Ես չհասցրի մի քիչ նազ թափեմ՝ անմիջապես քո մասին հարցրեց, գլխի ընկա, որ քեզ է սիրում, ամեն ինչ ուզում է իմանալ: Ստորություն արեցի, բամբասեցի քեզնից, իբր ստուգողականներն արտագրում ես, բոլորի հետ կռվում ես, մեծամիտ ես, փնթի ու էդ հալին էլ Սուրոյի հետ պատերի տակ սիլի-բիլի ես անում: Էդ ժամանակ դու փողոցի ծայրին երևացիր, ես էլ ձևացրի, թե նրա հետ գրկախառնված եմ: Քո անցնելուց հետ Վազգենն ասաց՝ ափսոս սպիտակ վարդ: Չիմացա ինչ վարդից էր խոսում, բեմում ես կարմիր էի, անմիջապես թողեց գնաց, դրանից հետո նրան չեմ տեսել: Անկախ ամեն ինչից՝ տանջվում էի: Դե, մի բան ասա, ինձ կներե՞ս:
Մի անգամ Երրորդ մասի խաչմերուկում երթուղայինի դռնից թափով ընկա ասֆալտին, շուրջս մեքենաներ հավաքվեցին, ջղայնացած ազդանշաններ էին տալիս, ես դեռ ցավ չէի զգում՝ աչքերս էի թարթում ու չգիտեի ինչ պիտի անեմ: Մինչև մի վարորդ վազեց եկավ, թևիցս բռնեց, խցկեց նույն երթուղայինի մեջ: Դեռ էլի ցավ չկար, չնայած թևիցս ու ծնկիցս արյուն էր կաթկթում; Այդ վիճակում էի, վարորդի դերը Մարինեն կատարեց, թևս կճմտեց:
— Էյ, ուշքի արի:
— Բան չկա, լավ եմ, մտածում եմ՝ գուցե ասածներիդ մեջ ճիշտ էլ է եղել, կռվարար եմ, փնթի, թեթևամիտ:
Մարինեն վեր կացավ, ուսերս գրկեց.
— Ես գիտեի, որ ռեակցիադ հենց սա կլինի: Հազար անգամ ներողություն եմ խնդրում, դե, ներիր, ներիր:
Նրան թեթևակի մի կողմ հրեցի, ամբողջ մարմնով ձգվեցի, նստարանին հարմար տեղավորվեցի:
— Մտքիցդ հանիր,- ասացի,- մեր միջև ու հատկապես իմ սրտում ոչ մի սեր չի եղել, քեզ գաղտնիք էլ ասեմ՝ ես չգիտեմ դա ինչ է, նրան վերաբերվել եմ՝ ինչպես մյուս հասակակիցներիս, դե, ինչպես լավ տղայի: Հիմա դու ինձ քո մասին պատմիր՝ որտե՞ղ ես աշխատում, ամուսինդ ով է, էս գեղեցկությունը ե՞րբ հասցրիր ստեղծել:
Մարինեն ջղաձիգ նստեց, կիսամերկ ոտքը գցեց մյուս կիսամերկ ոտքին, փեշը ցուցադրեց երկու լիքը ազդր:
— Ես հենց իմ մասին էլ պատմում եմ: Հարգարժան ամուսինս սոցապ փոխնախարար Գնել Պապիկյանն է, լսած կլինես, երկու ոտքը մի փափուջի մեջ դրած ստիպում է, որ տղա բերեմ, ես էլ ճարս ինչ, գործից դուրս եկա, որ հրամանը կատարեմ: Երեք անգամ վիժել եմ, պատկերացնո՞ւմ ես: Գինեկելոգս վերջին անգամ ասաց՝ երևի խղճիդ սարսափելի մեղք կա ծանրացած, թույլ չի տալիս, որ պտուղը հասունանա: Անմիջապես քեզ հիշեցի ու սկսեցի հետքերդ ման գալ: Բախտս բերեց, երեկ հանդիպեցինք: Հիմի ես ի՞նչ անեմ:
— Մարինե, դու ոչ մի մեղք չունես, դու չլինեիր՝ մեկ ուրիշն էր նրա ականջը լցնելու: Ամոթ էն տղամարդուն, ով սերն ու բամբասանքը նույն ուղեղով է կշռում: Ես քեզնից շնորհակալ եմ, ինձ ազատել ես մի անկամ, ինքնասիրահարված երևույթից: Իսկ տղա երեխան աշխատիր մտասևեռում չդարձնել, հենց ավելի թեթև վերաբերվես՝ մարմինդ կլիցքաթափվի ու քեզ մեծ անակնկալ կանի: Սա հոգեբանական փորձված միջոց է, անպայման հետևիր:
— Ցավդ տանեմ…
Մարինեն ոգևորության մեջ ինձ պիտի գրկում խեղդեր, եթե հանկարծ չմտաբերեր.
— Քո վիճակից ասա, ինչո՞վ ես զբաղվում:
— Գեղեցիկ արտահայտված՝ աշխատանքի փնտրտուքով:
— Մասնագիտությունիցդ լրի՞վ ես ձեռ քաշել: Գիտե՞ս ինչի եմ հարցնում, Գնելենց մոտ հոգեբանի հաստիք կա, ասե՞մ քեզ համար:
Կրծքիս տակ ինչ-որ ալեկոծություն սկսվեց, կարծես թե մոռացված ուրախության հետ կապ ունի: Դա ամբողջը չէ, Ավետի մասին կցկտուր տեղեկություն ստանալուց հետո Մարինեն ասաց, որ քեռու տղան Ավանում ուզում է առանձնատուն կառուցել, լավ ճարտարապետ է ման գալիս: Առարկությունս, թե Ավետը անհատական ստեղծագործություններ չունի, անցյալում իր բաժնի հետ է գործեր արել, Մարինեն անէական համարեց.
— Հա, թող մեկ-երկու հոգի էլ հետը բերի: Երկու հարցն էլ համարիր լուծված:
Շարունակելի