Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 12)
Սկիզբը՝ նախորդիվ
Վիպակ
12.
Որոշել էի մայր բուհից վայրկյան առաջ հեռանալ, մի միջադեպ խանգարեց: Բակի ծառախիտ անկյունում ուսանողներիցս երկուսը՝ Շուշանն ու Աշոտը, բարձրաձայն վիճում էին, աղջիկն աչքերն էր սրբում, տղան ջղագրգիռ խոսում էր: Նկատել էի, որ իրար համակրում են, հաճախ են դասերին փսփսում, հետո միասին դուրս են գալիս ինչպես անմեղ սիրահարներ:
Մարդու մասին արտաքինով դատելն իմ մասնագիտությանն անհարիր է, այդուհանդերձ ներքուստ զգում էի, որ իրար չափազանց սազում են՝ հայկականորեն սևահեր, միջահասակ, տղան ավելի բարձր, հետաքրքրությունից բոցկլտացող աչքերով, երկուսն էլ վառվռուն կերպարներ:
Անտարակույս, լավ ընտանիք կլինեն: Բայց որ ամեն ինչ այդքան հեռուն է գնացել… Ինձ տեսնելուն պես Աշոտը շրջվեց, տեսադաշտիցս արագ անհետացավ: Շուշանը ևս ինձ տեսավ, ուզում էր հակառակ ուղղությամբ փախչել, հետևից կանչեցի:
— Ներեցեք, ես պետք է գնամ, չեմ կարող…
— Շուշան, ամեն ինչից երևում է, որ դու հենց հոգեբանի կարիք ունես, արի նստենք, զրուցենք:
— Ոչ, ես լավ եմ, Աշոտի հետ մի քիչ վիճեցինք:
— Դա սովորական վեճ չէր: Ինձ նայիր, պատմիր, մենք գրեթե հասակակիցներ ենք, միմյանց կհասկանանք:
— Չեմ կասկածում, որ կհասկանաք, բայց օգնել չեք կարող:
Ուշադիր նայեցի դեմքին, արտասվաթոր էր, չնայած դրան՝ աչքերում կար այն մեղմիկ ցոլքը, որ հղիության ժամանակ առաջինն է կնոջն այցելում:
— Հղի՞ ես:
Աղջիկը ցնցվեց, փորձեց վեր կենալ, թևից բռնեցի.
— Ի՞նչ խնդիր կա, Աշոտն ստիպում է հղիությունն ընդհատե՞լ:
— Ինչի՞ց իմացաք:
— Քո աչքերից ու նրա նյարդայնությունից:
Թաշկինակը գրպանից դուրս քաշեց, սկսեց հեկեկալ:
— Մենք նշանված չենք, եթե հայրս իմանա՝ ինձ կսպանի, մեր ամբողջ ընտանիքը բարոյականության հիվանդ է, նույնը՝ նրա մայրն ու հորաքույրները:
— Բարոյականությունը լինում է առողջ ու հիվա՞նդ, ես այդ հասկացությունը գիտեմ առանց ածականների:
— Ուրեմն դուք էլ…
Էլի փախչելու փորձ, էլի որսացի նրա ցնցվող թևը:
— Անշուշտ, ես բարոյականության կողմնակից եմ և կարծում եմ, որ աղջկա համար իր պատիվը պահպանելը կարևոր պարտականություն է: Բայց քանի որ դուք իրար սիրում եք ու անպայման ամուսնանալու եք՝ ինչո՞ւ եք խնդիրը ողբերգություն դարձնում:
— Աշոտը համառում է, որ աբորտ անեմ, վախենում է մորից, դուք նրան ճանաչում եք:
— Այո, իհարկե, Ազգանուշ Վարդանյանը, անգլերենի ամբիոնից, ասպիրանտուրայի քննությունս նա է ընդունել: Խիստ կին է, երկաթե լեդի, իսկ կարծում ես, որ թոռնիկին սպանելը նրա սրտո՞վ կլինի:
— Ի՜նչ թոռնիկ, դեռ սաղմ էլ չէ…
— Աշո՞տն է էդպես ասում:
— Նա էլ… ընկեր Անդրանիկյան, դուք ինձ կօգնե՞ք, ես չգիտեմ աբորտի համար ում դիմեմ: Դուք գաղտնապահ եք երևում, ես ձեզ վստահում եմ:
— Կօգնեմ: Առայժմ ձևը չգիտեմ, թող երկու օր մտածեմ, կդիմանա՞ս:
Մտածեց, շրթունքները ծռմռեց, աչքերը աջ, ձախ դարձրեց, գլխով արեց.
— Այո, կդիմանամ:
— Լավ սնվիր, մեղմ երաժշտություն լսիր, շատ զբոսնիր, կանե՞ս:
— Այո: Ոնց եմ ձեզ սիրո՜ւմ…
— Ապագա բալիկիդ սիրիր, հիմա դու նրա միակ պաշտպանն ես:
— Հա՞, ինքը դա զգո՞ւմ է:
— Իհարկե զգում է, նաև հասկանում է:
— Այո, ես կդիմանամ:
Իհարկե կդիմանաս, Շուշան ջան, հանուն երեխայի կինն ինչերի՞ չի դիմանում: Չասացի, արդեն հեռվում էր:
Պարզ է, որ Շուշանի ծնողներին հանդիպելն ավելորդ է, պետք է դիմադրության հաղթահարումն սկսեմ տղայի ընտանիքից ու առաջին հերթին մորից՝ անգլերենի դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Ազգանուշ Վարդանյանից:
Մտքովս մի տարբերակ անցավ՝ ջահելների հետ զագսում գրանցվելու գործողություն ձեռնարկենք ու դեպքը ծնողներին ներկայացնենք որպես անշրջելի իրականություն: Կարծում եմ դավանած բարոյական չափանիշներով գաղտնի, բայց օրինական ամուսնությունն իրենց համար պակաս վիրավորական կլինի, քան ապօրինի հղիությունը: Հատկապես Շուշանի ծնողների համար, գյուղական մանկավարժներ են ու հավանաբար շրջապատի կարծիքը գնահատում են որպես անվիճարկելի արժեք:
Անսպասելիորեն լուծումն ինքն ընդառաջ եկավ: Լսեցի, որ անգլերենի նորաթուխ դասախոս Նունիկ Մարգարյանը, համակուրսեցիս, երեք տարվա ամուսնացած կին, կրկին վիժել է, ամբիոնի տիկնայք ուզում են գնալ հիվանդանոց՝ նրան սրտապնդելու: Սիրտս ցավից ճմլվեց, միացա խմբին: Համալսարանի գլխավոր մուտքից դուրս չեկած, աստիճաններին Ազգանուշ Վարդանյանին տեսանք: Հուզված է, միշտ անհողդողդ կեցվածքում՝ վհատություն ու բողոք, անմիջապես երևաց՝ ճակատագրի դեմ:
— Պատկերցնո՞ւմ եք, Նունիկը չորրորդ անգամ վիժեց: Հիվանդանոցից եմ գալիս, խեղճը չափից դուրս է հուսահատվել, ինքնասպանություն չգործի՝ կզարմանամ: Գնացեք, գնացեք, գուցե մի փոքր սփոփվի:
Ես խմբից առանձնացա, ընկեր Վարդանյանին թևանցուկ արեցի, օգնեցի մարմարակերտ աստիճաններով բարձրանալ: Եվ քայլում է, և հևալով պատմում.
— Իմ կյանքում էլ է նման դժբախտություն պատահել, բժիշկներն ասում էին՝ այլևս երեխա չեմ ունենա, բայց փառք Աստծո, երկու տարի անց Աշոտս ծնվեց: Այլևս երբեք չհղիացա, նա իմ միակն է:
— Ոչինչ, շուտով նա կամուսնանա, տունը բալիկներով կլցվի:- Իբր իմիջիայլոց ավելացրի.- Շուշանը շատ համակրելի աղջիկ է, ձեր ընտանիքում լավ հարս կլինի:
— Այո, իհարկե, սիրելի Սուսաննա, ես հավատում եմ նրա պարկեշտությանը: Գիտե՞ս, ես արդեն ադամանդե մատանի եմ պատրաստել, Կարմիր խնձորը հարսիս մայրիկին կուղարկեմ, ապա կգնամ իմ ձեռքով ադամանդը մատին կդնեմ, շնորհակալություն կհայտնեմ, որ առաքինի դուստր է դաստիարակել: Զարմանո՞ւմ ես, որ ես պրոֆեսոր կին՝ այսքան ավանդապաշտ եմ:
— Եթե ոչ դուք՝ հապա ո՞վ:
Բացահայտորեն շողոքորթում եմ, ի՞նչ արած, ակամա առաքելությունս պետք է ավարտին հասցնեմ: Ձևացրի, թե անմեղ հարց եմ տալիս.
— Իսկ եթե հանկարծ նա էլ վիժի՞…. Ներեցեք, խնդրում եմ, հազար անգամ ներողություն:- Բայց չեմ լռում, դաժանորեն շարունակում եմ:- Մեր ժամանակակից ջահել աղջիկները տեսեք, թե ինչքան կարճ են հագնում, շատերն են մրսում, կանացի օրգանները դրանից հիվանդանում են…
Տիկին պրոֆեսորն իր պատկառելի հասակով աստիճանահարթակին կանգնեց, երկու մատանեզարդ ձեռքերը կարկառեց դեպի առաստաղն ու գոչեց.
— Աստված մի արասցե, Աստված մի արասցե, ես դրան չեմ դիմանա:
Ուսանողները կանգնում՝ զարմացած իրենց սարսափազդու դասախոսի երկրպագությունն են դիտում:
— Եկեք մտնենք բուֆետ, սուրճ խմենք, խնդրում եմ, եկեք գնանք:
Սուրճի գավաթը ձեռքիս էլ, նրան ակնդետ նայելով գաղտնիքը շշնջացի: Ի՞մ, թե ջահելների բախտը բերեց՝ ցունամի չբարձրացավ, իսկ երբ ասացի, որ Աշոտն աղջկան ստիպում է հղիությունն ընդհատել՝ նա խուճապահար տեղից ելավ, զայրացած քայլեց դեպի դասախոսական՝ տղային զանգելու:
Իրիկնադեմին Շուշանն ու Աշոտը եկան հանրակացարան: Երեք օր ժամանակ էին տվել, որ սենյակը հանձնեմ, զույգն ինձ գտավ ճամպրուկներով ու պայուսակներով շրջապատված: Ոգևորությունից իրար ընդմիջելով հրավիրեցին սպասվող հարսանիքին: Անպայման գնալու եմ, մանավանդ որ խոստացան՝ եթե երեխան աղջիկ լինի՝ իմ անունով են կոչելու: Շուշանի մատնեմատին շողում էր մի գեղեցկագույն մատանի… Էհ, ժամանակներ….
Այս ժամանակներն ազատամտական են, հայ օրիորդներն արդեն կուսությունն ու ամոթխածությունն ավելորդ են համարում, արտասահմանյան ֆիլմերի, վեպերի ազդեցությամբ են ապրում, ընտանեկան ավանդույթները նրանց կաշկանդում են: Հակառակն ասողները քիչ են, որ հարսի անարատությունը տվյալ ընտանիքի շարունակության մաքրարյունության գրավականն է և նրա իսկ պատիվը:
Բա՜րձր սարի գագաթից այլասերության հեղեղը հորձանք տալով արտավիժում է մեր աշխարհի վրա, կասեցնող ուժ չկա, արհավիրքը տարածվում է, տարածվում: Այս մտքերս չեն խանգարում, որ հոգուս խորքում երջանկության շող զգամ: Դե, չնայած բարոյական սկզբունքներս զոհաբերեցի՝ մի անուշիկ հայ բալիկի փրկեցի: Ինչ էլ լինի՝ նա սիրո պտուղ է, դա մարդ արարածի ծննդյան համար ամենաերազելին է:
Շարունակելի