ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Երբ դու զգում ես՝ քո մեջ է Աստված
Երբ դու զգում ես՝ քո մեջ է Աստված՝
Ահեղ լռությամբ իր զոհողության,
Ամբողջ աշխարհն ես ուսերիդ առնում,
Ձկան նման լուռ՝ ներսից տապակվում՝
Հզոր արևի ժպտուն աչքերում,
Որպեսզի ներկան դարձնես ապագա,
Որ չմեղադրես իզուր ոչ մեկին՝
Ո՛չ երկրներին և ո՛չ էլ մարդկանց՝
Չտարբերելով ներկա ու նախկին,
Որ դառնաս նորից բանական էակ,
Երբ մեղքդ փնտրի քավության նոխազ…
Ուզում եմ մնալ քեզ հետ միայնակ,
Որ չկարոտեմ, փորձեմ հասկանալ,
Որ դու այլև՜ս իմն ես լիովին…
Ամենադժվար հարցերը նույնիսկ
Այսուհետ պիտի հղեմ ինքս ինձ,
Որ մեղքերիցս ազատագրվեմ,
Վերածնվելով՝ ինքնամաքրվեմ:
Յուրահատուկ է այս աշխարհն այնքա՜ն.
Տալիս եմ հիմա, որ հետո ինձ տան…
Ինձ պետք են գույներ, որպեսզի ապրեմ,
Ինչպես կրակին՝ հագուստն իր կարմիր,
Ճերմակը՝ ձյանը, անգույնն էլ՝ ջրին…
Շարունակում եմ հետևել ձեռքիդ,
Շնչելով բույրդ՝ ինձ քեզ հետ կերտել.
Սիրում եմ ափդ՝ ձիգ պարանոցիդ,
Իսկ ամենից շատ՝ նայել ու տնտղել,
Այնտեղ է ծնվել շնչառությունն իմ,
Որն այրում է քեզ, բայց ինձ մոխրացնում՝
Հոգուդ քարայրի անկյունաքարում,
Որտեղ հևասպառ՝ շունչ ենք արարում
Եվ հոգնությունը ժլատ, անպտուղ՝
Անհագ խմելով լռությամբ մեր տաք
Եվ ընկղմվելով խորքերն անհատակ,
Եվ հենց այնտեղ էլ մի այրոց քեզնից
Եվ եղյամի համ շուրթիս զգացի…
Ամեն ինչ հիմա կարծես աշխարհում
Քո շունչն է առնում, քո շուրջը՝ դառնում,
Սկսվում՝ քեզնից, քեզնով՝ ավարտվում…
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ