Հասմիկ Սարգսյան. Ժամը եկել է գրառել դարձյալ տեղանունները ՝ մանր շարվածքով
Ժամը եկել է գրառել դարձյալ տեղանունները ՝ մանր շարվածքով,
Հայկական գրով և թարգմանաբար, ծանուցումներով և մանվածապատ,
Անվանումների տարբերակներով, տեղը նշելով՝ ճիշտ չափագրված,
Թե ո՛վ է հիմնել, ե՛րբ են ավերել, ովքեր դավեցին, ո՛վ եղավ պաշտպան,
Քանի շունչ ուներ, քանի՛ գերդաստան, ի՛նչ մշակություն, արհեստներ ու բանք,
Մոտակա ի՞նչ վանք ուսուցչանոց էր, ի՞նչ կգրչեին այրեր ճգնակյաց,
Ո՞ր քարայրներում թաղվեցին անշուք և չխնկարկված ոսկերքը նրանց։
Մանրամասնելով գրառեք բոլոր ասք-զրույցները, հեքիաթ ու կատակ,
Երգ, պարեղանակ, խաղ և սովորույթ, ավանդապատում, կորուսյալ բարբառ,
Ձեռագործերի շնորհաց դասեր, վեր-վերու քայլքեր, տեղական տարազ,
Հիշատակեցեք հին վարպետներին, իմաստուններին, որ ելան շենից,
Զինականներին և հերոսներին, առաջնորդներին, նահատակներին,
Ամեն խաչքարի արված աներկմիտ կամ գաղտնագրված հուշ-տապանագիր,
Աղբրակ, անտառ, բլուր և ձորակ, կամուրջ և մատուռ, սուրբ ուխտատեղի։
Այդպիսի քանի՜ հիշատակարան գրվել է, վրան որ երդվեինք,
Որ մահացնելով մեզ չանարգեինք, որ կորուստներին չհաշտվեինք,
Բերդի դռները որ չբացեինք՝ առանց մարտերի, առանց կրակոց,
Որ Շուշին չընկներ, որ չանարգվեին Ղազանչեցոց վանք, Մռավ ու Հադրութ․․․
Որ բերանացի, անգիր անեինք, ոնց Ավետարան որ ընթերցեինք,
Նորածիններին որ մկրտեինք լեռների անվամբ և քաղաքների․․․
Ողորմի՜ պիտ տամ նրան, ով ապրեց պայծառ պատրանքով, առանց կասկածի,
Ով որ հոգնությամբ թղթին էր հանձնում տեղանունները, որ չկորսվի։
Օգոստոս 3, 2021
Հասմիկ Սարգսյան