ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք լրագրող ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ:
—Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:
—Լրագրությունն իմ մասնագիտությունը չի եղել․ հայտնվել եմ շատ պատահական, սակայն ժամանակը ցույց տվեց, որ պատահականություններ չեն լինում եւ ամեն ինչ ստացվում է առավել քան լավ։ Աշխատանքի ստեղծագործական բնույթը, սեփական «ձեռագիրը» գտնելու փնտրտուքն օգնել են յուրաքանչյուր օրը դարձնել հետաքրքիր։
Մտքերս, ապրումներս ու տպավորություններս թղթին հանձնելու սովորությունը սկիզբ է առել դեռեւս 1988 թվականից, երբ հաճախում էի Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոն՝ այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն։ Արցախյան շարժման սկիզբն էր, նկարչությունից բացի ունենում էին ազգագրության դասեր, որի ժամանակ մեզ պատմում էին մեր փառահեղ անցյալի ու ամոթալի սխալների մասին։ Ներսում կուտակված ապրումներն ու զգացմունքները պետք է դուրս գային, իսկ լավագույն ձեւը դրանք թղթին հանձնելն էր։ Այդ ժամանակից բառերի կախարդական ուժը, զորությունը մշտապես գերել է ինձ՝ միաժամանակ դառնալով ինքնաճանաչման եւ ինքնահաղթահարման ճանապարհ։ Պատահական չէ, որ ինձ հոգեհարազատ է հենց տպագիր մամուլը։
— Կպատմե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումների մասին:
—Ձեռքբերումների մասին խոսելը ենթադրում է ստեղծագործական կյանքի ավարտ, որից հետո միայն կարելի է գնահատականներ հնչեցնել։ Այսօր կա ընթացք, որն ինքնին ձեռքբերում է։ Ամեն օր հանդիպում ես նոր մարդկանց, որոնց հետ զրույցներն ուսանելի են լինում եւ հետաքրքիր, իսկ ցանկացած թեմայի լուսաբանում, վերլուծություն նորը ճանաչելու հնարավորություն է։ Բուն մասնագիտությունս շատ է օգնել լրագրության մեջ՝ թույլ տալով երեւույթներն ընկալել ոչ այնքան դեպքերի շարադրանքի կամ փաստերի արձանագրման, այլ դրանց խորքային զարգացումների եւ փոխկապակցվածության տեսանկյունից։
— Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ, ուսուցիչ:
—Առաքելության գիտակցումն ամենադժվարն է։ Մեր անելիքը միայն այն ժամանակ ենք իմանում, երբ պատրաստ ենք լինում հետեւելու ի վերուստ մեզ վերապահված առաքելությանը։
— «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:
—Ընտանիքի, հասարակության որակը պայմանավորված է կնոջով։ Ամուր, ներդաշնակ եւ երջանիկ ընտանիք ունենալու գրավականը կիրթ եւ սիրող կինն է։ Նա է ստեղծում այն միջավայրը, որտեղ ծնվում եւ մեծանում են երեխաները։ Դա շատ լավ գիտակցել են մեր ուսյալ այրերը բոլոր ժամանակներում, դրա համար հայ կնոջ դերն արժեւորվել է թե որպես մայր, թե որպես կին։ Կիրթ կնոջ կողքին տղամարդը ձգտում է ավելի լավը դառնալ, ավելի ուժեղ՝ բոլոր առումներով։
— Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:
— Շլիմանի միտքը մեզ հուշում է, որ հայերս չենք ճանաչում, չենք հասկանում ինքներս մեզ։ Դրանով է պայմանավորված նաեւ մեր պարտությունների, ինքներս մեզ չսիրելու, օտարին մեր հաշվին մեծարելու ցանկությունը։ Ինքնաճանաչումը հնարավորություն կտա վերականգնել նախեւառաջ հարգանքն ինքներս մեր հանդեպ։ Դա բնավ չի նշանակում ընդունել միայն դրականը եւ չնկատել կամ չընդունել թերացումներն ու սխալները։
Մենք մոռացել ենք մեր ով լինելը։ Համարում եմ, որ հայ տեսակի առաքությունը բարդ է, բայցեւ պատվաբեր։ Ի վերջո, ինչո՞ւ համար են հայերը որպես տեսակ շարունակում մնալ աշխարհի ազգերի թվում։ Պատճառն այն է, որ մենք յուրօրինակ հավասարակշռողի, բեւռեները մոտեցնողի, ծայրահեղությունները հղկողի առաքելություն ունենք։ Եթե հավաքական արեւմուտքը մտքի, բանականության վրա է կառուցում իր կենսափիլիսոփակությունը, իսկ արեւելքը՝ զգայականի, ներաշխարհի հարստացման, ապա հայկական քաղաքակրթությունը ներդաշնակորեն իր մեջ համատեղում է այդ երկուսը։ Պատահական չէ, որ հայերը՝ հայտնվելով աշխարհի ցանկացած անկյունում, ցանկացած միջավայրում կարողանում են լավագույնս ինքնադրսեւորվել։
Մենք ունենք պատմական շերտեր, որոնք կորսված են, գաղտնիք են մեզ համար, դրանք փակ են ժամանակակիցներիս համար։ Հաշվի առնելով այն, որ մենք հաճախ ականջալուր ենք օտարների խոսքին, Շլիմանի նման անհատի գնահատականն առավել սթափեցնող եւ ուղղորդող պետք է լինի։ «Ծանիր զքեզ»․ հուշում է դելփյան իմաստնությունը, ինչը հայերիս պարագայում նշանակում է, որ պետք է վերագտնենք, վերաբացահայտենք մեր կորսված ինքնության խորքային շերտերը։ Միայն այդպես է հնարավոր ազատվել թերարժեքության բարդույթից եւ տեր զգալ մեր նախնիների ժառանգած հայրենիքին։
—Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:
—Ապրելու բանաձեւն ինքս ինձ համար ընդունել եմ դեռեւս դպրոցական տարիներին՝ երբեք չհուսահատվել, պարտություններն ընդունել ոչ թե որպես դատավճիռ, այլ նոր մակարդակ բարձրանալու հնարավորություն։ Ընդունել, որ ցանկացած խնդիր ունի երկուսից ավելի լուծում, ապրել այնպես, որպեսզի կյանքի մայրամուտին, երբ հետահայաց նայեմ՝ հասկանամ, որ ոչինչ չէի ցանկանալ փոխել եւ կրկին կանցնեի նույն ճանապարհը։
— Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործություններում:
—Չափազանց մեծ տեղ տալով բառի, խոսքի նշանակությանը, փորձում եմ զգուշավորությամբ օգտագործել դրանք։ Բառերն ինձ համար նյութական են, կշռելի, շոշափելի, հետեւաբար այս օրերին, երբ բազմաթիվ մարտահրավերներ կան մեր երկրի եւ ազգի առջեւ ծառացած, նախընտրում եմ մշտապես հույսի, սեփական ուժերին հավատալու վստահություն ներշնչել։ Խոսքը պետք է ոգեշնչի, ապրելու եւ պայքարելու մղի անգամ ամենաանելանելի թվացող իրավիճակներում գտնվող մարդուն։
— Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները իրականացնելուն:
—Մասնագիտական ունակություններն իրականացնելու համար միակ խանգարող հանգամանքը կարող է լինել մարդու ներքին վախերը։ Ցանկացած միտք, նպատակ կարող է կյանքի կոչվել, խնդիրը ժամանակն է եւ այն նպատակասլացությունը, որով մենք ձգտում ենք մեր նպատակների, իղձերի իրականացմանը։ Երբեմն լինում են հաղթանակներ, որոնք արտաքին աշխարհի համար տեսանելի չեն լինում։ Դրանք անհատի հաղթանակն է սեփական թուլությունների, սխալների նկատմամբ, այն ճանապարհը, որն անցնում է ինքնակերտման միջով։ Հնարավորություններն անսահման են տիեզերքի պես, պարզապես պետք է դրանցից օգտվելու ցանկություն եւ կամք ունենալ։
— Ձեր վերաբերմունքն այսօրվա իրականությանն ինչպիսի՞ն է։
—Յուրաքանչյուր մարդ եւ ամեն մի սերունդ պետք է հաղթահարի իր համար նախանշված փորձությունը։ Այսօր չափազանց բարդ իրականության առջեւ ենք կանգնած․ ականատեսն ու մասնակիցն ենք խորքային փոխակերպումների՝ մարդկային հարաբերությունների, սոցիալական շփումների, նորագույն տեխնոլոգիաների։ Փոխվում է մեզ ծանոթ աշխարհը, գլխիվայր շուռ են գալիս մեր պատկերացումները կյանքի բոլոր ոլորտների վերաբերյալ եւ որ ամենավտանգավորն է՝ մարդկային որակների եւ հարաբերությունների։ Մարդ մնալն ամենադժվարն է, քանի որ ժամանակավոր հաճույքներն ու թվացյալ հաջողությունները զրկում են մարդուն բազմաթիվ արժանիքներից։ Մեր ժամանակների անհատը, հանրույթներն ու ազգերը կա՛մ պետք է ճկուն եւ ուժեղ գտնվեն ոչ միայն գոյատեւելու, այլեւ ինքնությունը չկորցնելու համար, կա՛մ հեռանան պատմության թատերաբեմից։ Իմ ընկալմամբ հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել։ Յուրաքանչյուր մարդ եւ ազգ ունենում է իր աստեղային ժամը, այն կարող է գալ բոլորովին չսպասված, բայց դա այն պահն է, ակնթարթը, որը հնարավորություն է տալիս պատմություն գրել։
— Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:
—Հզոր հայրենիք, արարող հասարակություն եւ երջանիկ անհատ։ Անհայրենիք մարդը նման է տնային բույսի կամ մոլախոտի։ Ժամանակիցներիս խնդիրն է վերագտնել այն բանաձեւը, բանալին, որը կապահովի մեր երբեմնի հզորությունը։
ՄԱԳԱՂԱԹՑԻ