ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ
Ծնվել եմ 1999 թվականի ապրիլի 30-ին, Աշտարակում, սովորել եմ Երևանի թիվ 89 և թիվ 105 դպրոցներում, այնուհետև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում, թղթակցել եմ մի շարք թերթերի, հրապարակախոսական հոդվածներով ու էսսեներով հանդես եմ եկել «Ազգ»-ում, տպագրվել եմ տարբեր հանդեսներում, 2021 թվագանին տպագրել եմ առաջին ժողովածուս՝ «Ադամամութ» (բանաստեղծություններ և էսսեներ), նույն թվականին կազմել և հրատարակության եմ պատրաստել Վահան Թոթովենցի «Բաքու» եռահատոր վեպը, այժմ պատրաստվում եմ տպագրել արձակ ժողովածուս։ Աշխատում եմ «Արմավ» հրատարակչությունում։
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
…Գաղթի դաժան ու դողէրոցքային օրերի
տենդերով անցած, ամառվա մեջ բուք, իսկ բքից ցմահ խոժորած դեմքով մեծ պապս եկավ Ուջան: Տուն շինեց, լցվեց տունը էպիկական արտաշնչով, ունեցավ որդիներ, որոնք Սասունը չտեսած խենթեր էին, էպոս չկարդացած դավիթներ, մհերներ, օհաններ ու թորոսներ: Այս որդիների մեջ լինում է մեկը, որ բահ վերցնելու ուժ չի ունենում, մեկը, որ սովետական ջղային օրերում, նոր հիմնվող գյուղի առասպելական հոգսերին նայում է երազկոտ աչքերով: Անունը՝ Մանուկ: «Կարդացող» է լինում: Գյուղացիների աչքին անպատեհ ու շոշափելի կշտություն չբերող մի զբաղմունք, և խորթ, ինչպես շեղաչքի լեզու: Մանուկն ունենում է աստվածաշունչ, Աբովյան, մի երկու ուրիշ էջեր, որոնք չգիտես, թե որ երկաթե ցանցավոր մահճակալի արանքներում մնացին: Ուրեմն՝ այս երազկոտ սասունցին գրել է… այս երազկոտ սասունցին ամառվա կապույտի մեջ թովչանք, իսկ ձմեռվա մթնում հուսացող մեղմություն է փնտրել…
…Ստալինյան փոշեգույն օրերից մի օր, մայիսյան հալոցքին ապավինած ձուն-ձմեռնոց իրիկունով, երազկոտ սասունցին քայլում է տուն: Մտքին մեղեդու օրոր, ծոցում քիչումիչ թղթեր և իրանին՝ գինու դաղած սեթևեթանք՝ Մանուկը քայլում է տուն: Ի՞նչ է լինում, ո՞նց է լինում՝ խոնարհվում է երազների առաջ ու նիրհով անցնում: Թոքերում բույն է դնում բանաստեղծական մրուրը… Եվ մի կարճ ընթացք՝ մահճակալին գամված, գյուղացիների ճմրթված հայացքներ՝ ճնշող սևեռումով, տան առաջին թոռով հեռվից հրճվելու բաղձանք և կուրծք պատրող մրից ելնող բանաստեղծական արյուն… Մանուկը ինչ-որ բան հասկացածի ժպիտով էլ քարացավ և հանգեց մեծարենցյան տարիքում՝ ամբողջացնելով իր խառնվածքին հատուկ թախիծը: Ի՞նչ է լինում, ո՞նց է լինում՝ չգիտեմ, բայց այս երազող սասունցու էջերը ցանուցիր են լինում և հիմա, հե՜յ գիտի տարիներ անց, ո՜վ իմանա, թե ո՞ր մահճակալի ժանգած ցանցերին խունացան, ո՞ր ապսպրող ձեռքերի խուճապներում քաշքշվեցին անհայտ բանաստեղծի էջերը: Այն բանաստեղծի, որի թոքախտավոր հայացքը տան նորածնի աչքերով մի նարոտ ձգեց, որը, երևակայի, գլորվեց ու հասավ ինձ՝ բազմերանգ թնջուկից խենթացածիս, որ ամառվա կապույտի մեջ թովչանք փնտրեմ, իսկ ձմեռվա մթնում՝ սպիտակ մեղմություն…