ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ
(Հատվածաբար)
Սակավ սրբություններ չունի մարդ արարածը, բայց, անկասկած, նրա սրբության սրբոցը մայրն է, այս պատճառով էլ ամենանվիրական բաները առնչվում են մորը՝ Հայրենիքը կոչելով «մայր», լեզուն՝ «մայրենի»…
Ընդհանրապես մայրը հարուցել ու հարուցում է անշահադետ հոգածություն, բոլորանվեր խնամք, բնաբուխ փայփայանք:
Իբրև մոր նայել և իբրև մոր են պահել իրենց մայրենի լեզուն հայ ժողովրդի մայրասեր ու մայրախնամ զավակները՝ սկսած Մաշտոցից ու մեր առաջին թարգմանիչներից մինչև Նարեկացի ու Շնորհալի, Դուրյան ու Րաֆֆի, Վարուժան ու Չարենց…
… Ուզում եմ ասած ու շեշտած լինել, որ մտահոգություն է հարուցում ոչ միայն բառերի այն խումբը, որ արհեստականորեն սոսնձվեց
մեր շուրթերին, այլև այն վրդովեցուցիչ երևույթը, որ ծայր առավ ու գնալով ծավալվեց այդ սոսնձումից հետո՝ ստանալով մի տեսակ վահան ու թիկնապահություն:
Մեր լեզվին փաթաթված այդ եվրոպական բառերից և ոչ մեկը չունի գեթ ԱՄԵՆԱՉՆՉԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ մեր բնիկ բառերի հանդեպ՝ ո՛չ ստուգաբանությամբ, ո՛չ հասկանալիությամբ, ո՛չ էլ ճկունությամբ: Ավելին. այդ բառերը բնիկներին զիջում են և՛ ստուգաբանությամբ, և՛ հասկանալիությամբ, և՛ ճկունությամբ:
… Հայ մտավորականությունը բազմիցս վերադարձել է այս ցավոտ խնդրին, խոսվել է գրավոր ու բանավոր… Դժվար է բան ավելացնել Գ.Սարյանի «Խոհեր մայրենի լեզվի մասին» հոդվածին: Դժվար է, որովհետև այնտեղ ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ պատճառաբանված ու հիմնավորված: Բայց դժվար է նաև չարձագանքել այդ հոդվածին: Դժվար է, որովհետև հասել է ժամանակը, որ վերջ տրվի այս խոսակցությանը, այսինքն՝ խոսքը ԴԱՌՆԱ գործ:
… Մենք հայոց լեզվի պատմությանը տեղյակ ենք գոնե այնքան, որ գիտենք փոխառությունների չափը մեր լեզվի ընդհանուր կշռի մեջ: Բայց լեզվին ԿՇԻՌ է պետք և ոչ ԲԵՌ: Բոլոր ժողովուրդներն էլ բառափոխանակություն կատարել ու կատարում են: Բայց փոխանակություն կատարելիս ամեն մարդ վերցնում է այն, ինչ պակասում է իրեն, ինչի կարիք է զգում: Այսպես են վերցնում նաև բառերը: Եթե անհրաժեշտ են դրանք՝ հարստացնելով գեղեցկացնում են, իսկ եթե ավելորդ են՝ խճողելով այլանդակում են տվյալ լեզուն, չեն ավելացնում նրա ԿՇԻՌԸ, այլ ծանրացնում են նրա ԲԵՌԸ:
Հայոց լեզուն դարեր շարունակ բարգավաճել է ոչ միայն իր սեփական միջոցներով, այլև հարստացել է անհրաժեշտ փոխառություններով: Այսօր էլ շարունակվում է նույնը: Միայն վերջին քառասնամյակին մեր լեզուն ընդունել ու մարսել է ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ նոր բառեր, որոնցով իրոք նա ավելացրել է իր կշիռը: Մեր արագընթաց դարը ամեն օր ծնում է նոր երևույթ, գիտության նոր ճյուղ, մեզ շրջապատում նոր առարկաներով ու իրերով, որոնք չեն կարող չբերել նոր բառեր, և այդ բառերի ընդունմանը կարող է հակառակել միայն խելապակասը:
Բայց չպիտի մոռանալ, որ յուրաքանչյուր լեզու ունի առավելություններ, որոնք կարող են բացակայել ուրիշ լեզուներից:
Հայերենն, օրինակ, ունի մի առավելություն, որ աշխարհի քիչ լեզուներ ունեն. բառակազմության հեշտությունն ու շահավետությունը: Ու եթե որևէ լեզու, հայերենից նույնիսկ ավելի հարուստ ու ճկուն լեզու, ՍՏԻՊՎԱԾ է օտար բառն ընդունել, որովհետև բառակազմության իր հնարավորությունները սուղ են, ապա հայերենի պես մի լեզու պարտավոր է հայացնել այդ բառը, որովհետև օտար բառը, իբրև ընդհանուր օրենք, շատ ավելի քիչ բան է ասում հային, քան մայրենի լեզվի հաջող բառակազմությունը: Չի կարելի ասել, թե մենք չենք օգտվում մեր լեզվի այս մեծ առավելությունից, բայց անկարելի է չասել, որ օգտվում ենք ավելի քիչ, քան կարող ենք և պարտավոր ենք:
…Բանն այնտեղ է հասել, որ աղավաղվում է մեր լեզվի շարահյուսությունն էլ: Վայ-գրողների ու վայ-լրագրողների մեղքով մեր արդի գրականության մեջ վխտում են օտար բառերի հետ նաև օտարաբանություններ, սխալ (և օտար) խնդրառություն,սխալ (և օտար) համաձայնություն, մեր շաղկապների նրբիմացության անգիտում թերացում, իսկական և անիսկական կապերի գիտակցման այնպիսի՜ մթագնում, որ հավասարվում է բացաչք կուրության…
…Մի առանձին մտահոգություն և հատուկ խոսակցության նյութ է մեր գործածական լեզվի աղքատությունը, հայերենի բառամթերքից կեսբուռ օգտվելու կամավոր մուրացիկությունը: Իսկ բառերն ապրում են ո՛չ բառարաններում, ո՛չ էլ գրքերում: Բառերի կյանքը գործածության մեջ է: Լեզուն, մտածողություն լինելով, նաև գործիք է, իսկ այդ գործիքն ապրում է բանելիս և բանելով, հակառակ դեպքում փտում է կամ ժանգոտում…
Ամեն ազգ ու ժողովուրդ իր բաժինն է բերում համաշխարհային մշակույթի մթերանոցը: Սակավ չէ մեր բաժինը: Ունենք սքանչելի երաժշտություն, որի քարեղեն մարմնավորումն է մեր փառահեղ ճարտարապետությունը: Ունենք հնադարյան ճոխ դպրություն: Մատենադարան, որի անգնահատելի արժեքը կրկնապատկվում է այդ մատյանները զարդարող մանրանկարչությամբ: Մեր բանաստեղծությունը տվել է գլուխգործոցներ, որոնք, մեր հոգու թարգմանությունը լինելով, խոսում են հանուր մարդկության հոգու հետ:
Այո՛, մեր նախնիները մեզ և աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել: Բայց մենք պիտի հասկանանք և հասկանալով չմոռանանք երբեք, որ ՄԵՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ գանձը մեր լեզուն է:
Գալով անհիշելի ժամանակներից, անցնելով բազում դարերի միջով, շփվելով բազմաթիվ ազգերի լեզուներին՝ հայոց լեզուն մի յուրատեսակ հանրագիտարան է անհիշելի ժամանակների, բազում դարերի և բազմաթիվ այլ ազգերի: Այսպես դատելով՝ մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլև աշխարհին. նա միայն սրբությունը չէ, այլև մասունքը հանուր մարդկության: Այս պատճառով էլ նա ուսումնասիրվում է ոչ միայն մեր, այլև աշխարհի շատ համալսարաններում: Բայց այդ լեզվի խնամքը, նրա անաղարտությունը, նրա ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ու ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ դրված են մեր վրա:
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
3 հունվարի, 1962թ.
Երևան