ԿՈՄԻՏԱՍԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԸ
Ծառ ու ծաղկից մի պատառիկ հող է վերցրած, որ դարձել է ճանապարհ դեպի վարպետ Արամի տունը: Տնակի վարագույրները, պատերը շնչում են անձայն երգով: Պատերին՝ Հովհաննես Զարդարյանի կտավների, մեծադիր լուսանկարների կողքին, հարևանություն են անում օդի ճնշումը, ջերմաստիճանը ցույց տվող սարքեր: Նրանք շրջանակել են Կոմիտասի Պոլսի աշխատասենյակը՝ ողողված լույսով ու սիրով: Մանրակերտվածք է, սակայն թվում է՝ ուր որ է, պետք է ներս մտնի Կոմիտասը և նստելով ռոյալի առջև, նվագի: Ու նրան են նայելու աշակերտների աչքերը՝ հիացած, վերացած:
Սենյակը լի է կոմիտասյան շնչով. ռոյալի մոտ՝ պատին, Փանոս Թերլեմեզյանի «Արարատ» կտավն է, դռան աջ անկյունում Փանոս Թերլեմեզյանի «Կոմիտասն» է՝ նստած իր ծննդավայր Քյոթահիայի ծառ ու ծաղկի մեջ: Կոմիտասը լսում է բնության ձայները, որ վաղը իր շուրթերին դառնալու են երգ ու թևածելու հեռուները: Այս կտավները Փանոս Թերլեմեզյանի գույներով վերարտադրել է Հովհաննես Զարդարյանը:
Հիսունվեց տարի հետո Կոմիտասի աշակերտներից Արամ Աստվածատրյանը, որ ժամանակին երգել էր նրա «Գուսան» երգչախմբում, դիմեց այդ վեհ գործին՝ հիշողության մեջ վերականգնելով իր ուսուցչի աշխատասենյակը, ուր ապրել էր իր կյանքի ամենագեղեցիկ պահերը, որոշեց վերստեղծել: Աշխատանքը մանրակետվածքի վրա տևել է երկու տարի:
Վարպետ Արամն ունի տպավորությունների մատյան, որը սկսվում է Վիկտոր Համբարձումյանի գնահատականով. «…Կոմիտասի աշխատասենյակի մակետը… թողնում է անջնջելի տպավորություն: Ինչպիսի մեծ և խոր ազդեցություն պետք է ունենար Կոմիտասն իր աշակերտի վրա, որ վերջինս կարողացավ 56 տարի հետո վերստեղծել սենյակն այսպիսի մանրամասնություններով: Կատարված աշխատանքը վկայում է վարպետ Արամի մեծ հմտության և հայրենասիրության մասին: Հավատարմությունն ուսուցչի նկատմամբ միշտ համարվել է մարդկային լավագույն հատկություններից մեկը»:
Կոստանդնուպոլսում իր պատանեկությունն անցկացրած Արամ Աստվածատրյանը, որ 1911-1915թթ. երգել է Կոմիտասի երգչախմբում, մի օր խնդրեց վարդապետին թույլ տալ իրեն լուսանկարելու: Կոմիտասը նրան չմերժեց և մոտենալով ռոյալին՝ արմունկով հենվեց ռոյալի վրա ու նայեց իր խոհուն հայացքով: Այդ լուսանկարը մնաց Արամ Ատվածատրյանի մոտ՝ որպես թանկագին մասունք: Պոլսի այդ բնակարանը Կոմիտասի և նրա աշակերտների համար դարձավ վերջին հանգրվան…
Արամ Աստվածատրյանն էլ գաղթեց Ֆրանսիա՝ կորցրած իր հարաատներին, հույսեր, երազներ: Բայց ամենուրեք նրա հետ էր այդ լուսանկարը, որ հոգում հնչեցնում էր կոմիտասյան երգը: Նա իր սուրբ պարտքը համարեց Երևանի արվեստի թաննգարանին հանձնել կոմիտասյան լուսանկարը, որ իր հետ ճաշակել էր կյանքի փորձություններն ու հայրենադարձվել: Նկարը տվեց՝ խնդրելով, որ պատճենը հանեն ու իրեն վերադարձնեն: Եվ այսօր, երբ ծնվել է Կոմիտասի՝ Պոլսի աշխատասենյակը, վարպետ Արամը լուսանկարը տեղադրել է նույն դիրքով. Կոմիտասը կանգնել է ռոյալի առջև՝ արմունկով հենված գործիքին: Եվ նայում է խոհուն հայացքով՝ ասես հավանություն տալով իր աշակերտի մտքի և ձեռքի աշխատանքին:
1971թ.
Կլարա Թերզյան
(«Ճակատագրեր, ճանապարհներ ու կարոտ» գրքից)
(Նկարում՝ Կոմիտասի բնակարանի մանրակերտը. Ա.Աստվածատրյան)