ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Ամեն ինչ տանք, որ լավ ապրենք». սա է՞ մեր ապրելու բանաձևը»
«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք լրագրող, արձակագիր, հասարակական գործիչ Հարություն Հարությունյանի հետ
—Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:
—Ինչպե՞ս սկիզբ առավ… դա շատ երկար պատմություն է: Հարցին պատասխանելու համար, պետք այն բաժանեմ երկու մասի. մինչև արցախյան շարժում և հետո: Ըստ էության արցախյան շարժումը փոխեց իմ սերնդի կյանքը և մինչ այդ իմ ընտրած մասնագիտությունը և իմ բավականաին հաջող ընթացող կարիերան ընդհատվեց արցախյան շարժումով: Մինչ նախորդ դարի իննսունակաների սկիզբը ես արդեն հասցրել էի շփվել, աշխատել ժողովրդական արվեստի ռահվիրաններ ԱՐԱՔՍՅԱ Գյուլզադյանի, Լուսիկ Քոշյանի հետ, դասավանդել երաժշտական դպրոցում, աշխատել Հենրիկ Իգիթյանի հիմնադրած «Գեղագիտական դաստիարակության
կենտրոնում», Երևանի կայազորի սպայի տանը և այլն: Անհամեստություն չլին ասածս, բայց ես լավ մասնագետ էի, խմբավար, բայց եկավ 88-ը, հետո 90-ականների ցուրտ ու մութ տարիներիները, արցախյան ազատամարտը, անկախությունը և ինքս էլ չհասկանալով՝ ինչպես, սկսեցի զբաղվել լրագրությամբ: Այսպես ասեմ, իմ սերունդը և տուժեց, և շահեց: Կորցրածս մեծ էր, շահածս՝ ավելի: Աստծո կամքն էր: Ինձնից ոչինչ կախված չէր:
— Կպատմե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումների մասին:
-Երբեք չեմ մտածել ստեղծագործական ձեռքբերումների մասին: Ինչ եղել, եղել է իմ կամքից անկախ: Գուցե ունեմ ձեռքբերումներ, բայց դրանց մասին չեմ մտածել, որովհետև կյանքը առաջ է գնում, ես էլ շարունակում եմ աշխատել: Գիտե՞ք, ես չէ, որ պետք է գնահատեմ՝ հասե՞լ եմ ինչ որ բանի , թե՝ ոչ և արդյո՞ք դրանք ձեռքբերումներ են: Անշուշտ ունեմ ձեռքբերումներ, բայց դրանք շատ նեղ անձնական են. իմ ընկերները, գործընկերները , երեխաներս և այլն: Ստեղծագործական ձեռքբերումների մասին կարծում եմ դեռ վաղ է գնահատականներ տալ և չգիտեմ, երբևէ դրա մասին կարելի՞ է մտածել, թե՞ ոչ: Եւ արդյո՞ք իմ ձեռքբերումների մասին խոսելը ճիշտ է: Ես չգիտեմ էլ, դրանք ձեռքբերումնե՞ր են, թե ձախողումներ: Ժամանակը կորոշի, իսկ ես քանի կամ, պետք է աշխատեմ առանց ձեռքբերումների մասին մտածելու: Վերջապես ես ո՞վ եմ, որ մտածեմ ձեռքբերումների մասին: Ընդամենը կասեմ հետևյալը՝ եթե քեզ վստահված է ինչ որ աշխատանք, դու պետք է դրան տրվես անմնացորդ և անես ավելին քան քեզնից սպասել են: Պետք է շատ աշխատես, շատ: Այսպես ձևակեպեմ միտքս, կամ պետք է աշխատես, կամ քծնես: Ես մերժում եմ երկրորդը, նախընտրելով առաջինը: Միշտ առաջնորդվել եմ այդ սկզբունքով և ահավոր անհաշտ եմ քծնանքի հետ:
— Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ, ուսուցիչ:
—Առաքելության մասին չեմ մտածել: Ապրում եմ այնպես, ինչպես մտածում եմ: Ես հայ եմ և իմ ազգայինը չեմ ստորադասում համամարդկայինին: Չկա համամարդկային առանց ազգային հիմքի: Համամարդկայինը գեղեցիկ է ազգային երանգներով: Եթե որևէ մեկի համար համամարդկայինը առաջնահերթ է և առանց ազգայինի, դա նման է ծաղկաշատ դաշտում աճած մոլախոտի, որ ուշ թե շուտ քաղհան են անելու:
— «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:
—Ընդհանրապես, կինը բնության հրաշքն է: Եթե չլիներ կինը Աստվածաշունչը չէր լինի: Կրթված կինը լավ է, խելացի կինը՝ էլ ավելի: Ժամանակները փոխվել են: Ցավոք, մեր ժամանակներում ոչ բոլոր կրթված կանայք են խելացի: Մխիթար Գոշը եթե հիմա ողջ լիներ, վստահ եմ, կգնահատեր խելացիությունը:
— Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:
—Ոչինչ էլ չի տալիս: Շլիմանին հիշում են թե ինչ է նա արել Հունաստանի համար: Իսկ ո՞վ է հիշում թե ինչ է ասել ասենք Քսենոֆոնը Հայաստանի մասին: Բացի մեզնից ո՞վ գիտի: Անիմաստ է ապրել պատրանքներով: Հիմա, հենց հիմա ի՞նչ ենք անում, որ մեզ ճանաչեն, մեր մասին խոսեն: Ի՞նչ ունենք, մտածել ե՞ք: Խոսում, հպարտանում ենք ծովից՝ ծով Հայաստանով, մեջբերում ենք համաշխարհային մեծերի ասույթները Հայաստանի մասին, բայց թիզ ու կես Հայաստան ենք թողել : Էդ կեսն էլ տվեցինք ու «մեծարում ենք» տվողներին: Ի՞նչ ունենք այսօր, ոչինչ: Վրաստանում արթնացել են խոսակցությունները Լոռիի մասին, իսկ մենք առևտրականի հոգեբանությունից դուրս չենք գալիս: «Ամեն ինչ տանք, որ լավ ապրենք». սա է՞ մեր ապրելու բանաձևը: Իսկ մտածում ե՞ք թե հիմա ինչ են ասում կամ մտածում Հայաստանի մասին ժամանակակիցները, որ հետո կարդալու են մեր սերունդները: Ես ամաչում եմ….
— Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:
—Ապրել այնպես, որ թոռներս չամաչեն իրենց պապի արարքների համար: Սա խնդիր է, որի լուծումը միայն ես կարող եմ տալ: Մնացածը լիրիկայի ժանրից է.
— Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործություններում:
—Ես արդեն չորս տարի է չեմ գրում, համարյա չեմ գրում: Վախենում եմ:
— Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները իրականացնելուն:
-Հիմա ծանր ժամանակներ են, թացը չորի հետ այնպե՜ս է խառնվել….նախ պետք է ապրել:
— Ձեր վերաբերմունքն այսօրվա իրականությանն ինչպիսի՞ն է։
—Երանի մի հրաշք լինի ու կարողանանք գոնե այս մի թիզ հողը պահենք: Հրաշք եմ ուզում….միակ երազանքս է:
— Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:
—Նախ պետք է այդ հայրենիքը ունենաս, կարողանաս պահել, հետո մտածես՝ ինչպիսի հայրենիք: Ես վախենում եմ այդ մասին մտածելուց:
ՄԱԳԱՂԱԹՑԻ