ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ. «Իմ առաքելությունը համարում եմ մեր ժողովրդի ստեղծած արժեհամակարգի բացահայտումը, պահպանումը և փոխանցումը հաջորդ սերունդներին»
«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք բանաստեղծ, գրականագետ, լեզվաբան ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆԻ հետ:
-Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր ստեղծագործական ուղին:
-Ստեղծագործական ուղուս սկիզբը չեմ հիշում, բայց անջնջելի մի դրվագ մնացել է. երրորդ դասարանում ուսուցչուհիս կարդաց գրածս ոտանավորը՝ նվիրված Մասիսին։ Վաթսունականներին շատ հայ երեխաների համար ստեղծագործական սկիզբ հիշեցնող այս «մասիսային» պաթետիկ դրվագը, սակայն, ինձ հետագայում օգնեց՝ հասկանամ մի բան, որ
շատերն այդպես էլ իրենց ողջ կյանքում չեն հասկանում. ավելորդ պաթետիզմը, ավելի ճիշտ՝ պաթետիզմի և ասելիքի անհամամասնությունը բանաստեղծության, ընդհանրապես մշակույթի ոխերիմ թշնամին է։
Այդ պատճառով էլ իմ բանաստեղծություններում մի թաքուն լարում ու զսպվածություն կա, պրկված, գուցե ոչ բոլորին նկատելի ջիղ։
— Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:
— Ստեղծագործական ձեռքբերումներ. չգիտեմ՝ ով ինչ նկատի ունի ստեղծագործական ձեռքբերում ասելով, բայց ինձ համար դա իմ ստեղծագործական սկզբի և այսօրվա տարբերությունն է, տարբեր ժողովածուներիս ինքնօրինակությունը։ Ստեղծագործական ձեռքբերում եմ համարում նաև գիտական աշխատանքներս։ Եթե նկատի ունեք մրցանակները, ապա ինձ վաղուց հաջողվել է դրանց քմծիծաղով նայել, երբ հասկացա, որ նույնիսկ այսօր հայտնի շատ գրողներ մրցանակներ ստանալու համար ինչ֊որ մրցանակային մշտանդամ, նույնանդամ հանձնաժողովների դռներն են ծեծել։ Անուններ չեմ ուզում տալ, քանի որ չեմ ուզում նրանց գրականության նկատմամբ եղած հանրային վերաբերմունքը ստվերել՝ գրողին չսազող, իրենց տաղանդին անհարիր պահվածքը հիշելով։ Իսկ մենք՝ գրողներս, մեր գրչընկերների նման վարքը, ինչպես ասում են, ներսից գիտենք, որքան էլ որ նրանցից շատերը սովորաբար չքմեղանում են, թե տեղյակ էլ չեն եղել, որ իրենց մրցանակի են արժանացրել։ Մեկ անգամ եմ մրցանակ ստացել՝ Մշակույթի հայկական ֆոնդի հեռավոր 1999 թվականի տարվա լավագույն բանաստեղծության մրցանակը, և կարող եմ հպարտանալ, որ հանձնաժողովի նախագահը Սիլվա Կապուտիկյանն էր, ու մրցանակն էլ գումար չէր, կտավ էր, որը գեղեցիկ հիշատակ է։ Մշակույթի ու գրականության ոլորտի մրցանակները՝ այն էլ առաջին, երկրորդ, երրորդ տեղերով, ուղղակի զավեշտալի են։ Ավելի ազնիվ է, երբ մի շնորհակալագիր կամ մի պատվոգիր են տալիս ու վերջ։
—Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:
-Իմ առաքելությունը համարում եմ մեր ժողովրդի ստեղծած արժեհամակարգի բացահայտումը, պահպանումը և փոխանցումը հաջորդ սերունդներին։ Այդ ամենը գեղարվեստորեն արտացոլված է իմ բանաստեղծության մեջ և տեսականորեն՝ գիտական հոդվածներում ու հատկապես «Հայերենի տեքստը և լեզվամտածողական արժեհամակարգը» ուսումնասիրության մեջ, ուր ինձ հաջողվել է գտնել հայերենով ստեղծված հայտնի տեքստերի (սկսած 5-րդ դարից մինչև մեր օրերը) մի շարք, պատկերավոր ասած, «ընդհանուր հայտարարներ» արժեհամակարգային սյուներ։
— «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:
—Ընդհանրապես կրթված մարդը՝ կին թե տղամարդ, հասարակության գանձն է։ Բայց կիրթ լինելը կրթվածությամբ չէ պայմանավորված։ Կարող են շատ բարձրագոչ անուններով համալսարաններում սովորած լինել, բայց մնալ անկիրթ։ Այսօրվա քաղաքական դաշտը, օրինակ, լի է նման մարդկանցով։ Ես կարծում եմ՝ անկիրթ լինելու հանգամանքը մատնվում է առաջին հերթին անձի պնդերեսությամբ։ Քաղաքական դաշտում այս պնդերեսները աստիճաններով բարձրանում են, իսկ մշակույթի դաշտում, գրական ասպարեզում պնդերեսները իրենց գրածները ուզում են չափանիշ դարձնել, հոգու դատարկության, ասելիքի կարեւորության բացակայությունը թաքցնել նորարարություն, փորձարարություն կոչված ռետինե դիմակի տակ։ Սրանք մարտնչող տեսակ են՝ լինեն կին, տղամարդ, սրանք ակտիվ են, անընդհատ որոնում են, Աստված չանի՝ մի քիչ էլ կարդացած լինեն՝ սրանց են կանչում եթերների, հարցազրույցների, կարծիքները լսելու, քանի որ սրանք իրենց պնդերեսությամբ վարագուրել են կիրթ, համեստ մարդկանց։ Իսկ համեստության պատճառով շատ տաղանդավոր մարդիկ չեն կարողանում ազդել հասարակության կիրթ լինելու մակարդակի վրա։ Անընդհատ պնդերեսներին լսելով՝ հասարակությունը դառնում է անկիրթ։
— Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:
-Շլիմանի ասածը մեզ՝ հայերիս, ոչինչ չի տալիս։ Աշխարհն իր ճանապարհն ընտրել է։ Արդեն ուշ է։ Ուղղակի առաջին հերթին հենց մենք պետք է հավատարիմ մնանք ինքներս մեզ՝ առանց վախենալու ժամանակակից աշխարհի այսպես ասած «առաջադիմական» պահանջները մերժելուց։
— Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:
— Այն արժեհամակարգը, որը փորձել եմ բացահայտել իմ մենագրություններով, հոդվածներով։ Ցավոք, ինչպես պոեզիայի, այնպես էլ գիտական գրականության ընթերցողները շատ են քիչ։
— Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործությունների կոնտեքստում:
-Մեր այսօրվա իրականությունը ստեղծագործության կոնտեքս դառնալու համար նախ պետք է որոշակի հեռավորության անցյալ դառնա։ Շատերին թվում է՝ համացանցում հայտնված իմ շատ բանաստեղծություններ այսօրվա ազդեցությամբ են գրված, ինչպես հասկացվում է ընթերցողների արձագանքներից, այնինչ դրանք մեկ֊երկու տասնամյակ առաջ են գրվել ու հրատարակվել։
— Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:
—Նյութականը…
— Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսին է։
-Ցավոք, էական լավ բան ասել չեմ կարող։ Ես որևէ հանրահավաքի չեմ մասնակցել, սակայն անկեղծորեն ուրախացել եմ հեղափոխությամբ, որը մսխվեց։ Առաջադրված կրթական նոր չափորոշիչները բացահայտեցին ժողովրդի ոգեւորությունը նենգական հուն մղելու խորամանկությունը։ Մեր ժողովուրդը սա էլ կվերապրի, ու թեև կորուստները մեծ են, բայց ապագայի համար կարող ենք անգնահատելի դասեր քաղել։ Ցավոք, այսօր այդ ապագան էլ է վտանգված։
— Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:
-Արդար հայրենիք։ Բոլորի հայրենիք։ Հայի ու Մարդու հայրենիք։
ՄԱԳԱՂԱՑԹԻ