«ԱՅՍ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ՈՉ ՄԵԿԸ ՉԵԼԱՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ․․․»․ Ի ՀԻՇԱՏԱԿ ԵՎ ՊԱՆԾԱՑՈՒՄ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍ ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
44-օրյա պատերազմից հետո օր առ օր հետևում էի հոգեկից բարեկամիս՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի ոգորումներին, որ նախ փնտրում էր, տագնապ, հետո՝ որդու կորուստը սգացող ծնողի արժանապատիվ պահվածք, ապա հարցում, կորուստների պատճառների փնտրտուք, բողոք, աննկուն ոգու անքուն դեգերում, Վաչագան զավակի թողած պատգամների քննություն և բանաստեղծական ժայթքումներ, որ հայոց այս դարի յուրատիպ քննություն են: Վաչագանի ծննդյան օրվա՝ հուլիսի 7-ի վաղ ժամին էր, որ կարդացի բանաստեղծի գրությունը. «Հիմա քեզ գրկող ձեռքերս օդում կախված մնացին: Հիմա թռչում եմ հիշողության երկնքով ու շփոթում եմ Քո և Աստծո տեղերը»: Սա այն Վաչագանի մասին էր, որ թղթերին թողած իր խորին մտածումներն ու մտահոգությունները Հայրենիքի, հայոց ազգային արժեհամակարգի պահպանման մասին, հայրենյաց հիշատակները վերարժևորելու իր ծրագրային շարադրանքների հրամայականը վաղվան չթողնելով՝ առանց երկմտելու
ինքնակամ գնաց իր կռիվը տալու՝ հանուն ամենաբարձր արժեքների՝ Հայրենիքի, ազգային արժանապատվության և Հայոց անընդմեջ երթի…Ի՞նչ ատաղձից են կերտված այն ջահելները, որոնց համար հայրենիքը լոկ բառ չէ, այլ կյանքից առավել թանկ նրա գոյության համար պայքարն ու ընդվզումն է: Ի՞նչ կավից են կերտված նրանց մարմնեղեն անոթները, որոնց մեջ անմահ շնչով լցված է հայրենանվիրություն և սխրանք: Մտածումներս մինչ հուլիսի 7-ի արևագալ ամբողջացրի այս տողերով.Կարմիր խայտանքով ծոցվորած հողիցՀմտացած ձեռքով՝ ոնց բրուտագործ,Դու խմորել ես կավն ու շաղախիցԱնոթը կերտել լուրթ անրջանքով:Մարմինը նրա ապարն էր Աստծո,Որ ամփոփում էր Հույս ու Նվիրում,Նա խտացնում էր պատգամը իր Հոր՝Ոնց շրջահայաց զավակ, իբրև Նոյ:Բայց ջրհեղեղին տապան չսարքեց՝Աղխը փրկելու նոր աղետներից,Մի անգամ բավ էր՝ լեռանն կայանել,Մնաց՝ խնոցում որ կյանքը մերվի:Ասաց՝ մարմինս ոնց հաց ճաշակեք,Եվ գինին հեղեց երակ առ երակ,Համոզելով, որ Սերը դավանեն,Չհանդուրժելով վախեր և նահանջ…Դեպի սարահարթ տանող ճամփեքինՍափորեք նրան հնոց ավանդով,Կարմիր խայտանքով ծոցվորած հողիցԿավը կորզեցեք՝ ոնց բրուտագործ…(Հ․Ս․)«Ուզում եմ սիրուն պատկերացնել ճախրը ՆՐԱՆՑ անմեղ հոգիների…,- Վաչագան Մանուկյանի՝ Շուշիի մատույցներում կռիվների ընդմիջումներին արված վերջին գրառումներից է՝ թվագրված՝ 2020, հոկտեմբերի 15։- Ի՜նչ մեծ փառքով պիտի դիմավորեն մարդկային խղճի վրա ծանր նստած նրանց գեղեցիկ հոգիները Արարչատանը…Սահմանապահ զինվորը, ընտանիքի ճրագ զինվորը, Քրիստոսակերտ զինվորը, Հայաստանասիրտ զինվորը, Աստվածաարև զինվորը, առյուծասիրտ զինվորը, խավարի ու ցրտի հականիշ զինվորը… Չգիտեմ, մոռացա մարգարեների մեկնություններն ու ընկերոջս՝ Պողոս առաքյալի դեպի Քրիստոս ուղեկցող խորհուրդները, բայց մի բան լավ գիտեմ. դուք ապրելու եք տիեզերքի անծիրության մեջ, նրա խաղաղ սահմանների լույսերի մեջ, արարչի՝ արարչականության մեջ…Առանց ձեզ ծանր եմ շնչում»:Վաչագանի հիշատակին ձոնված խաչքարի օրհնության առթիվ հայ անմահների մասին՝ Վազգեն Սրբազան Միրզախանյանի խոսքից մեջբերեմ․«…Նրանք շարունակելու են պաշտպանը լինել Հայաստանի և Արցախի և ողջ հայության: Հիշում եմ՝ լուսահոգի Վազգեն Առաջինն ասում էր, որ մեր ազգի պահպանությունը ոչ միայն մեր՝ հայերիս սրբազան պարտականությունն է, այլ նաև քաղաքակիրթ ողջ մարդկության: Պատմական նման իրավիճակներում, երբ Հայաստանի հնամենի քրիստոնեական օրրաններից մեկի՝ Արցախի վրա հարձակվում են մի քանի թշնամի պետություններ և նրանց ներկայացուցիչներ, այստեղ ես հասկանում, որ քո ժողովրդի լինելիությունը վտանգվում է այլ մի սև, մութ ուժերի ծրագրերի կողմից: Մենք ոչ միայն Արցախ և Հայաստան ենք պաշտպանում, այլ երևի մեզ հետ բերում ենք հնամենի իմացություն, գաղտնիքներ, որոնց գուցե մենք էլ չենք տիրապետում, բայց մենք դրանց կրողն ենք նախաքրիստոնեկան ժամանակներից մինչև մեր օրերը: Ուրեմն, պահպանենք մեր միասնականությունը, թող մեր սրտերն իրար համար բաբախեն, մենք շարունակենք սիրել միմյանց՝ որպես քույր և եղբայրներ: Լինենք միախորհուրդ, միմյանց համար ողոմած, ներողամիտ, հանդուրժող: Բայց թշնամու և հակառակորդի հանդեպ լինենք ավելի կարծր, միասնական և հաղթական»:Վաչագանը դեռևս բանակում ծառայության ժամանակ բանակաշինության և կարգապահ ծառայության համար արժանացել էր «Գարեգին Նժդեհ» մեդալի: Հետմահու նրան շնորհվել են «Բաղրամյան», «Լեոնիդ Ազգալդյանի անվան» մեդալները, պատվոգրեր՝ հայոց հողը պաշտպանելու և իր արյան գնով կյանքեր փրկելու համար: Մեկ տարի առաջ առանձին գրքերով հրապարակվել են Վաչագանի մասին հուշագրությունները, նրա կյանքի և գործի գնահատականները, իրեն արված բանաստեղծական նվիրումները: «Ազգային հերոսը. Վաչագան Մանուկյան» գիրքը մի մատենագիր հուշարձան է, որի տպագրությանը զուգահեռ լույս է տեսել նաև իր հեղինակած հոդվածների, գրավոր մտորումների գիրքը՝ «Չկորցնեք լույսը» վերտառությամբ: Մի քանի միտք միայն՝ այդ գրքից. «Իրազեկ, կրթված, վերլուծական մտքով օժտված քաղաքացուն, իսկապես, շատ բարդ է համոզելով անցկացնել սուտը: Եթե անգամ սուտը ինչ-որ պահ հաջողություններ գրանցի, մեկ է, այն հաղթանակ չի դառնա»: «Մի՛ դարձրեք ձեր անձերն ատելությունից, չարությունից ծնված թույնի գերին»: «Ցավոք, մեր տունը ներսից քանդելու արտաքին ուժերի փորձերը պսակվել են հաջողությամբ… Հանե՛նք մեր ներսի մեծամտությանը սնուցող, զորացնող գործիքները և ուժը: Գիտակցե՛նք, որ իշխանական ամենագեղեցիկ աթոռն անգամ անկում է ապրում մի օր: Եկեք կապվենք նորից տիեզերքի հետ և այդ մեծ ու հզոր էներգիաները ստանանք նրա ճարտարապետից»:Իսկ ես ակնարկս կավարտեմ 2021-ի տարեսկզբին թվագրված իմ բանաստեղծական նվիրումով՝ «Ռեքվիեմով», որ ձոնել եմ Վաչագան Մանուկյանի և մեր հազարավոր նահատակների հիշատակին.Այս տարեվերջին ոչ մեկը չելավ աշնանացանի,Գիշակեր թռչունք դաշտերում թափված հասկով հագեցան,Վաղ առավոտյան միգամածությամբ լուռ ժամերգեցինԵրկինք և երկիր՝ անթաղ մնացած ոսկերքի վրա:Սերմնացանները անդաստաններում շրջեցին անփեշ՝Արկով և մահվամբ ակոսված հողում որդոց փնտրելու,Ո՜հ, սիրտ իմ, ինչպե՜ս պիտի դիմանաս, երբ որոնողներՅուրյանց զավակներ պատենավորած կուղղորդվեն դեպ տուն:Հայրերի ձեռքով քարերից զատված արտերում ազատՀասկը մնաց, և թաղումը եղավ առանց պաճուճանք,Բուռ-բուռ կքնեք, այնքա՜ն պատանի և անմեղ այնքա՜ն,Որ արբունքի հետ փնջերով ելնեք՝ իրարով հյուսված…Հողը շնչում է… Ժամն է հերթական պատարագումի,Եվ «Սուրբ, սուրբ»-ի մեջ հնչումն եմ որսում հորովելների…Տու՜ր, Տե՛ր, հոգու հաց և սովյալների անկումը կանխիր.Քանզի այս տարի ոչ մեկը չելավ աշնանացանի: Հասմիկ Սարգսյան