Հրաչուհի Փալանդուզյան. ՀԱՐՑՈՒՄ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ
-Ներեցեք, համալսարանում հարցում ենք անցկացնում, խնդրում եմ ասեք՝ ավարտելուց հետո որոշել եք ի՞նչ դառնալ:
-Բնականաբար՝ տնտեսագետ, այդ ֆակուլտետում եմ սովորում:
-Պատմաբան:
-Տիեզերագնաց, բայց ոչ Լայկա:
-Առանց կատակի:
-Իհարկե, ֆիզիկոս, Բյուրականի գլխավոր աստղագետ:
-Բանաստեղծ, առնվազն Շիրազ, Մասիսը հետ եմ բերելու:
-Տիեզերագնաց, մի նոր Տերեշկովա՝ հայուհու ազգանունով:
-Դատավոր, անարդարության բմբուլներ է, որ աջուձախ շաղ եմ տալու:
-Օրիորդ, արհամարհանքով մի անցեք, համալ…
-Լավ մարդ:
-Դա մասնագիտություն չէ:
-Դա որակ է, որը պարտադիր է բոլոր մասնագետների համար:
-Ը… տրամաբանական է, բայց ուզում եք ասել, որ հիմա դուք լավ մարդ չե՞ք:
-Ուզում եմ ասել, որ իմ լավը լինելը բավարար չէ, հարկավոր է բոլորին այդպիսին դարձնել, այլապես ոչ մի մասնագիտություն պետք չի լինի, քանի որ մարդը կվերադառնա քարանձավ:
-Ուրեմն մանկավարժությունն եք ընտրել:
-Լրագրությունը, հարգելիս, դա միակ մասնագիտությունն է, որը կարող է մարդ կրթել, քանի որ ազդեցության շառավիղները սկիզբ ունեն, ավարտ՝ ոչ:
-Անտարակույս, անտարակույս, ձեզ մեծամեծ հաջողություններ ենք մաղթում:
…Այդպես էր նախորդ դարում, նախո՜րդ հազարամյակում, ընդամեը կես դար առաջ: Ոչ մի գաղափար, թե ամենամարդասիրական մասնագիտությունը կարող է մարդ սպանել, ամբողջ հասարակություններ, պետություններ, ապա ճանկերը սրած հարձակվել ազգերի վրա: Լրատվամիջոցներն էլ դառնան լրտեսական գործակալություններ:
Կե՜ս դար առաջ, երբ գիշերն անհոգ ննջում էինք, ցերեկն արթմնի երազում:
Իրավո՜ւնք չունեինք…
21.12.221թ.