Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
Սկիզբը՝ նախորդիվ
Վիպակ
10.
Ղեկավարիս հակիրճ, միևնույն ժամանակ հագեցած ներածականից հետո խոսքը փոխանցվեց ինձ: Ճակատամարտի գալարափողը, որ պատրաստել էի այդ պահի համար, ներսումս պապանձվեց: Դահլիճից դեմքիս սառնություն փչեց, դա անտարբերության մղեղն է, դրանով զրահավորված են գիտխորհրդի անդամները, գործընկեր դասախոսները, ուսանողները: Չգիտեմ՝ հապաղումս որքան տևեց, գուցե մի քանի ակնթարթ, գուցե կես րոպե կամ ուղիղ մեկ րոպե, բայց սկսել պետք է: Առաջին նախադասությունն արտասանեցի կախաղանին մոտեցած մահապարտի տանջանքով, այսինքն մի տարտամ հույսով, թե երկնքից փրկության դուռ կբացվի: Այդ վայրկյանին դահլիճի դուռն
անդուր ճռնչաց, վախով այդ կողմը նայեցի, հանկարծ Արամը չլինի՞: Համալսարանի գրադարանի վարիչն է, մտերիմ ընկերուհիս: Ուժ առա, համարձակությունս վերադարձավ, սկսեցի:
Սկզբում ձայնս դողաց, ուշադրությունս սևեռել էի հստակ արտահայտվելու վրա, աստիճանաբար հանդարտվեցի, մուտք գործեցի իմ աշխարհ: Ավարտին հատուկենտ ծափեր լսվեցին, փոխարենն արժանացա պրոֆեսոր Բալայանի խրախուսական հայացքին: Ինչպես իր վեպը վերնագրել է մեծն Սագանը՝ դա մի քիչ արև է պաղ ջրում: Իսկ ընդհանուր առմամբ՝ տապալումս ակնհայտ է: Ափսոս իմ ժամանակ, ափսոս իմ խելագար ճգնանք: Նստած մտածում եմ միայն Արամի առաջ արդարանալու մասին, թեև կասկած չունեմ նրա նրբանկատության վերաբերմամբ:
Ելույթի համար ամբիոն հրավիրվեց ընդդիմախոսս՝ պարոն Հակոբ Վարդումյանը, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուհական դասագրքի և բազում հոդվածների հեղինակ: Նա ինձ հաճելի զարմանք պատճառեց, գովեց հետազոտական ամբողջ աշխատանքը, որ տարել էի Հայաստան աշխարհի զանազան վայրերում, հիմնարկներում, գործարաններում ու շինհրապարակներում, հատուկ ընդգծեց գրելաոճը, որն իր պարզությամբ այնքան գեղեցիկ ու հայեցի է, չմոռացավ ուսումնական հինգ տարում հալալ քրտինքով վաստակածս գերազանց գնահատականները: Այսքանից հետո նա լռեց, ակնոցը հանեց, դրեց ամբիոնին, ալեխառն գանգուր մազերը եռանդով շփեց ու ծանր հառաչեց.
— Ցավոք, մեր հարգելի Սուսաննա Անդրանիկյանի գրվածքը գիտության հետ որևէ եզր չունի, նա գրել է գեղարվեստական գործ, որի բոլոր եզրակացությունները դուրս են գիտության պահանջներից, ավելին, նա խախտել է այդ պահանջների տրամաբանությունը, նա մարդկային հոգուն վերաբերվում է ոչ իբրև գիտահետազոտական նյութի, այլ, ինչպես ասեմ, կարծես հոգին նրա համար սրտի նման արյունատար մարմնամաս է, որը կարելի է բռնել, վիրահատել, առողջացնել: Օրիորդ Սուսաննան աղճատված է ներկայացրել խորհրդային մարդու ներաշխարհը, այս էջերը եթե հրապարակվեն՝ մեծ վնաս կհասցնեն մատաղ սերնդի դաստիարակության սուրբ գործին, ինչի ռահվիրաները մենք ենք՝ գիտության նվիրյալներս:
Հաջորդ ելույթները ոչնչով չտարբերվեցին, զայրույթի չափաբաժինն է ամեն խոսողի հետ ավելանում: Պրոֆեսոր Բալայանն այդ կարծիքներին, բնականաբար, լավ ծանոթ է, ձանձրույթով դիմանում է: Իմ ուշադրությունը սևեռված է լսարանի միջնամասում տեղ գրաված տիկին Թորոսյանին:
Աննա Թորոսյանը ոչ միայն համալսարանում, այլև ամբողջ ակադեմիայում նշանավոր դեմք է, նա հոգեբանությունը դասագրքերից իջեցրել է մինչև հոգեբուժարան ու բանտեր, այնտեղ փնտրում է առողջության ելակետը: Ես շատ կուզեի, որ նա լիներ ղեկավարս, բայց քանի որ պրոֆեսոր Բալայանն ինքն էր ինձ առաջարկել՝ համակերպել էի այդ իրականությանը: Տիկին Աննայի կարծիքն է ճակատագիրս որոշելու: Ի՛նչ կասի՝ անգուշակելի է, շքեղ հանդերձների մեջ նստել է փառահեղ սանրվածքի ներքո հավաքած մռայլ հոնքերով, շուրթերից անհետացել է գերող ժպիտը: Վեր կացավ, մոտենում է ամբիոնին: Տաք ու պաղ ալիքներ անցան մարմնովս, նույնիսկ երբ Արամը երբեմն փորձում է ինձ գրկել՝ այդքան չեմ հուզվում:
— Սիրելի Սուսաննա Անդրանիկյան, ես ձեզ ասելիք չունեմ:
Գլուխս ծանր-ծանր հակվեց կրծքիս, վերջ, Արամին մի կերպ ձախողումս կբացատրեմ, հապա ընտանիքս, մտերիմներս, ախր սրտատրոփ սպասում են, գիտեն, թե ինչ շան օրեր եմ քաշել փաստեր հավաքելիս:
— Մեկ բառով կարող եմ միայն շնորհավորել և ավելացնել՝ ապրեք:
Շուրջս շշուկ տարածվեց, գլուխս ինքնիրեն պրկվեց, նայեցի՝ տիկինը ժպտալով խոսում է:
— Շնորհավորում եմ հայրենական գիտական աշխարհին, նա առաջին անգամ կենդանի ապացույց ստացավ այն բանի, որ ակադեմիական ուսմունքները աշխատասենյակներում չեն ծնվում, այլ կոփվում են կյանքի քուրայում: Մեծագույն բավականությամբ հավաստում եմ՝ իմ ձեռքին հիմա ոչ թե սովորական մի դիսերտացիա է, այլ նոր ուսմունքի սերմ: Սե՛րմ, ասում եմ ձեզ: Մենք՝ հոգեբաններս, հոգին ուսումնասիրում ենք այնպես, կարծես այն պոեմ է կամ կարծր նյութ, մենք հորինում ենք զանազան եզրույթներ, բաժիններ, այդ ամբողջը խճողում ենք խրթին բառապաշարով և ուզում ենք, որ մարդիկ մեզ ընկալեն, վստահեն: Մենք պետք է մարդուն օգնենք զգալ հոգու վեհությունն ու նշանակությունը, պատգամենք այն պահպանել անխաթար, դողալ նրա յուրաքանչյուր տատանման համար:
— Տիկին Աննա,- տեղից միջամտեց հանրապետական հոգեբանության հայրերից մեկը, գիտությունների թեկնածու, ում երբեք չեմ հարգել, դասախոսություններն ունկնդրել եմ գրեթե նողկանքով:- Եկեք այս բարձր ամբիոնից հոգեբանությունն ու հոգեբուժությունը չխառնենք, ձեր նշած առաքելությունը պատկանում է հոգեբույժներին:
— Պարոն Շարուրյան, դուք շարունակեք հավատալ, որ հոգեբույժների բուժման առարկան կույր աղիքն է: Խնդրում եմ չծիծաղել, թույլ տվեք շարունակեմ: Այսօր արևմտյան երկրներում հոգեբանությունն օգտագործվում է հասարակության վրա իրենց ցանկացած ուղղությամբ ներգործելու չար նպատակով, Սուսաննա Անդրանիկյանը ներկա աշխարհում հենց այդ արատն է որսացել և առաջարկում է կանխման մի քանի եղանակ:
— Բայց մենք խորհրդային երկրում ենք ապրում, Լոնդոն ու Փարիզ չենք, ոչ էլ Սոմալի կամ Չինաստան,- կրկին միջամտեց պարոն Շարուրյանը, այս անգամ՝ նկատելի զայրույթով:
— Մենք, ի՞նչ է, այլ աշխարհո՞ւմ ենք ապրում, այլ մոլորակո՞ւմ, չենք ենթարկվում համայն մարդկության օրինաչափությունների՞ն, դուք կարծում եք՝ այս մեկուսացումը երկա՞ր է շարունակվելու, խորհրդային հասարակությունում ևս ապրում են այնպիսի մարդիկ, ինչպիսիք ապրում են նույն այդ Լոնդոնում ու Փարիզում և անգամ աֆրիկյան ջունգլիներում
— Հենց ջունգլիների համար էլ գրված է…
— Ես նախագահությունից պահանջում եմ ելույթս խանգարողներին կարգի հրավիրել,- նետեց Աննա Թրոսյանն ու հանգիստ շարունակեց:- Հարգելիներս, մեր առջև դրված է մի հետազոտություն, որը պետք է կոչնակի դեր խաղա: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հոգեբանական ներգործության լծակները մեր հասարակության վրա չեն փորձարկվի, նրան չեն հանի հավասարակշռությունից ու չեն տանի դավադիրների ցանկալի ճանապարհով: Հեղինակը մարդկությանն ուղղված կոչ է անում, ասում է՝ հանգիստ թողեք անհատի հոգին, այն նրա ներանձնական տիրույթն է, ոչ ոք իրավունք չունի իր սուր ճանկերով ներխուժել այնտեղ ու ավերել: Նա բազմաթիվ օրինակներով հիմնավորում է, թե հենց այսօր և մեր այս խորհրդային հասարակարգում մարդու ներաշխարհի վրա ազդելու և նրան կառավարելու որքան արատավոր միջոցներ կան: Շուկայի տերը վաճառողի վրա ազդում է վարձատրության գործոնով, վաճառողը գնորդի վրա ազդում է շողոքորթությամբ, դասախոսն ուսանողի վրա ազդում է գնահատականով, ուսանողը ծնողի վրա՝ խաբեությամբ ու այսպես շարունակ: Ցանկացած հանգամանքում վնաս է կրում մարդու բարձրագույն զարդը՝ հոգին, որ նրա մտքերի ու հույզերի խտացումն է: Աղճատվում է այդ զարդը, խեղաթյուրվում: Սիրելի Սուսաննա, շնորհակալություն տքնանքիդ ու մտքիդ գյուտերի համար, կգա մի օր՝ այս գիտական երկը հենց մեր փառապանծ պետհամալսարանում կուսուցանվի որպես դասընթաց: Ես իմ խոսքն ասացի: Առայժմ այս դիսերտացիան ոչ միայն հարկավոր է հաստատել, այլև մեծ տպաքանակով հրատարակել, որպեսզի մարդիկ գնահատեն կյանքից հետո իրենց ունեցած ամենաթանկ գանձը՝ հոգին:
Տիկին Աննան ամբիոնից իջավ, մոտեցավ ինձ, ձեռքս ամուր սեղմեց ու ջերմ-ջերմ գրկախառնվեց: Այսքանն ինձ բավական է, սրանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ: Աչքերիս անկոչ տամուկը թաքուն մաքրեցի, ամպերի մեջ սուզված նստած եմ: Հետո կատարվեց անսպասելին, դրական գնահատականները հաջորդեցին իրար, կանոնակարգային այլ գործողություններ, վերջում Սուսաննա Անդրանիկյանը հայտարարվեց գիտությունների թեկնածու, նրա աշխատությունը պետք է լույս տեսնի, նա մի քանի օրից կարող է համալսարանական լսարան մտնել որպես հաստիքային դասախոս: Երջանիկ եմ, բազում շնորհավորանքներից հարբած նետվեցի դուրս, որպեսզի վազեմ գլխավոր փոստատուն ու հարազատներիս ավետիս հայտնեմ, իսկ երեկոյան անպայման տիկին Ոսկեհատին կզանգեմ:
Հենց մուտքի մոտ Արտավազդին տեսա: Չի համբերել, Աստված իմ ինչ ընտանիք է, ինչ հայեր են: Բայց նրա դեմքի մռայլը զվարթ ժպիտս սպանեց, աշխարհում ամենից քիչ բոթի եմ սպասում: Նա ձեռքս բռնեց, քարշ տվեց դեպի բակի ուռիների տակ, ջրավազանի եզերքին դրված նստարանը, ընկավ վրան ու սկսեց հեկեկալ: Առաջին անգամ եմ արտասվող տղամարդ տեսնում, ահը սողոսկեց սիրտս, Լիբանան… Բեյրութ, քաղաքացիական պատերազմ…
— Արամը… Ավտոբուսում… Պաթեցրել են անիծյալները…
Շարունակելի