ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
«Ջաղացս մանի-մանի, // Անուշ քունս կտանի…». էս ո՜ւր հասա, ի՜նչ հիշեցի… Հին ու հնաբույր երգի տողեր են. արթնացել ու թախիծ են մանում:
Իմ թոռնուհու սերնդի պատանիները նման երգին ասում է «նավթալին դրած», չնայած մի կարգին չգիտեն էլ՝ նավթալինը ինչ է: Հիշում եմ՝ էդ սերնդի տարիքին եղած ժամանակ ես էլ էի այդպես մտածում, երբ հորս բարեկամուհիներից մեկը՝ Գոհար հաքուն, շատ անուշ ձայնով երգում էր. «Իմ յարը հանդում, չոլում, //Իմ քունը ո՞նց կտանի…»:
Լինում է, չէ՞. որտեղից որտեղ, չգիտես՝ ինչպես և ինչու, ա՛յ այսպիսի մի երգի տող գալիս ու կախվում է ականջիցդ, և անկախ քեզանից՝ մրմունջ դառնում, իջնում շուրթիդ… իջնում ու քեզ տանում քո կյանքում եղած մի անկյուն՝ երբեմն նաև տագնապոտ հուշերով լի ու նոր տագնապներ արթնացնող:
Լինում է նաև ա՛յ այսպես. արևառատ օրաբաց էր, ինչպես սիրում եմ ասել, սիրուն առ ավոտ էր, ու կարծում էի, թե օրս յոթնագույն հմայքով լի կլինի: Բայց հո կարծելով չէ: Հենց այդպես. որտեղից որտեղ, ոչ ավել, ոչ պակաս «Ջաղացս պատիկ-պատիկ»- ը եկավ ու թախիծ մանեց:
Գոհար հաքուն սիրուն աղջիկ էր ու շատ սիրուն էլ երգում էր. քեֆ ու հարսանիքների «աստղերից» էր: Մի հարսանիք նրա կյանքում բախտորոշ եղավ:
Քրոջ հարսանիքն էր: Փեսան Բաքվում ապրող արցախցիներից էր: Աղջկատանը շատ քիչ տեղեկություններ ունեին նրա մասին. միջնորդով ամուսնություն էր: Աղջկա մայրը՝ քաղքենիական հովերով տարված Աշխենը, երջանկացած էր, որ աղջիկը մեծ քաղաքում պիտի ապրի, իր նման չի «փտի՝ Ստեփանակերտի նման փոքր ու աննշան քաղաքում, որտեղ մի կարգին մեծ խանութ էլ չկա, որտեղ ընդամենը մի «Ունիվերմագ» կա, որի վաճառասեղաններին Բաքվի պահեստներում նամշահոտ առած հնաոճ ապրանքներ էին միայն լինում:
Հոր սրտով չէր: Տղամարդուն հատուկ «հոտառությամբ» զգում էր, որ փեսան այնքան էլ այն չէ ու նա չէ, ինչպես և ով ներկայանում է: Բայց կնոջ՝ յոթերորդ երկնքում լինելն ու աղջկա խելքամաղ եղած լինելը տեսնելով՝ տեղի էր տվել:
Տղատնից մի 20-25 հոգի մարդ էր եկել, մեծ մասը՝ ընկերներ: Տղայի ընկերներն էլ դուր չեկան աղջկա հորը: Նրանցից երկուսը թուրք էին:
Ուրախ հարսանիք էր. լա՛վ քեֆ էին անում: Հարսանիքի հոգին, ուրախությունն ու շունչ տվողը հոր աչքի լույս Գոհարիկն էր: Այդ օրը աղջկա անուշ երգելն ու շախով պարելն էլ չէին հոր սրտով. տագնապ կար իր ներսում, անծանոթ մի սրտմաշուք հանգիստ չէր տալիս: Զարմանալի խաժություն ունեցող աչքերով թուրք երիտասարդի՝ Գոհարիկին բացեիբաց սիրահետելը միայն իրեն չէր զայրացնում. ընկեր-բարեկամ-հարևան երիտասարդների նյարդերը չէին դիմանում: Տարեցները անհանգստանում էին. վեճ ու կռվի հոտ էին առնում: Բոլորի հույսը սեղանապետ Գուրգենի ունեցած հեղինակությունն էր. նրա ղեկավարած հարսանիքներում վեճ ու կռիվները բացառվում էին. խոսքաշեն ու զրուցաբան էր, փայլուն տիրապետում էր խոսքով ազդելու ներքին և արտաքին հնարքներին ու հնարանքներին: Որոշեցին Գոհարիկին աննկատ տանել հարևաններից մեկի տուն: Աղջիկը լացով տեղի տվեց. հայրը շատ խիստ տոնով ասաց.
— Չես պարելու, չես երգելու, հարսանքավորների աչքին չես երևալու:
Թուրքի աչքից չվրիպեց: Սկսեց խմել ու անընդհատ երաժիշտներին մեծ փողեր տալով՝ պարտադրել թուրքերեն երգել: Տղաները երկու «հերթապահ» երգ գիտեին: Անախորժությունից խուսափելու համար երկու անգամ կրկնեցին, երրորդ անգամից հրաժարվեցին: Փեսան միջամտեց: Ընկերները երկու թուրքին մեքենա նստեցրին ու տարան ինչ-որ բարեկամի տուն: Մի երկու ժամից ուրախությունը խաթարված հարսանիքը ավարտվեց; Տղատնից եկածները ներողություն խնդրեցին ու ասացին, որ լույսը չբացված՝ հենց թուրք տղաների քեֆը թողնի, ավտոներից մեկով ուղարկելու են Բաքու: Հավանաբար այդպես էլ արել էին:
Նախօրոք որոշված էր, որ աղջկատնից տղատան հարսանիքին մասնակցելու համար գնալու են հարազատներից մի 10-15 հոգի: Գոհարիկն էլ էր մեկնելու՝ որպես հարսնաքույր: Հայրը կտրականապես դեմ էր: Մայրը, մոր կողմի հարազատները համոզեցին:
Բաքվում շարունակված հարսանիքին թուրք տղաները չմասնակցեցին: Տագնապները մարեցին:
Քրոջ խնդրանքով Գոհարիկին մի շաբթով թողեցին տղատանը՝ գլխալվայի արարողությունից հետո ծնողների հետ վերադառնալու պայմանովը:
Մի քանի օր հետո հայրը կաթվածահար եղավ. Գոհարիկին թուրքը փախցրել էր: Աղջիկը 16 էլ չկար: Հայրը չապրեց: Բժիշկները չկարողացան փրկել:
88-ի արցախյան դեպքերի ժամանակ Գոհարը թուրք ամուսնուց ծնված երկու հասուն տղամարդկանց մայր էր, ամուսնացած աղջիկ ու երկու տղա թոռ ուներ: Ճակատագրի հետ հաշտված՝ ապրում էր: Իրեն մեղավոր էր զգում. տանջվում էր այն մտքից, թե հոր մահվան պատճառն ինքն է եղել: 40 տարի հոր տան դռները նրա առջև փակ են եղել:
Բաքվի հանրահայտ դեպքերի ժամանակ թուրք փեսան երկու տղա երեխաներին մորից խլում և հայից ծնված կնոջից հրաժարվում է, ուղարկում հոր տուն: Գոհարից էլ ամուսինն է հրաժարվում: Եվ կատարվում է ամենահրեշավորը. հարազատներից լլկված մայր ու աղջիկ շպրտվում են փողոց՝ ի նոր լլկում գազանացած ամբոխի:
Մազապուրծ փախստականների խմբի հետ մայր ու աղջիկ հայտնվում են Կրասնոդարում, հետագայում վերադառնում և բնակություն են հաստատում Ստեփանակերտում:
Ասում են՝ այդ դեպքերից հետո ոչ մեկը Գոհարին ոչ երգելիս է տեսել, ոչ ժպտալիս: