Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)
Սկիզբը՝ նախորդիվ
Վիպակ
7.
Մտքիս եկած նշումները հաստափոր տետրում արձանագրելուց հետո սկսեցի մտածել, թե գիտական թեզիս հաջորդ պատվարը որտե՞ղ փնտրեմ: Բանվորական միջավա՛յր, բնականաբար, տեքստիլ արդյունաբերություն: Մայրաքաղաքիս մետաքսի կոմբինատի փոխտնօրենն ինձ ընդունեց շեշտված սիրալիրությամբ, ըստ երևույթին սկզբում լրագրողի տեղ էր դրել, բայց երբ նպատակս պարզաբանեցի՝ մի կուշտ ծիծաղեց.
— Հենց ճիշտ հասցեով էլ եկել եք, մեր աշխատողների մեծ մասը կանայք են, Մալաթիա թաղամասի բնակիչներ: Գիտեք, չէ՞, ժամանակին այս թաղամասը ներգաղթյալների համար է հիմնվել, Մեծ եղեռնից փրկվածներին Լիբանանից, Սիրիայից, Հորդանանից, Իրաքից բերեցին, էստեղ տներ տվեցին, աշխատանք
տվեցին:
Ես եռանդով գլխով եմ անում, կարծես թե պահվածքս համոզիչ չէ, փոխտնօրենը մի պահ հապաղեց.
— Եթե սփյուռքահայերը հարմար չեն, մենք ուրիշ բանվորուհիներ էլ ունենք:
— Ընդհակառակը, շատ հետաքրքիր է նրանց հոգեբանական հարմարվածությունը հայրենիքի պայմաններին, ես սիրով կծանոթանամ, կուսումնասիրեմ…
— Հա, ուրախ եմ, բայց դուք ի՞նչ կարող եք անել, վերջիվերջո, մասնագիտական որոշ հմտություններ են պետք:
— Թեկուզ՝ հավաքարար, դա էլ է բանվորուհիների հետ շփման հնարավորություն:
— Դո՞ւք…
Զրուցակիցս բազմանշանակ հայացքը դարձրեց գրիչի սովոր մատներիս ու մտահոգ ասաց.
— Ուրիշ բան մտածենք, գուցե ներկման արտադրամասում ձեզ տեղավորեմ, կամ չէ, գործվածքի բաժին կտանեմ, Ոսկեհատին օգնական է պետք, գնացինք:
Հիանալի կին դուրս եկավ Ոսկեհատը՝ 50-նն անց, գիրուկ, աշխույժ, կանոնավոր դիմագծերի մեջ մշտական ժպիտ ու պատրաստակամություն, խոսքի մեջ էլ՝ արևմտահայ անուշ խոսվածք: Անմիջապես մտերմացանք: Ընդմիջման ժամն է, ապագա վարպետս նախ ուզեց իմանալ, թե ջահել տարիքիս ինչու եմ գործարանն ընտրել, ինչու չեմ մի տեղ կարգին մասնագիտություն սովորում, բարձրագույն կրթություն ստանում: Շփոթմունքս զգաց, զրույցի ուղղությունն արագ փոխեց, ընտանիքի պատմությունն արեց՝ երեք տղաներից մեկը պոլիտեխնիկն է ավարտել, ինժեներ է, շենքեր է կառուցում, միջնեկը տնտեսագետ է, հենց իրենց՝ մետաքսագործների տնտեսական գործերն է կարգավորում, փոքրը այս տարի համալսարանի պատմականը կավարտի:
— Կարծում էի, թե սփյուռքահայերը արհեստներն են նախընտրում, ուրեմն կրթությունը ձեզ համար կարևո՞ր է, տիկին Ոսկեհատ:
Նեղացավ, մածունի շիշը դրեց բուֆետի սեղանին, հակվեց դեպի ինձ.
— Ի՞նչ կըսես, աղջիկս, ճիշտ է, ես ու ամուսինս արհեստն ընտրած ենք, ատիկա ճակատագիրն ինքը որոշած է, Հայկազն ալ կոշկակար է, Մալաթիային մեջը մի հատիկ է: Ինչո՞ւ կժպտիս:
— Իմ հայրն էլ է կոշկակար, ինքն էլ մեր քաղաքում է մի հատիկ:
— Աղվոր ըսիր, ես ալ ըսեմ, որ մեզի համար, իմ տոհմիս համար, կրթությունը, Պոլիսեն սկսյալ՝ հարգի է, մեր տոհմը գիր ու կրթություն սիրած է, մեծ հայրս քաղքին ամենեն նշանավոր իրավաբաններեն եղած է, առանց կրթության ինչպե՞ս եղած է, Եվրոպայեն վկայական մը ուներ, անոր պզտիկ ախպարը…
Ափսոս, ընդմիջումն ավարտվեց, տիկին Ոսկեհատն անմիջապես գործնական տեսք ստացավ, ինձ տարավ արտադրամաս, ներկայացրեց մետաքսագործ ընկերուհիներին, ապա ցույց տվեց իր մանածագործական հաստոցը: Մինչ նա իր մասնագիտության նրբություններն է ինձ փոխանցում՝ կողքերից լսում եմ բանվորուհիների քչփչոցները.
— Արևհատ աս սիրունին տեսնես ուրկե՞ գտած է, չլինի՞ Արտավազդին հարսնացուն կըլլա:
— Չէ, հաստատ Արտավազդինը չի, նա արդեն ընկերուհի ունի, էս երկու օրը նշանդրեքն է, Արևի ուրախությանը չափ չկար, ինձ սաղ պատմեց:
— Ասկե կհետևե, որ Գուրգենին հարսնացուն է:
— Չէ՛, ասի:
— Բայց դուն Արտավազդը ժխտեցար:
— Ուրեմն Արամինն է, բայց ինչո՞ւ բանվորուհի, բարձրագույն ավարտածին բարձրագույն ավարտած կսազի կամ առնվազն ուսանողուհի:
— Ի՞նչ գիտեք, որ ուսանողուհի չէ, աչքերը խելացի են երևում
-Ինչի՞, ես որ 8-րդ դասարանն եմ ավարտել, աչքերս պակա՞ս խելացի են…
Կանացի բազմաձայն քչփչոցը տիկին Ոսկեհատը չի լսում, նրա համար անչափ կարևոր է, որ իր օգնականուհին, այսինքն ես, հաստոցը ճիշտ աշխատեցնի, պարապուրդ չլինի, խոտան արտադրանք իր անունից դուրս չգա:
— Հապա դուն փորձե, աղջիկս, կոճակը, կոճակը սեղմե, ահա, թմբուկը պտտվեցավ, հիմա…
Բարեհաջող անցա օրվա քննությունը, իջանք հադերձարան հագուստները փոխելու: Ես հեռատեսորեն կոմբինատ եմ եկել իմ ամենապարզ զգեստով, մազերս համեստորեն հավաքված են ծոծրակիս, շպարի ոչ մի հետք, անգամ մանիկյուրն եմ ացետոնով մի լավ մաքրել: Դարպասների մոտ պիտի բաժանվենք, տիկին Ոսկեհատը նախ զգուշացրեց, որ առավոտյան չուշանամ, դա աշխատանքի որակի առաջին նշանն է, ապա մի փոքր մտածելուց հետո ասաց.
— Ես քեզի շատ հավնեցա, կուզեմ, որ շաբաթ օրը իմ տունս հյուր գաս, կուգա՞ս, հարազատներուս հետը քեզի կծանոթացնեմ:
Քթի տակ ժպտում է, հայացքը քնքշացել էր: Ախ, սիրելի տիկին Ոսկեհատ, ընկերուհիներդ քեզ մատնել են, գիտեմ, որ այդ օրը Արտավազդի նշանդրեքն եք տոնելու, Գուրգենը հարսնացու ունի, իսկ Արամը մի լավ աղջկա փնտրտուքների մեջ է: Ես էլ ժպտացի, բայց մտքիս մեջ, բա ասում են ախպարները խորամանկ են, գաղտնապահ են, սրանից էլ պարզությո՞ւն: Ես գործնական ձևացա.
— Արտադրամասի բանվորուհիներին է՞լ եք հրավիրելու:
— Հապա ինչպե՞ս, իրենք իմ հարկիս ամենեն սիրված հյուրերն են, կուգաս՝ մոտիկեն կճանչնաս:
Հենց դրա համար էլ համաձայնեցի՝ մարդուն որտե՞ղ կարող ես ավելի լավ ճանաչել, քան հայկական սեղանի շուրջը, ընտանեկան խնջույքում: Սեղմեցի տիկին Ոսկեհատի տաք ձեռքը, գլխի թեթե խոնարհումով հրաժեշտ տվեցի մեր հետևից քայլող կայտառ բանվորուհիներին, այդ իրազեկիչ բամբասկոտներին, ու շտապեցի հանրակացարան՝ առաջին տպավորություններս նոթատետրիս հանձնելու:
Շարունակելի