«1926 թ. սեպտեմբերի 5-ի գիշերը, ժամը 12-ին, քրեական բավականին ծանր մի հանցանքի համար ես ձերբակալվեցի». Եղիշե Չարենց
Իրերի դժբախտ բերումով ես առիթ ունեցա մոտ վեց ամսվա ընթացքում բավականին ծանոթանալու Երևանի Ուղղիչ Տան կյանքին, և այժմ ես ուզում եմ նկարագրել այդ հետաքրքիր վայրը, որը թեկուզ կա, գոյություն ունի և ապրում է մեր աչքի առաջիր յուրօրինակ կյանքով, սակայն — ես համոգված կարող եմ այս ասել — ոչ միայն լայն մասսաները, այլև հասարակական կյանքով ապրող մահկանացուների գերազանց տոկոսը ոչ մի հասկացողություն չունի այդ աշխարհի մասին: Իմ ստացած տպավորությունները ես այժմ գրի եմ առնում «հիշողությամբ», որովհետև, դժբախտաբար, ժամանակին հնարավորություն չեմ ունեցել գրավոր «նյութեր հավաքելու», ինչպես այդ անում են հմուտ գրականագետները, երբ ընկնում են որևէ արտասովոր աշխարհ: Աներաժեշտ է ասել նաև, որ ես այստեղ պատմելու եմ միմիայն «տպավորություններ» և բնավ հավակնություն չունեմ զբաղվելու խորհըրդային կյանքի այդ, ես կասեի զարմանալի անկյան ուսումնասիրությամբ: Այս իմաստով իմ դիտողությունները կունենան անշուշտ բավականին սուբյեկտիվ բնույթ, սակայն ես մխիթարում եմ ինձ այն հույսով, որ դրանք զուրկ չեն լինի որոշ «մարդկային» հետաքրքրությունից: Բացի այս իմ տպավորությունները ես գրի եմ առնում այժմ սեփական հաճույքի համար, քանի որ ինձ քաղցր տխրություն է պատում յուրաքանչյուր անգամ, երբ ես հիշում եմ Երևանի Ուղղիչ Տունը և այն հասարակ մարդկանց, որոնք բավականին ժամանակ ինձ ընկերներ եղան այդ թեկուզև զարմանալի ու յուրօրինակ, բայց այնուամենայնիվ փակ աշխարհում…
I. Մուտքը, ձանձրույթը, Մնոյի քամանչան և հանելուկային ծափահարությունները
1926 թ. սեպտեմբերի 5-ի գիշերը, ժամը 12-ին, քրեական բավականին ծանր մի հանցանքի համար ես ձերբակալվեցի և տարվեցի Երևանի միլիցիատան քրեական բաժինը: Ուղիղ մի շաբաթ այդտեղ մնալուց հետո, մի քամի ու փոշի երեկո, Երևանի միլիցիապետի ուղեկցությամբ ես տեղափոխվեցի Ուղղիչ Տունը, որ գտնվում է այսպես կոչված «Նոր կայարարանի » դիմացը, զորանոցների կողքին:
Հարկավոր է ասել, որ ես մինչև այդ ոչ մի հասկացողություն չունեի մեր ուղղիչ տների մասին, ոչ մի անգամ չէի եղել նրանցում: Գիտեի միայն, որ նախկին բանտերը մեզանում վերածված են հիմա ուղղիչ տների, իսկ թե ի՛նչ են ներկայացնում նրանք իրենցից՝ այդ մութ էր ինձ համար այնքան, որքան մութ ու անհրապույր էր այն երեկոն, երբ միլիցիատան կառքը կանգ առավ Ուղղիչ Տան փակ դարբասների առջև, և ես կառքի լապտերի աղոտ լույսի ներքո կարդացի ձախ կողմից փակցրած քառակուսի ցուցանակը. —
Ն.Գ.Ժ.Կ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ
ՈՒՂՂԻՉ ՏՈՒՆ
Դարբասի փոքրիկ դռան վերևը կար մի երկաթյա թակոց, որով և միլիցիապետը թակեց Ուղղիչ Տան դուռը: Բախումից անմիջապես հետո դռան ձախ կողմից բացվեց մի փոքրիկ պատուուհան, որի միջից երևաց զինվորականի գլխարկով մի դեմք: Ցած ձայնով ասվեցին ինչ-որ խոսքեր, որից հետո դուռը բացվեց, և մենք մտանք Ուղղիչ Տունը — առաջ ես, հետո միլիցիապետը: Կյանքի այլ պարագաներում առաջինը մտնելը նշան է հարգանքի, իսկ այստեղ այդ, իհարկե, մի քիչ այլ իմաստ ուներ, իբրև մարդկային հարաբերություն… Այս ամենը թողեց ինձ վրա ծայր աստիճանի ծանր, ճնշող տպավորություն. — մշուշոտ, վայրկենական զառանցանքի նման մտքիցս անցավ Ֆյոդոր Դոստոևսկու «Մեռյալ տունը», և ինձ թվաց, թե կյանքը, աշխարհը, իմբոլոր կապերն ու ծանոթությունները, անգամ արևն ու կապուտակ երկինքը մնացին մեր հետևից փակված դարբասի այն կողմը, իսկ թե ի՜նչ էր ինձ սպասում դարբասի այս կողմը — այդ մութն էր դեռ ինձ համար և այդ մթությամբ` ճնշող ու անձկալի: