Ֆրանց Վերֆել. «Մուսա լեռան 40 օրը» (Հարյուրամյա պատմության դասերը)
…1985 թվականին էկրանավորվեց մեր ազգի պայքարի, մաքառումների ու վերածննդի մարմնավորումը դարձած՝ Ֆրանց Վերֆելի «ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ 40 ՕՐԸ» վեպը. մինչ այդ հայ մշակույթի մեծ նվիրյալ Գրիգոր Չալիկյանը ստեղծել էր «Մուսա լեռան 40 օրը» ռադիոբեմադրությունը: Հետագայում երկու արվեստագետներ՝ Գրիգոր Չալիկյանն ու Հերբերտ Գասպարյանը համադրելով վեպի ամբողջ գեղարվեստական հմայքն ու արժեքը, Մուսա լեռան հերոսամարտի ոգին՝ ստեղծեցին մի էպիկական ներկայացում՝ իրական հերոսներով ու պատմություններով: Հեռուստաներկայացումը ստեղծվեց ֆիլմի սկզբունքով՝ ստուդիայի տաղավարում: Բեմադրող նկարիչը Աշոտ Համբարձումյանն է, իսկ բեմադրող օպերատորը՝ Բորիս Պետրոսյանը: Ստեղծվեց հեռուստաներկայացում, որը ռեժիսուրայի, բեմանկարչության և օպերատորական արվեստի փայլուն ներդաշնակություն է:
«Մուսա լեռան 40 օրը» հեռուստաներկայացման մեջ ընդգրկվեցին մեր մեծանուն դերասաններն ու տաղանդավոր արվեստագետները: Եվ նրանց շնորհիվ ունենք հայ ժողովրդի սխրանքին արժանի հեռուստաներկայացում՝ բաղկացած 5 մասից:
Դառնանք ու հիշենք բոլորին մեկ առ մեկ, ովքեր սերունդներին ընծայեցին այս մեծակտավ գործը.
Բեմադրող ռեժիսորներ՝ Գրիգոր Չալիկյան և Հերբերտ Գասպարյան, բեմադրող օպերատոր՝ Բորիս Պետրոսյան, բեմադրող նկարիչ՝ Աշոտ Համբարձումյան, կոմպոզիտոր՝ Երվանդ Երկանյան, հնչյունային ռեժիսոր և երաժշտական ձևավորող ՝ Ֆելիքս Արամյան, օպերատորներ՝ Պողոս Սիմիթյան և Վոլոդյա Մկրտչյան, ռեժիսորի ասիստենտներ՝ Թորգոմ Մովսիսյան և Նոնա Ղուկասյան, դիմահարդարներ՝ Գրետա Սմբատյան և Աղավնի Խաչատրյան, հնչյունային օպերատոր՝ Զինա Ալիխանյան, տեսագրության ինժեներներ՝ Վանիկ Գևորգյան և Հակոբ Մելքոնյան:
Հեղինակի դերում Խորեն Աբրահամյանն է: Չի կարող գտնվել մի հայ, ով ազդված չլինի Խորեն Աբրահամյանի մենախոսությունից, ով մարմնավորում է հեղինակի դերը, թեև ավելի ճիշտ կլիներ ասել՝ հայ պատմիչի ու պատմության հետ «դու»-ով խոսող հավերժական հայի կերպարը: Եվ այս ոգեղեն, սերունդներ ապրեցնող տեքստի ու սցենարի հեղինակը եղել է Գրիգոր Չալիկյանը:
Գլխավոր հերոսի՝ Գաբրիել Բագրատյանի դերում Լևոն Թուխիկյանն է, որի մարմնավորած այս վիթարի կերպարն արդեն դասական արժեք է հայ թատրոնի պատմության մեջ:
Կնոջ՝ Ժուլիեթի դերում հանդես է գալիս Ալիս Կապլանջյանը:
Նրանց որդու՝ Ստեփանիկի դերում Միքայել Ջանիբեկյանն է: Տեր -Հայկազունի դերում Հրաչյա Ղազարյանն է: Արամին՝ զեյթունցի ուսուցչին մարմնավորում է Լոռենց Առուշանյանը: Զինագործ Պետրոսին մարմնավորում է Ռուդոլֆ Ղևոնդյանը: Իսկուհու կերպարը խաղում է Կարինե Ոսկանյանը: Դեղագործ Գրիգորին մարմնավորում է Հարություն Հայրապետյանը: Բժիշկ Ալթունիի դերում Ալեքսանդր Ադամյանն է: Ոսկանյանի կերպարը մարմնավորել է Արմեն Մարությանը: Քեբուսյանի դերում Մամիկոն Մանուկյանն է: Սամվելի դերում Գրիգոր Օգարյանն է: Պատվելի Նոխուդյանի կերպարը իր անզուգական խաղով մարմնավորել է Վլադիմիր Մսրյանը: Կիլիկյանի դերում Կարեն Ջանիբեկյանն է:
Գոնզագ Մարիսի դերում հանդես է գալիս Ալեքսանդր Խաչատրյանը:
Ֆրանց Վերֆելը հայ ազգի հանդեպ գործադրված ցեղասպանության թեման վեր է հանել մարդկության խիղճը դարձած գերմանացի արևելագետ, հոգևորական Իոհաննես Լեփսիուսի կերպարի միջոցով, որին մարմնավորել է Նուբար Չալիկյանը:
«Մուսա լեռան 40 օրը» վեպում Ֆ. Վերֆելը որպես պատմական փաստ ներկայացրել է Իոհաննես Լեփսիուսի և երիտթուրքերի պարագլուխներից Էնվերի հետ հանդիպում-զրույցները: Եվ հեռուստաներկայացման մեջ տեղ է գտել այդ անչափ կարևոր դրվագը, որտեղ Էնվեր փաշայի դերում գրոտեսկային, հետաքրքիր խաղով հանդես է գալիս Էդուարդ Գասպարյանը:
Հանդես են գալիս նաև մեր մյուս հրաշալի արտիստները ՝ Լյուսյա Հովհաննիսյան, Արշավիր Ղազարյան, Կարպիս Շամլյան, Էդիտա Ավագյան, Լիդա Քառյան, Արամ Սարիբեկյան, Արմեն Աբելյան, Վարդան Հովակիմյան, ինչպես նաև մի խումբ մուսալեռցիներ:
«Մուսա լեռան 40 օրը» ստեղծագործությունը բեմադրելը պահանջում էր այնպիսի երաժշտություն, որը կմարմնավորեր մեր ազգի պատմական անցյալը, մաքառումներն ու իղձերը: Եվ այդ ստեղծագործությունը «Կիլիկիա» ազգային երգն էր (խոսք՝ Նահապետ Ռուսինյան, երաժշտ.՝ Գաբրիել Երանյան)՝ կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի անզուգական մշակմամբ: Ստեղծագործությունը հնչեցնում են Հեռուստատեսության և Ռադիոհաղորդումների պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ռաֆայել Մանգասարյան և Կամերային երգչախումբը՝ խմբավար Տիգրան Հեքեքյան: Երկու մաեստրոների մատուցմամբ «Կիլիկիա»-ն հնչեց իր ամբողջ հզորությամբ: Իսկ Էջմիածնի «Մուսա լեռ» ազգագրական խումբը, որի գեղարվեստական ղեկավարն է Մովսես Շարբաթյանը, ստեղծեց պատմական ու ազգային հրաշալի միջավայր՝ հենց մուսալեռցիների երգ ու պարով:
…Գրիգոր Չալիկյանի անունից Հերբերտ Գասպարյանն այսօր իր շնորհակալական խոսքն է հայտնում մուսալեռցիներին՝ իրենց մասնակցության համար:
Դիտենք ու հիշենք մեր պատմության հարյուրամյա դասերը …
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ