ՕՐԸ՝ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ․․․
«Եթե ես Աստծո տեղը լինեի…»
Ստեղծագործելիս խոհուն ու զուսպ, մանկավարժական պարապմունքների, համերգային փորձերի ժամանակ` լուրջ, խիստ եւ պահանջկոտ, իսկ ազատ եւ հանգստի ժամերին, ընկերների ու բարեկամների շրջանում` զվարճախոս էր, սրախոս, կատակաբան, վառվռուն, երբեմն` նույնիսկ «թեթեւ»: «Սա ի˜նչ մասխարա մարդ է , եղբա՛յր, սա հո կատարյալ կոմիկ է, մի՞թե սա է Կոմիտասը»,- մեծ երգահանի կատակի պահին ասում էին անծանոթները: Իրապես այսպիսին էր լայն ժողովրդականություն վայելող երգիչ, երգահան, երաժշտագետ Կոմիտասը:
«Բնավորությամբ, իհարկե արտաքուստ, շատ թեթեւ էր Կոմիտասը,- «Կյանքիս հուշերից» գրքում գրում է լեզվաբան Հրաչյա Աճառյանը:- Այդպես են կոստանդնուպոլսեցիք, եւ դրա համար էլ Կովկասում համարվել են «թեթեւամիտ»: Նա բարկանալ ընդհանրապես չգիտեր: Ամենալուրջ խոսակցության մեջ էլ Կոմիտաս վարդապետը մի կատակ, կամ թեթեւ զվարճախոսություն էր խառնում»:
Պատմում են այսպիսի մի դեպք: Կոմիտասը հատուկ ուշադրություն էր դարձնում բառերի շեշտադրման վրա: Նույն հոգածությունն էր եւ երգեցողության մեջ: Ծաղրում էր այն անփույթ տիրացուներին, որոնք շեշտեր էին դնում վանկերի վրա, որոնց շեշտադրման կարիքը չկար:
1913 թվականի ամռանը, Կ.Պոլսի սուրբ Հրեշտակապետ մայր եկեղեցու դասում, Կոմիտասն ունկնդրում էր պատարագի երգեցողությունը, երբ դպիրը սկսում է թուրքական շարքիների եւ մանիների պես «քաշել» «ազատություն» բառը: Կոմիտասը չի հանդուրժում սխալը եւ սուրբ արարողության ժամանակ ծաղրելով դպիրին` ինքն է երգում այդ բառը: Արարողության ավարտից հետո, Կոմիտասը մոտենում է նրան եւ կեսկատակ, բայց լուրջ շեշտով ասում է . «Տո՛, զուռնաչի, մի՞թե կարելի է այդ աստիճան չարչարել մարդկային ազատությունը: Եթե ես Աստծո տեղը լինեի, այդ տեսակ ազատություն խնդրող մարդուն ստրկություն կշնորհեի»:
1906 թվականին էր: Մի անգամ կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը, իր ութսունվեց տարիներն ուսերին առած, տոնական ինչ — որ հանդեսի ժամանակ գալիս է ճեմարան: Հանդիսարանում նստած` իբր լսում է Կոմիտասի խմբական երգերը , ուսուցիչների ու աշակերտների ճառերը, բայց համակ ուշադրությամբ նայում է գմբեթաձեւ առաստաղից կախված մեծ ջահին: Մեկնելիս նա իր մոտ է կանչում տեսուչին եւ հրամայում, որ իջեցնեն ջահը. «Պարոն Կոստանյան,- ասում է նա ,- քեզի կպատվիրեմ, որ վաղը վար առնել տաս այդ ահռելի ջահը, վտանգավոր է , մի օր կընկնի աշակերտների գլխին ու ուսուցիչներուդ հետ միատեղ ջարդ ու փշուր կանե: Ինչ պիտի ընես ան ժամանակ»: Կոստանյանը թոթվում է ուսերը եւ չի պատասխանում: Անցնում է մեկ օր, երկու օր. ի՞նչ պետք է անել` Վեհափառի հրամանն էր, չկատարելն անհնար էր, կարող էր մի քանի օրից գալ ճեմարան եւ ստուգել իր կարգադրության հետեւանքը, իսկ կատարելը միանգամայն աննպատակ էր, որովհետեւ ջահը երկաթե շղթայով շատ ամուր կապված էր իր տեղում, եւ վայր ընկնելու ոչ մի վտանգ չկար: Կոմիտասը գտնում է ելքը. «Պարո՛ն Կոստանյան,- ասում է նա տեսչին,- ջահը կմնա տեղում, վար չեք առնի: Իբր կատարված է վերին հրամանը, իբր արդեն վար է առնված: Թույլ տվեք գնամ Վեհարան եւ խնդրեմ իրավունք ` նորից կախելու, քանի որ «մթության» մեջ ես չեմ կարող երեկոներն իմ խմբական փորձերը կատարել»: Ջահն, իհարկե, այդպես էլ կախված էր տեղում, սակայն հաջորդ օրն եւեթ ջահը նորից իր տեղը կախելու կարգադրություն եկավ…
Ճեմարանի ուսուցչական խումբը երկու շաբաթը մեկ ուրախ ժամանցի համար հավաքվում էր ընկերներից որեւէ մեկի տանը: «Եվ դուք պետք է տեսնեիք, թե Կոմիտասը ի˜նչ հազվագյուտ ուրախ անդամ էր այդպիսի հավաքույթների մեջ ,- գրում է Գարեգին Լեւոնյանը: — Է˜յ, զուռնաչի, արի մի նարդի խաղանք»,- ասում էր նա իր պես նարդախաղի մեծ վարպետ մաթեմատիկոս Կարապետ Տերյանին: Կոմիտասը միայն նրա հետ էր մրցում, թույլերի հետ չէր խաղում: Խաղում էր արագ եւ միշտ երկու ձեռքով, իսկ խաղակիցը մաթեմատիկական հաշիվներ էր անում ու դանդաղում: — Դե՛, գնա բաբայիդ բարեւ արա ,- գրեթե միշտ այդ էր ասում խաղակցին, երբ հաղթում էր: Իսկ տարվելիս ընդհատում էր, վեր էր թռչում եւ գնում իր գործերով զբաղվելու»: Իսկ որ Կոմիտասը կարող էր նաեւ հուշարարություն անել, ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում: Ճեմարանում սկսվել էին տարեկան հանդիսավոր քննությունները: Հինգերորդ դասարանցիները քննություն էին հանձնելու եկեղեցու պատմությունից: Ներկա էին եպիսկոպոսներ, վարդապետներ եւ ուսուցիչներ: Ներկա էր եւ Կոմիտաս հայր սուրբը: Ներկայանում է աշակերտներից մեկը, որ ինչպես հետո է պարզվում, թույլ էր այդ առարկայից, բայց լավ երգիչ էր եւ Կոմիտասի սիրելի աշակերտներից մեկն էր: — Ասա, տղա՛ս ,- հարցնում է եպիսկոպոսներից մեկը,- ո՞վ է կառուցել Հռիփսիմեի վանքը: Աշակերտը վարանում է ու խեղճ-խեղճ նայում է Կոմիտասի երեսին` կարծես աղերսելով մի կերպ օգնել իրեն: Կոմիտասը հասնում է օգնության. ներկաներից աննկատ նա մի քանի անգամ աջ ձեռքը խփում է կրծքին, այսինքն ուզում է հասկացնել, թե. «Հիշի՛ր, Կոմիտաս կաթողիկոսը, 7-րդ դարում»: Խեղճ աշակերտը շփոթությունից թե ուրախությունից հանկարծակի գոռում է, ասես հայտնագործություն արած լիներ. «Հռիփսիմեի վանքը կառուցել է Կոմիտաս հայր սուրբը»,- ասում է եւ իրենից գոհ, շնորհակալական, ժպտադեմ հայացքով նայում հուշարարին:
Մանուշակ Շիրինյան «Հուշերի արահետներով»