Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
Վարդանանց հրապարակի՝ 19-րդ դարից մինչ օրս կառուցված շինություններն աչքի են ընկնում տարբեր ոճերի ճարտարապետական հորինվածքային միջոցների ներդաշնակ միասնությամբ։ Այստեղ իրար են զուգորդվում հայկական միջնադարյան, 19-րդ դարի ալեքսանդարապոլյան ճարտարապետության ավանդույթները ռուսական եվ եվրոպական ոճերի փոխակերպումների հետ։
Հրապարակի կառույցներն առանձին վերլուծելիս ակնհայտ է կոնտրաստի բացակայությունը, ինչը
կհանգեցներ մեներանգության (մոնոխրոմության), եթե չլիներ գերիշխող և ենթակա տարրերի կիրառումը: Ճակատների գերիշխող շինարարական նյութը տուֆն է, սակայն կան նաև բազալտի և ֆելզիտի կիրառման օրինակներ: Հատակագծային հորինվածքները բազմազան են, ինչպես ասիմետրիկ, այնպես էլ սիմետրիկ, ուղղանկյան տեսք, եռանկյան տեսք։ Այսպիսով, Վարդանանց հրապարակի ճարտարապետությյունն առանձնանում է ոճական բազմազանությամբ։ Այստեղ իրար կողք կողքի տեսնում ենք միաժամանակ և՛ ալեքսանդրապոլյան ճարտարապետության ավանդույթներով կառուցված շինություններ, և՛ մոդեռն, ստալինյան ամպիր, արտ- դեկոյի, նեովերածննդի, կոնտրուկտիվիզմի ճարտարապետության սկզբունքներով կառուցված շինություններ, որոնցում միախառնված են միաժամանակ մի քանի ճարտարապետական ոճեր /էկլեկտիզմ/։ Այստեղ իրար են զուգորդվում հինն ու նորը, ավանդույթը և արդիականությունը։ Ընդհանուր առմամբ ներառված ճարտարապետական տարրերի ընտրությունը, գեղարվեստական արտահայտչամիջոցները ներդաշնակ են։
Զուգահեռներ տանելով դիտարկվող ժամանակաշրջանի միջև՝ առանձնանում է բեկման կետը՝ 1926թ. երկրաշարժից հետո, երբ քաղաք հրավիրվեցին ճարտարապետներ Դ. Չիսլյանը և Հ․ Քաջազնունին և այլոք, ովքեր հեղափոխիչ ներդրում ունեցան քաղաքի կառուցապատման թե՛ շինարարական նյութի, թե՛ կոնստրուկցիաների և թե՛ հակասեյսմիկ ներմուծությունների մեջ:
Բանալի բառեր՝ կլասիցիզմ, կոնստրուկտիվիզմ, նեովերածնունդ, էկլեկտիզմ, մոդեռն ճարտարապետություն, ‹‹խոսուն ճարտարապետություն››, ստալինյան բարոկկո, ար- դեկո։
THE ARCHITECTURE OF GYUMRI VARDANANT SQUARE
Ohanna H. Eloyan
The buildings of Vardanants Square stand out in harmony with the architectural compositions of different styles from the 19th century to the present day. The traditions of the Armenian medieval and 19th-century Alexandrian architectural style buildings are standing next to Russian and European styles.
When analyzing the structures of square separately, the lack of contrast is evident. This would results in monochromy if there were not used dominant and subordinate elements. The main building material for facades is tuff, but there are basalt and felsite. There are variety of project compositions, both asymmetrical and symmetrical, rectangular and triangular, . Thus, the architecture of Vardanants Square is distinguished by its stylistic diversity. Here, side by side, we see buildings that have been built according to the traditions of Alexandrian architecture, and buildings built according with the principles of modern, Stalinist empire, art-deco, neo-renaissance, constructivism architecture, in which several architectural styles are mixed at the same time /eclecticism/. The old and new, traditional and modern styles are combined together here. In general, the choice different architectural elements and artistic expressions are concordant.
When drawing parallels between the above mentioned periods, the year 1926 stands out as a breaking point: After the earthquake, the architects D. Chisliev and H. Kajaznuni and the others, made revolutionary contributions to the construction of the city, which includes construction building materials and in anti-seismic solutions.
АРХИТЕКТУРА ГЮМРИЙСКОЙ ПЛОЩАДИ ВАРДАНАНЦ
Оганна Г. Элоян
Здания площади Вардананц гармонируют с архитектурными композициями разных стилей, с 19 века до наших дней. Традиции армянского средневекового и александрийского архитектурного стиля XIX века соседствуют с русскими и европейскими стилическими трансформациами.
При анализе структур площади по отдельности бросается в глаза отсутствие контраста. Это привело бы к монохромии, если бы не использовались доминирующие и подчиненные элементы. Основной строительный материал для фасадов — туф, но также есть базальт и фельзит. Встречаются разнообразные пройекты композиции, как асимметричные, так и симметричные, прямоугольные и треугольные. Таким образом, архитектура площади Вардананц отличается стилистическим разнообразием. Здесь рядом мы видим здания, построенные в традициях александрийского зодчества, и здания, построенные по принципам модерна, сталинского ампира, ар-деко, неоренессанса, конструктивизма, в которых несколько архитектурных стилей смешаны одновременно /эклектика/. Здесь сочетаются старый и новый, традиционные и современные стили. В целом выбор различных архитектурных элементов и художественные выражения, гармонични.
При проведении параллелей между упомянутыми периодами переломным моментом является 1926 год. После землетрясения архитекторы Д. Числиев и О. Каджазнуни и другие внесли революционный вклад в строительстве города, включающее строительные материалы и антисейсмические решения.
Ключевие слова: конструктивизм, класицизм, неоренессанс, эклектизм, архитектура модернизма, ,,говорящая архитектура,, сталинский барокко, ар-деко:
Նախաբան։ Վարդանանց hրապարակը Գյումրու կենտրոնական հրապարակն է։ Այն արևմտյան կողմից կից է Աբովյան փողոցին, հյուսիսային կողմից՝ Գայի փողոցին, արևելքից՝ Շահումյան և հարավից՝ Վահան Չերազ փողոցին։ Ուղղանկյունաձև այս հրապարակը (280 x 140 մետր) նախկինում կոչվել է Ազատության հրապարակ, իսկ մինչ այդ՝ «Մայիսյան ապստամբության հերոսների հրապարակ» ՝ ի պատիվ 1920-ի մայիսին Առաջին հանրապետության դեմ բոլշևիկյան ապստամբության ձախողման։ Հրապարակը բացվել է շուրջ մեկ հարյուրամյակ առաջ՝ 1930-ականներին, խորհրդային իշխանության տարիներին՝ համաձայն Ալեքսանդր Թամանյանի նախագծի և Դ. Չիսլյանի վերանայած պլանի։ Այն շրջապատված է քաղաքի հասարակական կյանքում կարևոր դեր ունեցող տարբեր տարիներին կառուցված բազմաբնույթ շինություններով: Այսպես, արևելյան կողմում է գտնվում Գյումրու քաղաքապետարանը, իսկ հարավային կողմում՝ Սբ․ Ամենափրկիչ եկեղեցին։ Այստեղ է տեղակայված նաև Սբ․ Յոթ Վերք եկեղեցին (հյուսիսում) և «Հոկտեմբեր» կինոթատրոնը, նախկին ‹‹Լենինական» հյուրանոցը (արևմուտքում), Պետական բանկի շենքը, ‹‹Եռանկյունի›› շենքը, ‹‹Լոդկա›› շենքը։ Նշված կառույցների մեծամասնությունը մտնում են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի մեջ ՀՀ Կառավարության 2004 թ․ №1270 որոշման հիման վրա։
Մեթոդներ և նյութեր։ : Ճարտարապետական վերլուծությունը հիմնված է.
- գիտական գրականության և արխիվային նյութերի ուսումնասիրության,
- տվյալների, փաստագրական նյութերի, լուսանկարների հավաքագրման,
- տեղազննության վրա:
- համեմատական և առանձին վերլուծություններ
Վերլուծություն։ Հոդվածը պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի մասերի՝ հիմք ընդունելով նրա բովանդակությունը։ Առաջին մասում խոսել ենք տվյալ ժամանակաշրջանի պատմական համատեսքստի մասին, այնուհետև տալիս ենք հրապարակի ինֆրաստրուկտուրան կազմող շինությունների գեղարվեստական, ոճական վերլուծությունը, նկարագրությունը։ Սրան զուգահեռ պահպանվում է կառուցների ճարտարապետական ոճերի համեմատական վերլուծությունը։
Միաժամանակ, օգտվելով օգտագործված փաստագրական գրականությունից, հոդվածում բացահայտվել են այնպիսի նորանոր հավաստի տվյալներ, ինպիսիք են Ղ․ Սարգսյանի և Դ․ Չիսլիևի հրապարակի նախագծման պլանները։ Բովանդակային առումով հոդվածի առանձին մասերը պահպանում են կառույցների ժամանակագրական հաջորդականությունը և իրար հետ փոխկապակցված են։ Այն հիմնված է մեր կողմից անցկացված տեսական և պրակտիկ նշանակության հետազոտությունների, հարցազրույցի միջոցով տվյալների հավաստիությունը ճշտելու վրա։ Այսպիսով, փաստագրական տվյալները հիմնավորված են։
Արդյունքներ։ Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ Վարդանանց հրապարակի ինֆրաստրուկտուրան կազմող ճարտարապետական կառույցները, չնայած ոճական բազմազանությանը, այնուհանդերձ իրար ներդաշնակվում են ՝ հաշվի առնելով միջավայրում դիրքը, համաչափությունը, հարկայնությունը, մասշտաբը, շեշտադրումը, դոմինանտ և ենթակա շենքերի առկայությունը նույնպես։
Նախաբան։ Թե՛ հայ, թե՛ օտարազգի բազմաթիվ ճարտարապետների և գիտնականների հետաքրքրությունը հայկական ճարտարապետության նկատմամբ նպաստել է խնդրո առարկայի պատմության վերաբերյալ համապարփակ և համընդգրկուն գրականության ստեղծմանը, որը կարող է օգտակար լինել հետագա ուսումնասիրությունների համար: Սակայն տվյալ հետազոտությունը հիմնականում հիմնված է արխիվային նյութերի և տեղային զննման վրա, քանի որ Վարդանանց հրապարակի՝ XIX դարի և XX դարի առաջին կեսի հասարակական և եկեղեցական շենքերին նվիրված առանձին հրատարակություններ դեռևս չկան: Քաղաքի ճարտարապետությանը վերաբերող գրական աղբյուրներից պետք է նշել Ս. Մաթևոսյանի «XVIII-XIX դդ. Գյումրիի ժողովրդական ճարտարապետությունը» աշխատությունը, Է. Տիգրանյանի «Հայ ճարտարապետների գործունեությունն Անդրկովկասում XIX դարի վերջ — XX դարի սկիզբ», ինչպես նաև XIX դարի և XX դարի սկզբի ուսումնասիրություն է: Կան նաև Գյումրուն անդրադարձող այլ նշանավոր հեղինակների կողմից տարբեր ժամանակներում հրատարակված ակնարկներ՝ Վ. Հարությունյանի «Հայկական ճարտարապետության պատմություն»-ը, Լ. Դոլուխանյանի “Архитектура Советской Армении, 20-е годы XX века”: Մեր ուսումնասիրության համար կարևոր ելակետ է հանդիսացել մի շարք հեղինակների կողմից 2012-ին հրատարակված ‹‹Գյումրի։ Քաղաքը և մարդիկ›› գիրքը, ինչպես նաև Շ․ Հակոբյանի ‹‹Գյումրի քաղաքի XIX դարի և XX դարի առաջին կեսի հասարական շենքերի ճարտարապետությունը և արդիականացման խնդիրները›› 2021-ին պաշտպանած ատենախոսության սեղմագիրը։
Չնայած եղած գրականությանը՝ թեման դեռևս լիովին է ուսումնասիրված չէ։ Առաջին անգամ շրջանառության մեջ են դրվում նյութեր արխիվային վկայագրերից՝ մասնավորապես թերթերից, որոնց միջոցով ներկայացնում ենք Վարդանանց հրապարակի նախագծման տարբերակները, հարցազրույցի միջոցով բացահայտվում են Քաղաքապետարանի շենքի նախնական տարբերակները։
Աշխատանքի նպատակը: Հոդվածի նպատակն է ներկայացնել Վարդանանց հրապարակի՝ մշակութային-պատմական մեծ արժեք ունեցող կառույցների էքստերիերի և ինետերիերի ճարտարապետության տարածական լուծումները, ինչպես նաև վերլուծել և ի հայտ բերել ոճական, էրգոլագիական առանձնահատկությունները, հորինվածքի նախագծումը, գործածված ծավալային հնարները։ Հետազոտության շրջանակներում փորձել ենք բացահայտել ոճական փոփոխությունների ժամանակագրությունը, դրանց փուլային անցումները։
Հետազոտության գիտական նորույթը: Սույն հոդվածը խնդրո առարկա շենքերի առաջին համալիր հետազոտությունն է, որը ներառում է դրանց մասնագիտական դասակարգումն ըստ առանձնահատկությունների ու հորինվածքային լուծումների: Հոդվածում առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրվում Դ. Չիսլյանի, Հ․ Քաջազնունու, Ա․ Վարդանյանի, Ղ․ Սարգսյանի Գ․ Քոչարի գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթերի նոր էջեր, արխիվային այլ նախագծային նյութեր, համապատասխան ուսումնասիրություններով /հարցազրույցի միջոցով տեղեկությունների ճշտում/։
Վարդանանց հրապարակում սկզբնապես կառուցված շինությունները վերաբերում են Ալեքսանդարապոլյան ‹‹ոսկե դարի›› /1880-1910 թթ․/ եկեղեցական ճարտարա-պետությանը։ Ինչ վերաբերում է վերը նշված տարիների ճարտարապետական ոճին, այն միանշանակ ընթացավ Եվրոպայում և Ռուսաստանում իշխող միտումներին համահունչ, այն է՝ կլասիցիզմի նահանջով, էկլեկտիզմի հայտնվելով, և արդեն դարավերջին, մոդեռնի ծնունդով։ Այս բոլոր ոճական փոխակերպումները, որոնք տեղի էին ունենում Եվրոպայում և Ռուսաստանում, արտահայտված են ինչպես Ալեսանդարապոլի, այնպես էլ Վարդանանց հրապարակի ճարտարապետության մեջ։ Եվրոպական ճաշակի այդպիսի անմիջական և ակնհայտ ներխուժումը Ալեքսանդրապոլ հնարավոր դարձավ քաղաքի՝ արտաքին աշխարհի հետ աննախադեպ կապվածության շնորհիվ։
Միաժամանակ հարկ է նշել, որ ցարական կառավարությունը հատուկ ‹‹գերագույն›› հանձնաժողովների միջոցով կազմակերպում և վերահսկում էր նոր կառուցումների և քաղաքների վերափոխման գործընթացը բոլոր մակարդակներում՝ սկսած նախագծումից մինչև իրականացում [1, էջ 167]։ Այսպես, Գյումրին դեռևս 19-րդ դարում ունեցել է իրավական կանոնակարգում, ըստ որի շենքերի ճակատային փոփոխությունները, նույնիսկ ներկելու գույնի ընտրությունը պետք է կատարվեր թույլատրվող տիպարներից և համաձայնեցվեին իրավասու մարմինների հետ։ [1, էջ 11]
Վերը նշված ժամանակաշրջանին է վերաբերվում Սբ․ Աստվածածին եկեղեցին, որին ժողովորդը անվանում է Յոթ Վերք։ Այն կառուցվել է հավանաբար 1882-1887 թթ․ նախկին փայտաշեն եկեղեցու տեղում, Գևորգ V Տփխիսեացի Սուրենյանց կաթողիկոսի նախաձեռնությամվ և մեծագույն ջանքերով: Հիմնադրվելուց ի վեր եկեղեցու դռները երբեք չեն փակվել հավատացյալների առջև։ Շատերը հավատում են, որ եկեղեցին պահպանվեց այնտեղ պահվող Աստվածամոր սրբապատկերի շնորհիվ: Այն խորհրդանշում է Աստվածամոր յոթ վերքերը, ինչից էլ բխում է եկեղեցու առավել տարածված անվանումը՝ Յոթ Վերք։ Համարվում է, որ «Յոթ Վերք» սրբապատկերը հրաշագործ զորությամբ է օժտված։
1926-ի ավերիչ երկրաշարժից հետո, երբ Կաթոլիկ եկեղեցին խոնարհվեց, այնտեղից Յոթ Վերք եկեղեցի տեղափոխվեց խաչված Քրիստոսի արձանը, որը դրվեց Սուրբ Երրորդության աղոթարանում։
1988-ի երկրաշարժից մի քանի ամիս առաջ ավարտվել էր գլխավոր գմբեթի վեղարի (գմբեթի տանիքը) վերակառուցումը: Մինչ այդ այն (գմբեթի տանիքը) փայտաշեն էր և թիթեղապատ: Ճարտարապետ Սասուն Գրիգորյանի նախագծով նորոգվեց նաև զանգակատունը։ 1988-ի ահեղ տարերքի հարվածներից եկեղեցին իր նորաշեն գմբեթով մնաց կանգուն, թեև կործանվեցին զանգակատան վերին հարկը ու երկու փոքր գմբեթները[1, էջ 172]:
Կառույցին անսովոր տեսք են հաղորդում հայկական եկեղեցաշինության մեջ հազվադեպ հանդիպող մի շարք ճարտարապետական լուծումներ: Սբ. Աստվածածինը սրբատաշ սև տուֆից կառուցված գմբեթավոր բազիլիկ է` դրսից արտահայտված չորս անկյունային ավանդատներով և արևմտյան կողմին կից զանգակատնով: Ալեքսանդրապոլի եկեղեցիներից ամենաերիտասարդ այս կառույցն իր ամբողջ նկարագրով առանձնանում է նախորդներից։ Հայ ավանդական եկեղեցիներից այն տարբերվում է իր լայն, մասսիվ և ձգված ճակտոնով, որը ձգվում է ճակատների ծայրից ծայր, շենքի ծավալից առաջացող չորս անկյունային խորանների ծավալներով, լոտոսաձև սյունագլուխ ունեցող զուգակցված սյուներով, զույգ ‹‹կեղծ›› գմբեթներով։ Վերջիններս տեղադրված են արևելյան կողմում և, կարծես, հավասարակշռում են հակառակ՝ արևմտյան կողմում գտնվող զանգակատա գմբեթը՝ ստեղծելով ճարտարապետական ձևերի մի հրաշալի ներդաշնակություն։ Բացառիկ է արտաքին շարվածքի քարերի մշակումը՝ հատուկ մուրճով (սանրտարաղ) վարպետները մշակել են դրանց մակերեսները այնպես, որ առաջանան եղևնաձև ակոսիկներ։ Շնորհիվ այդպիսի մշակման, շարքի քարերը անդրադարձնում են արևի լույսը տարբեր ուղղություններով՝ ստեղծելով լույս ու ստվերի անկրկնելի խաղ։
Յոթ Վերքի հյուսիսային և հարավային ճակտոնները սովորականից ավելի տափակ են և ձգված ճակատի գրեթե ամբողջ երկայնքով: Համեմատեք դրանք մոտակայքում գտնվող Ամենափրկիչ եկեղեցու ճակտոնների հետ, որոնք զգալիորեն ավելի թեք են և նեղ:
Յոթ Վերք եկեղեցու բոլոր արտաքին անկյունները զարդարված են երկու զույգ որմնասյուներով, որոնք ունեն զուտ դեկորատիվ նշանակություն:
Հայկական ճարտարապետությանը բնորոշ հարդարման տարրերի հետ մեկտեղ, ինչպիսիք են՝ հիմնական կառույցի քիվերի և զանգակատան գոտիների զարդաքանդակները, այստեղ կիրառված են նաև արտասովոր լուծումներ։ Որմնասյուների խոյակների զարդարման մոտիվը և դրանց խարսխային հատվածներում քանդակված «անգղի ճանկեր» կամ «տերևներ» կոչվող մոտիվները հանդիպում են նաև Արևմտյան Եվրոպայի ռոմանական և գոթական տաճարներում։
Եկեղեցու ներսույթը կազմված է աղոթասրահից, գլխավոր խորանից և դրա երկու կողմերում տեղակայված ավանդատներից։ Աղոթասրահի գմբեթակիր չորս սյուները սրահը բաժանում են երեք նավերի։ Սյունազարդ ավանդատները և նախասրահները մի փոքր դուրս են մղված եկեղեցու ուղղանկյունաձև հատակագծից։ ։
Զանգակատան և հարավային ավանդատան շթաքարային (ստալակտիտային) թաղերն արված են մեծ վարպետությամբ։ Այսպիսի քարե ստալակտիտային թաղերը առավելապես բնորոշ են միջնադարյան հայկական ճարտարապետությանը, որին հանդիպում ենք նաև միջնադարյան Գեղարդավանքի գավթում:
Կառույցի հեղինակը, կարևորելով լուսավորության խնդիրը, շեղվել է տարածված ավանդույթից և գմբեթի թմբուկի վրա տեղադրել է լայն և բարձր պատուհաններ: Սրա շնորհիվ եկեղեցու ներքին տարածքը ողողվում է արևի ճառագայթներով: Այսպիսով, եկեղեցու ճարտարապետական լուծումները բխում են դարաշրջանին բնորոշ դասական և էկլեկտիկ, ինչպես նաև հայկական եկեղեցաշինության ոճակազմությունից, իսկ շինարական արվեստը՝ տեղական, ազգային ավանդույթներից [1, էջ 172]։
Ալեքսանդրապոլյան մշակութային շերտի կառույցներից մեկը՝ Սբ. Յոթվերք եկեղեցին, յուրահատուկ է նաև նրանով, որ ունի հինգ տարբեր խորաններ` նախատեսված տարբեր դավանանք ունեցող համայնքների համար (գլխավոր խորանը Հայ Առաքելական եկեղեցու համար, սբ․ Յոթվերք խորանը՝ Ուղղափառ եկեղեցու, իսկ Սբ․ Երրորդության խորանը՝ Կաթոլիկ եկեղեցու, իսկ սբ․ Սարգիս խորանը՝ ասորիներին): Երկրորդ հարկում կա ևս երկու խորան։ Այն դեպքում, եթե երկու դավանանքների մոտ որևէ ծիսակարգի արարողության անցկացման օրերը համընկնում էին, ապա նախապատվությունը տրվում էր հայերին։
Յոթ Վերք եկեղեցին առանձնանում է նաև գլխավոր խորանի ճոխ զարդարանքով: Խորանի՝ պատկերակալ հիշեցնող կոմպոզիցիայի կենտրոնում զետեղված է «Տիրամայրը մանկան հետ» կտավը, որը պատկանում է հայ անվանի գեղանկարիչ, հայ պատմանկարչության ժանրի հիմնադիր Վարդգես Սուրենյանցի վրձնին։ Պատերը նույնպես զարդարված են որմնանկարներով։
Յոթ Վերքը շարունակեց գործել նույնիսկ 1988-ի ավերիչ երկրաշարժից կրած վնասներից հետո: Երկու փոքր գմբեթները, որոնք հարվածից հայտնվել էին գետնին, հիմա տեղադրված են եկեղեցու այգում՝ կողք կողքի։
2016-ին սբ. Յոթ վերք եկեղեցու հարավային պատին ամրացվեց քանդակագործ Ալբերտ Վարդանյանի կերտած ‹‹Զի եղիցին մի›› աստվածաշնչյան գաղափարախոսությամբ հարթաքանդակը, որը նվիրված է գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հիշատակին։
Վարդանանց հրապարակում է գտնվում նաև ալեքսանդրապոլյան մշակութային շերտի կառույցներից և քաղաքի խոշորագույն եկեղեցին՝ Սբ․ Ամենափրկիչ եկեղեցին է, որը կառուցվել է քաղաքի բնակչության հանգանակություններով 1858-1873 թթ․։ Պատմում են՝ հավաքված գումարի կեսը նվիրել է Դրամփյանների ընտանիքը այն բանից հետո, երբ Դրմփոնց աղան խոստացել է, որ կկրկնապատկի այն գումարը, որը կահավաքվի ամբողջ քաղաքի բնակչության ջանքերով։ Շինարարությունն իրականացրել են Թադևոս Կարապետյանը ( Անտիկյանց), Պապիկ Կարապետյանը (Բարտաշոյանց) և Արդար Մանուկը (Պետրոսյանց)։ [1, էջ 170]
Ակնհայտ է, որ Սբ․ Ամենափրկիչը, ինչպես և շատ ուրիշ կառույցներ, կրում է Անի քաղաքի միջնադարյան կոթողների ազդեցությունը, սակայն այն Անիի Մայր տաճարի կրկնօրինակը չէ, ինչպես ընդունված է կարծել։ Այն օժտված է իր ժամանակին հարիր ուրույն և անկրկնելի ճարտարապետական և շինարարական հատկանիշներով։ Եկեղեցին ունի այս տիպի կառույցներում հազվադեպ հանդիպող նկուղային հարկ։ Սև և կարմիր տուֆով համադրությամբ շարված պատերը մշակված են բազմաթիվ հարթաքանադակներով, որոնք պատկերում են հատվածներ Աստվածաշնչից։ [1, էջ 170]
Զանգակատան՝ կարմիր և սև քարերով կառուցված հարթ առաստաղը ալեքպոլցի վարպետների կողմից կիրառված հետաքրքիր ճարտարապետական լուծումների օրինակ է։ Եկեղեցու ներքին պատերը և առաստաղը սվաղված էին հատուկ շաղախով, որտեղ կրից բացի, օգագործված էր ուղտի բուրդ։
1882թ․ Ձիթողցյանների միջոցներով հյուսիսային ճակատին կից կառուցվել է փոքրիկ գավիթ։ Զանգակատունը 1932-ին փորձել են քանդել տանկերով, հետո պայթեցրել են։ 1960-ականներին զանգակատունը վերաշինվել է։ Եկեղեցին զգալիորեն փլուզվել է 1988-ի ավերիչ երկրաշարժից և այժմ վերանորոգվում է [1, էջ 171]։
Խորհրդային կարգերի հաստատումից հետ հետհեղափոխական տարիները բնորոշվում են ազգային հանրապետություններում մեծ քաղաքացիական և արդյունաբերական շինարարության սկզբնավորումով։ Տեղի է ունենում նոր տնտեսական գործունեության ձևավորման գործընթաց, որում վիթխարի նշանակություն է տրվում շինարարությանը [2, էջ 190]։
Գրեթե նույն տարիներին՝ 1926-ի ավերիչ երկրաշարժից հետո Լենինականը (Գյումրի) բախվեց ոչ միայն բնակարանային սարսափելի ճգնաժամի, այլև առաջացավ շինարարական չափանիշների բարեփոխման հրատապ անհրաժեշտություն, ինչը կարող էր ապահովել վերակառուցվող քաղաքի սեյսմիկ անվտանգությունը: Աղետից տուժած քաղաքի վերականգնման աշխատանքները ղեկավարելու համար խորհրդային Հայաստանի կառավարությունը հրավիրեց մի շարք արտագաղթած ճարտարապետների։ Արտերկրից Հայասատան տեղափոխվեցին Դ․ Չիսլիևը, Գ․ Քոչարը, Ղ․ Սարգսյանը, Կ․ Ղալաբյանը և Մ․ Մազմանյանը և ուրիշներ։
Ի դեպ նշված ճարտարապետներից Դ․ Չիսլիևը մինչև 1912-ը զբաղեցնում էր Թիֆլիսի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Վերջինս նոր թափով ներգրավվում է վերը նկարագրված շինարարությունում և իրեն հատուկ բարեխղճությամբ նվիրվում իր վրա դրված ստեղծագործական, վարչական և կազմակերպական պարտականությունների կատարմանը։
Չիսլիևին հանձնարարվեց նախագծել սեյսմակայուն բնակելի շենքերի մոդելներ, ինչպես նաև քաղաքի կենտրոնի վերակառուցման ընդհանուր պլանը, որը նախկինում փորձել էին կատարել ուրիշները (ներառյալ՝ Ալեքսանդր Թամանյանը և Ղազար Սարգսյանը): Նա մշակեց քաղաքի կենտրոնական հրապարակի կառուցապատման ուրվագիծը և նախագծեց այնտեղ գտնվող հասարակական շենքերը։ Լենինականի վերականգնումը սկսվեց քաղաքի կենտրոնից՝ հրապարակից, որի կառուցապատման նախագիծը մշակել էր ճարտարապետ Դավիթ Չիսլիևը։
Չիսլիևի նախագծի համաձայն՝ այստեղ պետք է կառուցվեին երեք հասարակական շենք՝ Աշխատանքի պալատը, հյուրանոցը և Պետբանկը։ Նրա պատկերացմամբ հրապարակի ճարտարապետական դոմինանտը պետք է դառնար Աշխատանքի պալատի շենքը, որը, սակայն, այդպես էլ չիրականացվեց: Վերը նշված հյուրանոցի շենքի հորինվածքը ներկայացնում է նոր գեղագիտական մոդել, որտեղ պատմական մոտիվները զուգորդվում են արդի ճարտարապետական միտումների հետ։ ‹‹Լենինական›› հյուրանոցը քաղաքի ճարտարապետության ամենահետաքրքրիր կառույցներից մեկն է, որը համահունչ է քաղաքի ընդհանուր ‹‹կոլորիտի›› մեջ իր գունային լուծումներով և քարի ֆակտուրայով, մասշտաբով։ Եռահարկ այս հյուրանոցի վերևի երկու հարկերը հատկացված են եղել բնակելի սենյակներին, որոնք տեղադրված են միջանցքային համակարգով։ [3, էջ 68] Իսկ առաջին հարկում գտնվում էր վարչական հատվածը, ռեստորան, սրճարան։ Հետաքրքիր լուծումներով առանձնանում է ֆասադը, որին աշխուժություն են հաղորդում առաջին հարկի կամարաշարները։ [3, էջ 68]
Շենքի աշտարականման ծավալները և կամարակապ սրահները հիշեցնում են Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիի պալատների և քարավանատների ճարտարապետական ձևերը: Այս մասին են վկայում գլխավոր մուտքի գոթական ոճից փոխառնված կամարը և կողային մասերի երկու սրածայր կամարակապ պատուհանները, որոնք միացված են առաջին հարկի կամարաշարի ճկուն ռիթմով։ Ուշագրավ է, որ հեղինակը շենքի ճակատը պսակում է ալեքսանդրապոլյան կառույցներին հատուկ «բոխչա» կոչվող քիվով. այս կերպ նա ժողովրդական ճարտարապետության այս մոտիվն ի ցույց է բերում կենտրոնական հրապարակ։ Ճակատի հորինվածքն աշխուժացնող կամարավոր սրահի վերևում պատշգամբներ են։
Չիսլիևը կառույցի ճակատի համար ընտրել է բաց մոխրագույն բազալտե քարը, որը ներդաշնակվում է շրջապատին։ Նրա նախագծած հյուրանոցի արժանիքներից մեկը շրջակա միջավայրի և օգտագործողների նկատմամբ նրա մեծ ուշադրությունն ու կարևորումն է։ Կառույցը՝ փողոցի հետ փոխկապակցված կիսահասարակական տարածքներով, կամարաշարային և մեծ բաց պատշգամբներով, կարծես ստեղծված լինի մարդկանց հարմարավետության և հաճույքի համար՝ ի տարբերություն հրապարակի դիմացի այդ ժամանակի քաղխորհրդի շենքի խիստ ճարտարապետության: Չիսլիևի ժամանակակից «քարավանատունը» հայկական ավանգարդ շենքերի մի մոդել է:
Շենքի ինտերիերի հարդարումից պահպանվել են դեռևս Ալեքսանդրապոլում հիմնված հայտնի Տայանների գործարանի սալիկները։ Ներկայումս կառույցը վերանորոգվում է։ Ողջունելի է, որ սեփականատերը պահպանել է հյուրանոցի օրիգինալ դետալները՝ այդ թվում «Տայոնց տոմետով» երեսապատված հատակները։ Այժմ կամարների միջև տարածությունները փակվել են ապակիներով։
Չիսլիևը Գյումրիում նախագծած հյուրանոցային և բազմաբնակարան շենքերի համար կիրառեց մերձավորարևելյան քաղաքային ճարտարապետական ավանդույթները՝ գտնելով տեխնիկական և տարածական լուծումներ: Նա այս տարրերը սինթեզեց խորհրդային կոնստրուկտիվիզմի ֆունկցիոնալիստական մեթոդների և արտ նուվոյի դեկորատիվ սխեմաների հետ։ Արդյունքը եղավ արևմտյան և արևելյան փիլիսոփայությունների գաղափարներով ստեղծված էկլեկտիկ համադրությունը, որը մոդեռնիստական ճարտարապետության մոտեցումները հարմարեցրեց տեղական սովորույթներին, գեղագիտական զգայունությանը և նյութերին:
Շենքը կառուցված է տեղական սև տուֆից՝ բացառությամբ ճակատից, որը շարված է բաց մոխրագույն բազալտով: Սրբատաշ և կոպտատաշ մշակված բազալտի համադրության շնորհիվ ճակատային լուծումներն առավել արտահայտիչ են դառնում: Ի դեպ՝ հյուրանոցի շենքը միակն է քաղաքում, որի ճակատն ամբողջապես երեսպատված է բազալտով: Պատահական չէ նաև, որ քիվերի համար հեղինակն օգտագործել է ավանդական սև տուֆը : Քիվերի հետ ներդաշնակվում են նաև սև տուֆից տաշված պատուհանների երեսկալները:
Հյուրանոցի հորինվածքում ուշադրության է արժանի կիսահասարակական տարածքների կազմակերպումը: Այստեղ կամարավոր սրահների հարկի տակ գործող սրճարանները և ընդարձակ բաց պատշգամբներն ստեղծում են փոխկապակցվածություն հյուրանոցի և հրապարակի միջև՝ ներգրավելով այցելուներին հրապարակի եռուզեռի մեջ: Սա մի նորարարական մոտեցում էր քաղաքի հանրային տարածքների կազմակերպման գործում:
Հյուրանոցի շենքը, ինչպես և Դավիթ Չիսլյանի հեղինակած մյուս կառույցները, Լենինականի համայնապատկերում ստեղծեցին մի նոր ճարտարապետական մոտեցում, որը մինչ օրս էլ տարբերվում է քաղաքի ճարտարապետական ոճերի բազմազանության մեջ:
1927-ի վերջին ավարտվեց հյուրանոցի շինարարությունը և մեկնարկեցին Պետբանկի շենքի շինարարական աշխատանքները, որոնք երեք տարի տևեցին։ Լինելով կենտրոնական հրապարակում կառուցված առաջին խոշոր շինություններից մեկը՝ այն ազդարարեց Լենինականի տեսողական լանդշաֆտի նոր տիպի ճարտարապետությունը։
Ըստ Չիսլիևի հեղինակած բանկի շենքի էսքիզի՝ իր ծավալատարածական լուծումներով և ոճական տեսանկյունից Պետբանկի շենքը մոտ է հյուրանոցի շենքի ճարտարապետությանը: Այսպես, երկու դեպքում էլ հեղինակը օգտագործել է խոշոր երկրաչափական ծավալներ, սլաքաձև և կիսակլոր կամարներ: Գլխավոր ճակատի ձևավորման համար նա կիրառում է ճարտարապետական այնպիսի մոտիվներ, ինչպիսիք են կիսասյուների փնջերը։
Այստեղ Չիսլիևը միավորում է ազգային ճարտարապետության և 1920-ականների ճարտարապետության ոճական սկզբունքները։ Օրինակ, մուտքի վիտրաժի ձևավորումը՝ հիմնված պարզ երկրաչափական ձևերի վրա (եռանկյուններ, քառակուսիներ, օղակներ), բնորոշ է Ար-դեկո ոճին, որն առաջացավ Ֆրանսիայում 1920-ականներին և լայն տարածում գտավ ողջ աշխարհում 1930-1940-ականներին։ Կառուցված շենքի լուծումները տարբերվում էին Չիսլիևի էսքիզային տարբերակից: Այստեղ ճարտարապետը հրաժարվել է շենքի ճակատի ասիմետրիկ հորինվածքից և ամբողջովին վերափոխել Պուշկինի փողոցին հարող հատվածը։ 1928-ի պահպանված հին լուսանկարում տեսնում ենք՝ կառուցված շենքի կենտրոնում գտնվում է գլխավոր ատրիումային դահլիճը, որի երեք կամարակապ բացվածքները նայում են դեպի հրապարակ: Չիսլիևն ինքն է պատվիրել այս փոփոխությունները, թե դրանք պատվիրվել են մեկ այլ մարմնի կողմից, անհայտ է, բայց հետաքրքիր է տեսնել սկզբնական նախագիծը պահպանված այս լուսանկարի կողքին: Հեղինակը շենքի հարդարման մեջ օգտագործել է ստալակտիտային /շթաքարային/ մոտիվը, որին հանդիպում ենք հայ միջնադարյան ճարտարապետության մեջ՝ գավիթների, շքամուտքերի, սյուների խորանարդաձև խոյակների և կամարների զարդարման համար։ Այս մոտիվը յուրատեսակ մեկնաբանությամբ փորագրված է կիսասյուների խոյակների անկյուններում։ Ի դեպ, Չիսլիևն այն օգտագործել է նաև Լենինականի մի շարք բնակելի շենքերի նախագծերում։ Սև ու վարդագույն տուֆի հակադիր համադրումը հավելյալ աշխուժություն է հաղորդում շենքին։
1930-ականներին ճարտարապետ Ռուբեն Կասպարովի նախագծով շենքը ընդլայնվեց։ Վերակառուցման ընթացքում ատրիումային դահլիճի վերին հատվածը հեռացվեց և առաջին հարկի վրա կառուցվեց երկրորդ հարկը, որի ճարտարապետական լուծումները համահունչ էին պահպանված հատվածի ճարտարապետական ոճին։ Շենքի նոր հատվածը օժտված է ավելի զուսպ, լակոնիկ ձևերով, որոնք ընդգծում են կառույցի ֆունկցիոնալ նշանակությունը։ Այստեղ զգացվում է կոնստրուկտիվիզմի ազդեցությունը։
Այստեղ հանդիպում ենք կոնստրուկտիվիզմին բնորոշ տարածական այնպիսի լուծումներ, ինչպիսիք են մեծ ապակեպատ մակերեսով ուղղանկյունաձև պատուհանները, երկրաչափականությունը, սև և վարդագույն քարերի հերթագայությամբ ընդգծված փոխուղղահայաց գծերը:
Ուշ խորհրդային շրջանում՝ 1980-ականներից հետո, երբ անհրաժեշտություն առաջացավ ընդլայնել շենքի տարածքը, Պուշկինի (ներկայիս Գայի) փողոցի ուղղությամբ ավելացվեց նոր հատված։ Նախագծումն ու շինարարությունն իրականացվեց Լենինականի Գիտավերականգնողական արվեստանոցի կողմից՝ ճարտարապետ Սասուն Գրիգորյանի ղեկավարությամբ։ Այն ներառում էր մի մեծ կիսաշրջանաձև կամարակապ բացվածք, որը տանում էր դեպի բանկի բակ։ Այստեղ տեղադրվել է Գրիգորյանի նախագծած և արվեստանոցի դարբինների կողմից պատրաստված դեկորատիվ կռածո դարպաս։ Պատուհանների վրա տեղադրված են դեկորատիվ կռածո վանդակաճաղեր։ Հայաստանի անկախության առաջին տարիներին շենքը սեփականաշնորհվեց։ Մինչդեռ շենքում դեռ գործում է մասնավոր բանկ. այն զբաղեցնում է դրա միայն մի փոքր մասը։
2018-ին շենքի մնացած հատվածում սկսեց գործել «Պլազա Վիկտորիա» հյուրանոցը: Հյուրանոցային հատվածի իրականացման ընթացքում դրա երկրորդ հարկը բաժանվեց երկու մակարդակի (շենքը դարձավ եռահարկ)։ Շենքը մինչ օրս էլ Պետբանկի շենքն իր ուրույն տեղն է գրավում քաղաքի կարևորագույն ճարտարապետական կոթողների շարքում։
«Հոկտեմբեր» կինոթատրոնը Գյումրու կենտրոնական հրապարակի (ներկայիս անվանումը՝ Վարդանանց հրապարակ) ճարտարապետական անսամբլի մասն է կազմում։ Ոճական այլ սկզբունքներ են արտահայտված 1926-ին կառուցված այս կինոթատրոնում։ Կառույցի հեղինակը Լենինականի առաջին գլխավոր ճարտարապետ Ղազարոս Սարգսյանն է (1879-1960)։ Արցախի Շուշի քաղաքում ծնված Սարգսյանը մեծացել է արևմտականացված միջավայրում, ինչն էլ ձևավորել է եվրոպական մշակույթի և, մասնավորապես, կլասիցիզմի հանդեպ նրա հատուկ հետաքրքրությունը։ Այս նախասիրությունն ամրապնդվեց, երբ ճարտարապետն ուսանում էր Սանկտ-Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների կայսերական ինստիտուտում։ 1900-ին ուսումն ավարտելուց հետո նա տեղափոխվեց Թիֆլիս։ Այս երկու քաղաքների ճարտարապետական տարբեր հոսանքները, որոնցում միահյուսված էին տեղական և եվրոպական ավանդույթները, ձևավորեցին այն մոտեցումները, որոնք Սարգսյանը կիրառում էր իր լենինականյան նախագծերում։ Ինչպես տեղեկանում ենք 1924թ. նոյեմբերի 12-ին լույս տեսած «Բանվոր» օրաթերթից, Սարգսյանը շինարարական աշխատանքներին զուգընթաց մշակել էր նաև հրապարակի նոր հատակագիծը, որտեղ նախատեսում էր կառուցել շատրվաններ, ճեմուղիներ, իսկ հարավային հատվածում՝ ապակեպատ պատկերասրահ: Կինոթատրոնը նախագծված էր 18-րդ և 19-րդ դարերի եվրոպական կլասիցիզմի սկզբունքներին համապատասխան։
Գտնվելով հրապարակի հյուսիսարևմտյան անկյունում՝ /սբ․ Յոթ Վերք եկեղեցու հարևանությամբ/ կինոթատրոնի գլխավոր ճակատը բացվում էր դեպի հարակից փողոցը (ներկայիս՝ Աբովյան), մինչդեռ դրա կողային ճակատն ավելի դեկորատիվ գործառույթ էր կատարում: Սյունազարդ նախասրահով, խոշոր որմնասյուներով, երկշարք պատուհաններով, արտահայտիչ հեծաններով և տանիքային բազրիքով այս շենքը հռոմեական կամ ֆլորենտական պալացցո (քաղաքային տուն Իտալիայում) է հիշեցնում։ Մուտքերն ունեն տանբուրներ, ինչը կարևոր հանգամանք է Գյումրիի նման կլիմա ունեցող քաղաքի համար: Արտաքին և ներքին մակերեսները բաղկացած են առաջին և երկրորդ հարկերում տեղադրված 4 մեծ և 11 փոքր կիսակոր պատուհաններից։ Երկրորդ հարկ տանող անկյունային աստիճանները քողարկվում են սյունասրահով։
1961-ին «Հոկտեմբեր» կինոթատրոնի հարակից փողոցը վերածվեց ճեմափողոցի՝ համաձայն ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի նախագծի։ Կինոթատրոնի պատին ամրացված է հայտնի կինոռեժիսոր, խորհրդային կինոյի արկածային ժանրի լավագույն վարպետներից մեկի՝ 1936-ին Լենինականում ծնված Էդմոնդ Քեոսայանի հուշատախտակը, որի հեղինակը քանդակագործ Զավեն Կոշտոյանն է։ Նույն ճակատի վրա ամրացված քանդակային հուշատախտակից տեղեկանում ենք, որ շինությունը կառուցվել է 1926 թվականին՝ Ղազարոս Սարգսյանի նախագծով:Այս կառույցին բնորոշ է նեովերածննդի լայնորեն տարածված ոճը։ Վերջինիս կիրառմամբ 1920-ականների հայ ճարտարապետության անվանի վարպետները փորձում էին վերաիմաստավորել հայկական քաղաքները՝ որպես արդյունաբերության և բարձր մշակույթի առաջադիմական կենտրոններ։ Երբ մտնում ես երկհարկանի սրահի ճեմասրահը, անմիջապես աչքի է զարնում վերին պատշգամբը՝ իր կամարակապ բացվածքներով։ Պատշգամբի բազրիքը և բյուրեղյա ջահն ընդգծում են միջավայրի վեհությունը։ Իր ճարտարապետական լուծումներով և պճնազարդ հարդարանքով ճեմասրահը հիշեցնում է 19-րդ դարի ռուսական պարահանդեսային սրահների ինտերիերը:
Ճարտարապետ Սարգսյանի կիրառած դասական ոճն օտարոտի հավելում չէր քաղաքի ճարտարապետական հյուսվածքին։ Քաղաքում արդեն կային մի շարք շինություններ՝ Գյումրու դրամատիկական թատրոնը, Առևտրային քոլեջը, որոշ առանձնատներ, որոնք կառուցված էին եվրոպական նեոդասական ճարտարապետական տարրերի կիրառմամբ։ Դիմելով կարմրանարնջագույն և սև տուֆի հակադիր համադրությանը (ալեքսադրապոլյան շարվածք)՝ Սարգսյանը այստեղ կատարելապես արտացոլեց Գյումրու պատմական կենտրոնի, այդ թվում՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գունակազմությունը՝ ապահովելով իր նախագծած շենքի ներդաշնակեցումը քաղաքի գոյություն ունեցող շերտերի հետ։ Նշված երանգներ ունեցող քարով կառուցված օրդերային համակարգը (կիսասյուները և հեծանները) ավելի ընգծված և հստակ է դարձնում շենքի տեկտոնիկ կառուցվածքը՝ տեսողականորեն ամրություն հաղորդելով կառույցին։ Նույն գույներով իրականացված ճակատային դեկորատիվ տարրերը՝ պատուհանների զարդաքիվերը, երեսկալները, «վիտրուվիան ալիք» կոչվող զարդագոտին, մուգ ֆոնի վրա ավելի արտահայտիչ են դարձնում պատերի զարդարանքը, իսկ սպիտակ գույնով ներկված տանիքային ճաղաշարը տոնական տեսք է հաղորդում շենքին:
Շենքի կիսասյուները մշակված են հոնիական և դորիական օրդերների մոտիվներով: Հեղինակը հետաքրքիր լուծում է տալիս այն հատվածներում, որտեղ հոնիական և դորիական օրդերները «հանդիպում են» միմյանց: Այս քիչ հանդիպող ճարտարապետական հնարքը հավանաբար խորհրդանշում է շենքի գործառույթը՝ որպես սոցիալական հանդիպումների վայր:
Երբ խորհրդային ճարտարապետների առաջին ալիքը բախվեց այն հարցին, թե ինչպես կարելի է արդիականացնել քաղաքը՝ չխզելով նրա 19-րդ դարի շերտերի շարունակականությունը, Սարգսյանը նախագծեց մի մոդել, որն ազդեցիկ մնաց նույնիսկ իր մահից հետո:
1926-ի երկրաշարժի նախօրեին ավարտված «Հոկտեմբեր» կինոթատրոնը վերապրեց 1928-ի մեծ հրդեհը և 1988-ին տեղի ունեցած երկրորդ, ավելի ավերիչ երկրաշարժը: Երկու անգամ վերականգնված այս շինությունը շուտով կբոլորի հարյուրամյակը՝ պահպանելով իր սկզբնական դիմագիծն ու գործառույթը: Կինոթատրոնի ինտերիերների մի մասը պահպանվել է նախկին տեսքով, իսկ որոշ գոտիներ, ինչպես օրինակ՝ կինոդահլիճը, անկախության տարիներին արդիականացվել է: Մուտքային հատվածում նախկինում տեղադրված դասական փայտյա դռներն այժմ փոխարինվել են մետաղական ապակյա դռներով: Խորհրդային և անկախության առաջին տարիներին շենքն ընդգրկվել է ‹‹Կումայրի›› արգելոց թանգարանի պահպանման գոտու մեջ։
‹‹Խոսուն ճարտարապետության›› միտքը խորթ չէր ԽՍՀՄ-ի գաղափարախոսությանը։ Զարմանալի չէ, որ այն տարածված էր նաև Գյումրիում։ Այստեղից էլ գալիս են առասպելային պատմություններ, որոնցից մեկի համաձայն քաղխորհրդի շենքը մտածված էր այնպես, որ հիշեցներ ինքնաթիռ։ Մեկ այլ պատմության համաձայն՝ քաղաքային գրադարանի շենքը խորհրդանշում է դեպի ապագան շարժվող նավ ։
Հրապարակում իր ահռելի չափերով գերիշխող դիրք է զբաղեցնում 1931-ին Խորհրդային կոնստրուկտիվիզմի առաջատար ճարտարապետ Գևորգ Քոչարի նախագծով կառուցված վերը նշված Գյումրու քաղխորդի շենքը: Այն ձգվում էր կենտրոնական հրապարակի արևելյան հատվածի գրեթե ամբողջ երկայնքով։ Ձգվածության, խոշորության և բաց գույնի շնորհիվ կառույցը գերիշխում էր հրապարակի համալիրում: Չնայած իր ազդու մասշտաբին՝ շենքը զարմանալիորեն թեթև և հյուրընկալ տեսք ուներ:
Քաղխորհդի շենքը քաղաքային իշխանությունների համար նախատեսված առաջին մասնագիտացված շենքն էր քաղաքում։ Շենքի հեղինակը՝ Գևորգ Քոչարը, սովորել էր «Վխուտեմասում» (Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցներ, Մոսկվա, 1926-ից՝ «Վխուտեին»), որն այդ տարիներին գեղարվեստական ավանգարդի տեսական դրույթների փորձարկման ու իրականացման կենտրոն էր:
1929-ին տեղափոխվելով Երևան՝ Քոչարը սկսեց աշխատել լայնածավալ քաղաքաշինական նախագծերի վրա՝ հաճախ համագործակցելով գաղափարակից գործընկերների՝ Միքայել Մազմանյանի, Կարո Հալաբյանի և Տիրան Երկանյանի հետ։ Նրանք անդամակցում էին Հայաստանի պրոլետարական ճարտարապետների միավորմանը («ՕՊՐԱ»), որը հանդես էր գալիս բոլորովին նոր, կոնցեպտուալ ճարտարապետության ստեղծման օգտին՝ հիմնված ոչ դասակարգային հասարակության գաղափարների վրա:
«ՕՊՐԱ»-ի անդամների համար ձևը միշտ պետք է հետևեր բովանդակությանը, իսկ կառույցն ընդհանուր առմամբ պետք է լիներ դրա ֆունկցիոնալության մարմնավորումը: Պրոլետարական ճարտարապետները ձգտում էին ազատվել զարդանախշերից՝ որպես ավանգարդիզմին օտար միջոցի: Նրանց կարծիքով ճարտարապետական ստեղծագործությունը պետք է ունենար խորը կոնցեպտուալ միտք՝ սկսած կառույցի երկրաչափական ծավալների դասավորությունից մինչև ինտերիերի ամենափոքր դետալը:
Թեև կոնստրուկտիվիստները հրաժարվում էին դասական ճարտարապետության կանոններից և զարդարանքի, միաժամանակ կարևորում էին ճարտարապետության գեղագիտական կողմը, որ կառույցները պետք է լինեին ոչ միայն ֆունկցիոնալ, այլև արտահայտիչ: Ճարտարապետության այս նոր ուղղությանը բնորոշ էին ընգծված երկրաչափական ձևերը, խոշոր ծավալները, բաց և մեղմ գույները:
1932-ին Մոսկվայում ամփոփվում են Խորհուրդների պալատի՝ պատմության մեջ աննախադեպ ճարտարապետական մրցույթի արդյունքները և ընդունվում է մի հրամանագիր, որը կանխորոշեց ստալինյան ճարտարապետության զարգացումը և ավանգարդիզմի նահանջը:
Հետևելով կառավարության նոր պահանջներին՝ հայ ավանգարդիստները սկսեցին փնտրել այնպիսի ձևեր, որոնք կհաշտեցնեին ավանգարդիստական ճարտարապետությունը ստալինյան տոտալիտար գաղափարախոսության հետ: Նրանց աշխատանքները ստանում են սիմետրիկ լուծումներ, կրկին ի հայտ է գալիս ավանդական քարի կիրառումը՝ հարդարված դասական ճարտարապետության ձևերով: Դասական ճարտարապետության մոտիվները հայտնվում են ոչ միայն նոր նախագծերում, այլև մոդերնիստական ոճով արդեն իսկ կառուցված շենքերի վրա:
Լենինականի քաղխորհդի շենքի շինարարությունը ընթացավ այն ժամանակաշրջանում /1931-1933/, երբ շատ խորհրդանշական շենքեր, որոնք ի սկզբանե կառուցվել էին կոնստրուկտիվիզմի ոճով, վերանախագծվեցին նոր դեկորատիվ ձևավորմամբ: Այստեղ միահյուսվեցին մոդերնիստական և պահպանողական ճարտարապետական մոտեցումները:
Քաղսովետի շենքի կոմպոզիցիոն լուծումները սիմետրիկ են։ Նրա կենտրոնական հատվածում գտնվում է նախասրահ՝ շրջապատված աստիճաններով, որոնցից երկու կողմերով տարածվում են ծառայողական սենյակների միջանցքները։ Եռահարակ այս շենքի գլխավոր մուտքը ընդգծված է դուրս եկած կիսաշրջանաձև ծավալով։ Ճարտարապետության մեջ հանդիպում ենք նաև դասական ճարտարապետությունից փոխառնված տարրեր, որոնք մեխանիկորեն ներմուծված են ընդհանուր ծավալների մեջ։ Այսպիսի տարրերից են կենտրոնական կիսաշրջանաձև հատվածի ճարտարապետական հարթ որմնասյուները /պիլյաստրներ/[3, էջ 61] ։
Շենքի ճակատը լուծված է շեշտված հորիզոնական մասնատվածության սկզբունքով: Այն առաջանում է ողջ լայնքով ձգվող պատուհանների շարքերի և վարդագույն տուֆով պատված գոտիների հերթագայության շնորհիվ: Սրանով հեղինակը ընդօրինակում է կոնստրուկտիվիզմին բնորոշ ժապավենային ապակեպատավորումը:
Գլանաձև եվ ուղղանկյուն ծավալների հատումով ստեղծվեց հետաքրքիր ծավալային կոմպոզիցիա և ընդգծվեց շենքի կենտրոնական մուտքը։ Այսպիսով, կառույցը օժտվաժ էր թե՛ դասական (ճակատի կիսասյուները), թե՛ այդ ժամանակին հատուկ կոնտրուկտիվիզմի (հորիզոնական ձգված պատուհանների իմիտացիա) տարրերով [1, էջ 181]։
Կենտրոնական կիսագլանաձև ծավալի հատվածում տեղադրված դասական որմնամույթերը օտարահունչ էին շենքի ընդհանուր ոճին: Հավանաբար սա այն փոխզիջումներից մեկն էր, որին հեղինակը ստիպված էր գնալ խորհրդային տոտալիտար էսթետիկան պահպանելու համար: Ցավոք, քաղխորհրդի շենքը վնասվեց 1988-ի երկրաշարժից, և որոշում կայացվեց այն ապամոնտաժել։ Տարիներ շարունակ շենքի տարածքը դատարկ մնաց։
2007-ին քաղաքապետարանի նոր շենքի նախագիծը կազմում է ճարտարապետ Աշոտ Վարդանյանը: Քաղաքային իշխանությունների պատվերով շենքը պետք է կառուցվեր դասական ոճով և ունենար նախորդ շենքի ուրվագիծը և ծավալը: Ճարտարապետական նախագծում շենքի ճակատը բավականին զուսպ լուծումներ ուներ, սակայն շինարարության ընթացքում այն ենթարկվեց զգալի փոփոխությունների: Ճարտարապետի և քաղաքային իշխանությունների մոտեցումները կառույցի տեսքի վերաբերյալ խիստ տարբեր էին, մասնավորապես դա վերաբերում էր կառույցի քարի տեսակի ընտրությանը, ճակատի և ներսույթի հարդարմանը: Շենքի նախագծի նախնական տարբերակի համաձայն, որը սակայն չի պահպանվել, նախատեսված էր շենքը կառուցել վարդագույն տուֆից և առանց զարդամոտիվների։ Սակայն քաղաքային իշխանությունների պատվերով շենքի էքստերիերի ճակատները գոտևորում են այսպես կոչված բավականին մանր հավասարարաչափ ‹‹ժողովրդական տիպի զարդամոտիվների›› ՝ իրար զուգահեռ գոտիները, որոնք տեսողականորեն ծանրաբեռնում են ընդհանուր հորինվածքը։ 2008-ին քաղաքային իշխանությունների պատվերով վերակառուցված նոր կառույցը լիովին հրաժարվում է սկզբնական կառույցի խիստ մոդեռնիստական ոճից։ Այսպիսով՝ շենքը կառուցվեց դեղին ֆելզիտով և ստացավ ճոխ զարդարանք:
Քաղաքապետարանի շենքը կազմված է կենտրոնական գլանաձև և իրենից երկու ուղղություններով տարածվող կողմնային հատվածներից։ Շենքի ընդարձակ ինտերիերը լուսավորվում է վերևից՝ առաստաղից։ Այստեղ ճարտարապետը հետաքրքրիր ասիմետրիկ լուծում է տվել շենքի էքստերիերին՝ այն բաժանելով երկհարկ (կենտրոնական գլանաձև) և եռահարկ (կողմնային) հատվածների։
ճակատի ճարտարապետական հորինվածքում հետաքրքրիր է լուծված հարկերի միջև դեկորի մշակումը և ընդհանրապես ‹‹պատի թեմայի›› մեկնաբանումը։ Հեղինակը հարկերի պատերի հարթությունը իրար է միացրել որմնասյուների ռիթմով, որոնց միջև պատուհանների բացվածքներն են։ Ճարտարապետական այս լուծումը չափերով և համաչափություններով որոշակի մասշտաբայնություն է ստեղծում ողջ ճակատի կառուցվածքում առանձին մասերի և ամբողջի միջև։
Քաղաքապետարանի շենքի կառուցումից հետո դեղին ֆելզիտի կիրառումը լայն տարածում գտավ քաղաքում, և քաղաքի կենտրոնը ողողվեց դրանով կառուցված առանձնատներով: Այսօր քաղաքապետարանի շենքում է գործում «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը։
Ոճական միանգամայն այլ սկզբունքներով է կառուցված «Լոդկա» շենքի ճարտարապետությունը։ Այն միավորում է 20-րդ դարի առաջին կեսի համաշխարհային ճարտարապետական ոճերի և հայկական ճարտարապետության ավադույթները։ Այսպես, այստեղ միաժամանակ իրար են զուգակցված և՛ Ար-նուվոյի, և՛ Ար-դեկոյի, և՛ հայկական «նորակերպված» ճարտարապետական ոճերը:
Ռիժկով և Վարպետաց փողոցների անկյունում գտնվող այս շենքը կառուցվել է տաղանդավոր մտավորական, գրող և մանկավարժ, Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր հայր և առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու նախագծով: Ճարտարապետն ինքն էլ բացառիկ ու տարականոն էր իր մասնագիտական ոլորտում։ Թեև Քաջազնունին ճարտարապետությամբ քիչ է զբաղվել, սակայն Ռիժկով փողոցի «Լոդկա» շենքը մնաց որպես նրա արտասովոր տաղանդի գլխավոր վկայություն։
1926-ին Քաջազնունին, ի թիվս մի շարք ճարտարապետների, գործուղվեց Լենինական։ Գյումրու «Լոդկա» բնակելի տունը Քաջազնունու անվան հետ կապված ընդամենը երեք շենքերից մեկն է։ Դա ճարտարապետի կարապի երգն էր այն բանից առաջ, երբ 1937-ին անվտանգության կոմիտեն նրան բանտարկեց դավաճանության կեղծ մեղադրանքներով, իսկ երկու տարի անց Քաջազնունին վախճանվեց ուղղիչ տան հիվանդանոցում։
Շենքի հորինվածքը կանխորոշված էր Կիրով և Շահումյան (ներկայիս՝ Ռիժկով և Վարպետաց) փողոցների հատման սուր անկյունով: Այն իր ուրվագծով նավ է հիշեցնում, ահա թե ինչու մարդիկ այն անվանում են «Լոդկա», որը ռուսերենից թարգմանաբար նշանակում է «նավակ»։ Այս կառույցը զարմացնում է ճարտարապետական լուծումների արտակարգ բարձր որակով, այն գեղեցիկ է թե՛ իր ամբողջության, թե՛ առանձին մանրամասների մեջ [1, էջ 180]։ Առաջնամասի կլորավուն ճակատը հիշեցնում է նաև Փարիզի և Բրյուսելի բազում անկյունաձև շենքեր։ Շինության առաջին հարկում խանութներ էին տեղակայված, մինչդեռ վերին հարկերը շահագործվում էին որպես հարակից Քաղխորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների համար էլիտար բնակարաններ։
Շենքի՝ նավաքիթ հիշեցնող անկյունային հատվածում տեղադրված պարուրաձև աստիճանները, որոնք պտտվում են գլանաձև մեծածավալ սյան շուրջ, հիշեցնում են միջնադարյան ամրոցների աշտարակների աստիճանավանդակները։ Շենքի որոշ ճարտարապետական ձևեր փոխառնված են ռոմանական և գոթական ճարտարապետության ձևերից։ Այդպիսին է շենքի՝ դեպի հրապարակ ուղղված դուռը, որը տառացիորեն հրավիրում է մեզ ներս մտնել, ոչ թե դուրս գալ։
Սպանդարյան և Չերազ փողոցների հատման անկյունում է կառուցված ստալինյան ‹‹բարոկկո›› ոճով «Եռանկյունի» բնակելի շենքը ։
Խորհրդային քաղաքականության մեջ Իոսիֆ Ստալինի իշխանությունը շրջադարձային եղավ խորհրդային կյանքի մի շարք ասպարեզների, այդ թվում՝ ճարտարապետության և արվեստի համար։ Կոմունիստական կուսակցության 1936-ի հրամանագիրը վերափոխեց ստեղծագործական արդյունաբերության բոլոր ուղղությունները՝ ամբողջատիրական վերահսկողության ենթարկելով դրանք։ Մերժելով 1920-ականների մոդեռնիստական ճարտարապետության տեսական առաջընթացը՝ ստալինյան «բարոկկո» ոճը միավորում էր դասական և կայսերական ճարտարապետությունից վերցված տարրերը։
1930-1950-ականների միջև ընկած ժամանակահատվածում Լենինականը դարձավ այս նոր ճարտարապետության առանցքային օջախը։ 1932 և 1937 թվականների միջև ընկած ժամանակահատվածում ներդրվեց քաղաքի վերափոխված կենտրոնական նախագիծը, որը մշակել էր ճարտարապետ Միքայել Մազմանյանը։ Սա հանգեցրեց 19-րդ դարի մի շարք կառույցների ավերմանը և նպաստեց նոր ճանապարհների և թաղամասերի, ինչպես նաև ստալինյան բարոկկո ոճով վարչական շենքերի կառուցմանը, որոնցից մեկը Քաղաքապետարանի շենքի հարևանությամբ գտնվող ‹‹Եռանկյունի›› բնակելի շենքն է։ Եռահարկ բնակելի այս շենքը, որը կառուցված է վառ նարնջագույն տուֆով, պարունակում է ստալինյան ճարտարապետությանը բնորոշ հիմնական հատկանիշները։ Այսպես, շենքի կոմպոզիցիան կազմված է սուր անկյան տակ հատվող երկու թևերից։ Բնակելի շենքի ճարտարապետը, ում անունն անհայտ է, ճարտարապետական հիմնական շեշտը դրել է կոր անկյունային ճակատի վրա, որը նավի աղեղի պես նայում էր դեպի հրապարակ։ Հայկական միջնադարյան ճարտարապետության ավանդույթներով կառուցված չորս սյուներով առանձնացված այս կիսառոտոնդան ծառայել է նաև որպես սեփական լոջա առաջին հարկի բնակարանի համար: Շենքի ճակատը հագեցված է հայ միջնադարյան ճարտարապետությունից վերցված մոտիվներով: Այսպես սյուների խոյակները զարդարված են Կենաց ծառը խորհրդանշող նռնենու ճյուղերով, քիվերը զարդարված են նրբագեղ զամբյուղահյուս նախշերով, շենքը գոտևորված է ողկույզներով բեռնված որթագալարով, իսկ եռանկյունի որմնախորշերը աշխուժացնում են պատի շարվածքը:
Շենքի ներքին կառուցվածքին ծանոթանալուց հետո պարզում ենք, որ անկյունային հատվածում գտնվող բնակարանների սենյակները հատակագծում շրջանաձև են, իսկ աստիճանների հարթակները՝ օվալանման: Սա վկայում է նրա մասին, որ հեղինակի ստեղծագործական դաշտին խորթ չի եղել կոնստրուկտիվիստական մտածելակերպը:
Այսպիսով՝ շենքի դրսույթը ձևավորված է ստալինյան բարոկկո ոճով՝ արտաքին տեսքի հետևում ունենալով կոնստրուկտիվիստական լուծումները:
Այդուհանդերձ, շենքի ընդհանուր տեսքը մնաց ավանդական։ Ինչպես դասական ու միջնադարյան ճարտարապետական կառույցների մեծ մասի դեպքում, այնպես էլ այս պարագայում, ճակատային հատվածն իր շքեղ ձևավորման շնորհիվ դարձավ շենքի խորհրդանշական առանցքը։ Դեկորատիվ զարդանախշերի առատությունը, «արիստոկրատ» կառուցվածքների կիրառումն անգամ բնակելի շենքերում (ինչպես, օրինակ, հենց այս շինությունում) միտված էին արտացոլելու կոմունիստական բռնապետության գերիշխանությունը՝ ինքնին կյանքի վրա։ Ժամանակի ընթացքում այս միտումը հանգեցրեց ստալինյան շենքերի ստանդարտացմանը: Դոգմատիկ գաղափարաբանական վերահսկողությունը, որը միառժամանակ ճնշում էր ճարտարապետների ստեղծագործական ազատությունը, ի վերջո 1940-1950-ականների քաղաքաշինությունը թաղեց տեսողական միատարրության մեջ, որը խոսում էր լճացման մասին: Ուստի զարմանալի չէ, որ 1956-ին՝ ստալինյան վարչակարգի անկումից հետո, Խորհրդային Միության քաղաքաշինարարները և ճարտարապետները մերժեցին շենքերի զարդարանքի նմանատիպ լուծումները և վերադարձան մոդեռնիստական ճարտարապետությանը։
Վերջին տարիներին Գյումրու Վարդանանց հրապարակի ճարտարապետությունը համալրվել է նորանոր կառույցներով, որոնք, սակայն, ձևափոխել են նրա՝ մինչև այդ ունեցած տեսքն ու կոլորիտը: Նրա կենտրոնական հատվածում տեղակայված է Ավարայրի ճակատամարտին նվիրված բրոնզաձույլ խմբակային արձանը: Հրապարակի կենտրոնում՝ «Վարդանանք» խմբակային արձանի կենտրոնական առանցքում, մնացած կերպարների համեմատությամբ առավել բարձր դիրքով, ավելի քան 5,5 մետր բարձրությամբ, Վարդան զորավարի ձիարձանն է՝ մի ձեռքին խաչ և դրոշ, մյուսում՝ թուր (քանդակագործ՝ Արտուշ Պապոյան): Գլխավոր կերպարին շրջապատում են հայոց կաթողիկոս Հովսեփ Հողոցմեցին, Ղևոնդ Երեցը, Վարդան զորավարի մայրը, Կամսարականը: Արձանախմբից այն կողմ տարածվում են բազմագույն քարերով կառուցված գորգը և շատրվանները: Արձանախմբի տեղադրումից հետո Գյումրու երբեմնի կենտրոնական հրապարակը անվանափոխվեց ‹‹Վարդանանց››։
Հրապարակի ճարտարապետությունն առանձնանում է իր ոճային բազմազանությամբ: Այսպես միաժամանակ տեսնում ենք և՛ 19-րդ դարի Ալեքսանդրապոլի ճարտարապետության ավանդույթներով կառուցված շինությունները` սբ. Յոթվերք և սբ. Ամենափրկիչ եկեղեցիները, և՛ արդի ճարտարապետության սկզբունքներով «Զիգզագի» ապակե և երկաթե կոնստրուկցիաներով շենքը, որն այժմ ծառայում է որպես բանկ։
Հոկտեմբեր կինոթատրոնի և սբ. Յոթ Վերք եկեղեցու միջև կառուցված հասարական բնակելի եռահարկ շինությունը, որը փլուզվել էր 1988-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ, փակում էր հրապարակի հյուսիսային հատվածը։ Ինչպես տեսնում ենք հին արխիվային լուսանկարներում, բնակելի այս շինությունը կառուցված էր ալեքսանդրապոլյան ճարտարապետության ավանդույթներով և «Ալեքսանդրապոլ» (սև և դարչնագույն տուֆի համադրությունը մեկ հարթության մեջ) շարվածքով։ 2000-ականներին այդ շենքի տեղում ճարտարապետ Գարիկ Եղոյանի նախագծով կառուցվել է ‹‹Զիգզագի›› շենքը։ Շենքը կառուցվել է նույն բարձրությամբ, ինչ իրեն հարակից շինությունները։ Նախագիծը բավականին առաջադիմական էր։ Այստեղ Ճարտարապետը, օգտագործելով մոդեռն ճարտարապետության հարուստ ավանդույթները, իր առջև նպատակ է ունեցել ներդաշնակեցնել այն հրապարակի ընդհանուր միջավայրի հետ՝ շենքի կառուցվածքում ներառելով տուֆակերտ պատ, ապակե և մետաղական կոնստրուկցիաներ։ Ապակու հայելային արտացոլման սկզբունքը օգտագործելով՝ շենքը անդրադարձնում է իրեն հարակից պատմական շենքերը և այդպիսով ներդաշնակվում դրանց։
Շենքը կառուցված է մոդեռն ճարտարապետության ավանդույթներով, որը լայնորեն տարածված էր Արևմտյան Եվրոպայում 1890-1910-ական թվականներին։
Այսպիսով, Վարդանանց հրապարակի ճարտարապետությյունն առանձնանում է ոճական բազմազանությամբ։ Այստեղ իրար կողք կողքի տեսնում ենք միաժամանակ և՛ ալեքսանդրապոլյան ճարտարապետության ավանդույթներով կառուցված շինություններ, և՛ մոդեռն, կլասիցիզմի ճարտարապետության սկզբունքներով կառուցված շինություններ, որոնցում միախառնված են մի քանի ճարտարապետական ոճեր /էկլեկտիզմ/։ Այստեղ իրար են զուգորդվում հինն ու նորը, ավանդույթը և արդիականությունը։ Անցյալի ժառանգության ստեղծագործական վերամշակումը տարբեր կերպ է ընկալվում առանձին ճարտարապետների կողմից և բնականաբար տարբեր մարմնավորում պիտի ստանար նրանց ստեղծագործություններում։
Վարդանանց հրապարակում գտնվող կառույցների ոճական առանձնահատկությունները բազմատեսակ են՝ հայկական և ռուսական ոճերով ընդգրկուն, եվրոպական ճարտարապետությանը բնորոշ հատկանիշներով համատեղված:
Եզրահանգումը։ Ուսումնասիրելով Գյումրու Վարդանանաց հրապարակի ճարտարապետությունը՝ հանգում ենք հետևյալ եզրակացությունների՝ կառույցների ծավալատարածական հորինվածները տարատեսակ են՝ ճակատային ծավալներ և խոր տարածական լուծումներ։ Ինչ վերաբերում է դրանց ճարտարապետական լուծումներին, Գյումրին դեռևս 19-րդ դարում ունեցել է իրավական կանոնակարգում, ըստ որի շենքերի ճակատային փոփոխությունները, նույնիսկ ներկելու գույնի ընտրությունը պետք է կատարվեին թույլատրվող տիպարներից և համաձայնեցվեին իրավական մարմիննների հետ։ էջ 11
Կառույցների ոճական առանձնահատկությունները բազմատեսակ են՝ ընդգրկելով հայկական և ռուսական ոճերի համատեղմամբ եվրոպական ճարտարապետությանը բնորոշ հատկանիշներ։ Կլասիցիզմի, էկլեկտիկայի, մոդեռն ոճերին բնորոշ գծերին զուգահեռ՝ Գյումրու հրապարակին հատուկ է նաև ուրույն ոճական արտահայտչականությամբ շարվածք՝ ‹‹Ալեքսանդրապոլ›› և ‹‹Ղայթան դարձ››։ Առաջինը սև և դարչնագույն տուֆի համադրությունն է մեկ հարթության մեջ, իսկ երկրորդը՝ տուֆի և դրանց միջև սպիտակ շաղախի կապակցումը։
Հրապարակի շինություններին բնորոշ է էկլեկտիզմը, որի ոճական բազմազանությունը ենթադրում է ներդաշնակություն։ Այստեղ կարևորվել է գույների ներդաշնակ միավորելը մի ուղղության մեջ։ Վարդանանց հրապարակում իրար մոտ և հակադիր ոճերը հարմոնիկորեն համադրվում են․ այսպես նույնիսկ ամենափոքր մասերը ճարտարապետները ներդաշնակեցնում ու ստեղծում են մի ամբողջություն։ Այսպես, ընդհանուր պատկերը ներդաշնակեցնելուն նպաստում է ճարտարապետական դեկորը։ Էկլեկտիզմում միաժամանակ կան կարևոր սկզբունքներ, որոնք հարկավոր է պահպանել։ Այսպես բացի վերը նշվածից ճարտարապետները ուշադրություն են դարձնում նաև հրապարակի ընդհանուր ինֆրաստրուկտուրայի մաս կազմող շինությունների տեքստուրայի մոտիկությանը, տարբեր ոճերի առանձնացմանը և գունային ներդաշնակ համադրություններին։ Կառույցները ընդհանուր առմամբ իրար նկատմամբ ներդաշնակության մեջ են՝ հաշվի առնելով միջավայրում դիրքը, համաչափությունը, հարկայնությունը, մասշտաբը, շեշտադրումը, դոմինանտ և ենթակա շենքերի առկայությունը նույնպես։
Մենագրություններ։
- Գյումրի։ Քաղաքը և մարդիկ։ Գյումրի: Գյումրու քաղաքապետարան: 2012: 450 էջ
- Տիգրանյան Է․ Հայ ճարտարապետների շինարարական գործունությունը Անդրկովկասում XIX դարի վերջ-XX դարի սկիզբ։ Երևան։ Ոսկան Երևանցի հրատ․,։ 2003։ 263 էջ։
- Долуханян Л. К. Архитектура Советской Армении 20-ие годи․ Ереван: Изд-во “Советакан грох”. 1980, 170 с.․
Ամսագրեր
- ‹‹Ճարտարապետություն և շինարարություն›› ամսագիր, №5-6 (39-40), մայիս-հունիս 2009, էջ 56
Թեզեր և ատենախոսություններ՝
- Հակոբյան Շ․ ‹‹Գյումրի քաղաքի՝ XIX դարի և XX դարի կեսի հասարական շենքերի ճարտարապետությունը և արդիականացման խնդիրները››։ (Թեկն․, ատենախոսության սեղմագիր, Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարան, 2021։ էջ 21։
Էլեկտրոնային աղբյուր
- https://www.building.am/arm/buildings-index/yot-verk-church-gyumri-armenia/ (դիտվել է 13․02․ 2023)
- https://storymaps.arcgis.com/collections/25f249f14c314c85ae71ce60bc7ad847?item=8 (դիտվել է 13․02․ 2023)
- https://storymaps.arcgis.com/collections/25f249f14c314c85ae71ce60bc7ad847?item=3
(դիտվել է 13․02․ 2023)
- Միքայելյան Ռ․ Գյումրի քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնի ինտերիեր դիզայնը, http://publications.ysu.am/wp-content/uploads/2021/08/15Ruzanna_Mikayelyan.pdf (դիտվել է 10․03․ 2023)
Օհաննա Էլոյան ‹‹Կերպարվեստի պատմության և տեսության›› մագիստրոսի աստիճան