Քոչարի պարի ծիսական հենքը
Համահայկական այս պարը ակունք է առել խոր հնադարում, մեր հեռավոր նախնիներին բնորոշ հասարակության ֆրատրիական կառույցի և առասպելաբանական պատկերացումների գոյության պայմաններում: Հայկական հնագույն ցեղերից շատերը իրենց տոտեմական նախնին համարել են արու քարայծը` առաջնորդ նոխազը, որը` որպես աստվածություն, մարդակերպ ընկալվելուց հետո էլ պահպանել է իր կենդանական նախատիպին բնորոշ որոշ գծեր: Նրա երկրային մարմանավորումները համարված հայոց ցեղապետ-արքաները շարունակել են ըմբռնվել որպես առաջնորդ-նոխազներ, իսկ նրանց ցեղերը` որպես այծերի հոտ: Այդպիսին ըմբռնվել են անգամ նրանց հետնորդ Հայոց թագավորները:
Քոչարիի պարերգը պահպանել է նախնադարի հայ հասարակության երկու հակադրամիասնական ստորաբաժանումներից բաղկացած լինելու հետքերը: Դրա հետքը առկա է նաև բուն պարում, որը նախապես պարել են դիմադարձ երկու շարքով: Քոչարի պարատեսակում դիմադարձ շարքի բացակայությունը միայն մեկ պատճառ կարող է ունենալ. քոչարին հաղթանակ տարած շարքի ավարտական պարն է: Ի սկզբանե հակադրամիասնական ըմբռնված հայկական ամեն մի ցեղի երկու ստորաբաժանումների առաջնորդների ծիսական մենամարտը լինելով ֆրատրիական ներքին պայքարի արտահայտություն`ընկալվել է նաև հակառակորդ էթնոսների (յուրային և օտար) գերագույն աստվածների հակամարտության դրսևորում: Հաղթանակով ավարտված ամեն մի արշավանքի հաջորդում էին աստվածների և աստվածացված նախնիների պատվին տեղի ունեցող զոհաբերություններ: Զոհաբերվում էին նաև նոխազներ: Հին հույները խաղողի և գինու աստված Դիոնիսոսին այծեր էին զոհաբերում, նույնիսկ նրան պատկերացնում էին այծի տաք արյունը խմելիս, բայց նրան նաև այծակերպ էին պատկերում: Ուրարտուի գերագույն աստված Խալդին նաև խաղողագործության և գինեգործության աստված էր և միայն նրան էին ուլեր ու այծեր զոհաբերում: Առաջնորդ նոխազը որպես տոտեմական նախատիպ ունեցած աստվածություններին` դիցայծերին այծեր զոհաբերելը պատճառաբանվել է նրանով, որ զոհաբերության ծեսի մասնակիցները դրանով իսկ հաղորդվում էին իրենց աստվածության մսով ու արյամբ` ձեռք բերելով նրա առասպելաբանական հատկանիշները` ուժը, ճարպկությունը, մեռնել-հառնելու հատկանիշը: Զոհաբերվող տոտեմ կենդանու մսի և արյան (առասպելաբանական մտածողությամբ` արյուն//գինի) միջոցով հաղորդվելու ծեսի գոյությամբ է պայմանավորված քոչարի պարի ալաշկերտյան տարբերակի «Քոչարի, քոչ և կըռի» բառակապակցությունը (քոչ<քոշ` «նոխազ, արու այծ», կըռի<կուռի` «գինի»): Եզրակացություն. ի նշանավորումն իրենց տարած ծիսական և իրական հաղթանակների` մեր հեռավոր նախնիները քոչարի են պարել և զուգընթաց գինու հեղումով սրբազան նոխազ են զոհաբերել:
Սարգիս Պետրոսյան
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
(«Արվեստ և ժամանակ» ամսագիր, 1-2, 2010թ.)
Նկարում Էդուարդ Արծրունյանի
«Հայկական պար» աշխատանքն է:
Նյութը`