«Քաղբյուրոյի թիվ մեկ վրձինը»
«Երբ նայում ես աշխատանքները, երեւում է, որ մարդը շնչակտուր է լինում կյանքից, գույներից, ազատությունից։ Ոտքի վրա նկարել նատյուրմորտ, բնանկար… Այդ թեթեւության, ազատության տակ վիթխարի աշխատանք է»։
Անատոլի Լյուբավին
«Ես նկարիչ եմ, պատկերում եմ այն, ինչ տեսնում եմ»։
Դմիտրի Նալբանդյան
Իսկապես, նա պատկերում էր, ինչ տեսնում էր, բայց մի՞թե նրանից բացի որեւէ մեկը կարող էր հանդիպել ու պատկերել, ասենք, Ստալինին. նա միակ նկարիչն էր, ով տեսել ու պատկերել է «ժողովուրդների առաջնորդին», ում անունով ժամանակին երդվում էին։ Ժամանակները փոխվում են, փոխվում են եւ առաջնորդներն ու հերոսները, արժեքները՝ վերանայվում, մնում է, սակայն, պատմությունը, որը մշտապես ուսումնասիրման նյութ է, որից դասեր քաղելը՝ անհրաժեշտություն։ Բազմաթիվ ու բազմատեսակ են պատմության վկաները, որոնց հետ պետք է հաշվի նստել. փաստաթղթերից ու վավերագրերից բացի, պակաս խոսուն չեն արվեստի գործերը, քանզի, որքան էլ մշակույթը դիտենք անկախ մի երեւույթ, պետք է խոստովանել, որ այն բոլոր ժամանակներում է եղել քաղաքականացված. ոմանց ստիպել են զբաղվել դրանով, ոմանք էլ, ինչպես Մերկուրովն ու Նալբանդյանը, սեփական հետաքրքրությունն են ունեցել ժամանակի պատմության հանդեպ, ստեղծել էպոխայի դիմագիծը։ Ուրիշ ո՞ւմ կարող էին այդքան մոտ թողնել ժամանակի «կուռքին», եթե ոչ տաղանդավոր մեկին։ Ստալինը հիմար չէր եւ բարձր էր գնահատում իր հարգը. նա իրեն շրջապատել էր տաղանդավոր մարդկանցով՝ սկսած ռազմական գործիչներից, գիտնականներից, արվեստագետներից մինչեւ վերջին ժուլիկն ու դահիճը…
Այո, նրանք բոլորն իրենց գործի վարպետն էին, վերջինները՝ առավել եւս, ու նաեւ դա էր առաջնորդի վախերի պատճառներից մեկը, երբ սուտն այնքան հավաստի էր մատուցվում, որ անհնար էր դառնում ճշմարտության հատիկը զատելը, երբ համատարած ջանադրության մեջ մշակվում էին սցենարներ, որ բումերանգի էֆեկտ էին ունենում։ Այնպես որ, «առաջնորդի» մահվան հետ վերջացավ նրա էպոխան ու դրա հետ էլ այն ամենը, ինչ արժեւորվում էր ժամանակին… Գիտենք՝ ինչ ճակատագրի արժանացան Մերկուրովի աշխատանքները. դրանք քանդակներ էին, բացօթյա, աչքի առջեւ դրված էպոխայի խորհրդանիշներ, որից հրաժարվել էր խորհրդային համակարգը, իսկ Նալբանդյանի կտավների բախտը բերեց՝ հանգրվանելով ցուցասրահների ու թանգարանների պատերի ներսում, դրանք մնացին որպես պատմության վավերագրեր ու արվեստի գործեր։ Նալբանդյանը դիմանկարների վարպետ էր, իսկ նկարվել սիրում են բոլորը, առավել եւս ունենալ սեփական գեղապատկերը, այն էլ՝ տաղանդավոր նկարչի, եւ զարմանալի չէ, որ նա իր ռեալիստական նկարներով դարձավ, այսպես կոչված, «քաղբյուրոյի թիվ մեկ վրձինը», իսկ 1944-45 թթ. արված Ստալինի դիմապատկերը կուսակցական մամուլը գնահատեց որպես «պարզությամբ ու սրտալիությամբ աչքի զարնող կերպար»։ Նալբանդյանը Խրուշչեւի դիմանկարն ավարտեց անգամ նրա պաշտոնանկությունից հետո, երբ այն այլեւս ակտուալ չէր, այսինքն՝ կարեւորը կերպարն էր, ստեղծագործական աշխատանքը, թեեւ ղեկավարների դիմանկարների համար բարձր էր վարձատրվում։ Բրոզ Տիտոն հիացած էր Ստալինի դիմանկարով, իսկ Ինդիրա Գանդին հրաժարվեց ընդունել իր պատկերը՝ համարելով այն հայկական։ Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւը փորձեց փոխել «պալատական նկարչին», սակայն գեղանկարիչներից ոչ ոք չկարողացավ նրա կիտելի վրա օր օրի ավելացող շքանշաններն ամբողջությամբ տեղավորել. ստիպված էր վերադարձնել ԽՍՀՄ նկարիչների ակադեմիայի իսկական անդամին՝ Դմիտրի Նալբանդյանին։
Պալատականը՝ պալատական, բայց Նալբանդյանը համոզված էր, որ «դիմանկարն առավել լիարժեք է արտացոլում դարաշրջանի ոգին», ուստի անհրաժե՛շտ է էպոխայի պատկերը տալ՝ վրձնելով այն կերտողների դիմանկարները՝ անկախ նրանց տեսակից, ամբողջացնելով ժամանակի ու պատմության համայնապատկերը։ Այդ էր պատճառը, որ նրա կարիերան չավարտվեց Ստալինի մահվանից հետո, ում այնքան շատ էր սիրում նկարել ու համարում էր իր թիվ 1 թեման. նրա դիպլոմային աշխատանքը դարձյալ Ստալինն էր՝ «Երիտասարդ Ստալինը մոր հետ՝ Գորիում»։ Կուսակցական վերնախավի դիմանկարները հասան մինչեւ անդրոպովյան ժամանակաշրջան ու չսահմանափակվեցին ԽՍՀՄ գործիչներով, ասենք՝ Ստալինի կողքին տեղ գտավ եւ Մաո Ցզեդունի պատկերը։ Բացի դիմանկարներից, Նալբանդյանն ստեղծում էր եւ կուսակցական աշխատանքի թեմատիկ նկարներ, ինչպես «Ս. Մ. Կիրովի ելույթը կուսակցության 17-րդ համագումարին», «Կրեմլում», «Ղրիմի խորհրդաժողովը», «Լենինը եւ Կրուպսկայան ժողովրդի հետ՝ Կաշինո գյուղում», «Իշխանությունը Խորհրդային Միության ժողովրդին՝ խաղաղ բնակչությանը», «Բրեժնեւը Մալայա Զեմլյայում» եւ այլն։
Բազմաբեղուն Նալբանդյանի վրձինը աշխատել է եւ հայկական թեմաներով՝ ինչպես դիմանկարային, այնպես էլ բնապատկերային, անձամբ ծանոթ էր մեր մեծերին, մեր պատմությանն ու մշակույթին։ 1974-76 թթ. նա կերտեց նշանավոր «Վերնատուն» խմբակային կտավը, որում պատկերված են թումանյանական «Վերնատան» 15 հայ ականավոր արվեստագետներ։ Նկարը տեղ է գտել Տրետյակովյան պատկերասրահում, որտեղ միլիոնավոր այցելուներ ոչ միայն կարող են գնահատել նկարչի վարպետությունը, այլեւ հնարավորություն ունեն կտավի միջոցով պատկերացում կազմել հայկական մշակույթի մասին։ Ի թիվս այլոց, Նալբանդյանը վրձնել է Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Բաղրամյանի, Արամ Խաչատուրյանի, Արտեմ Միկոյանի, նկարիչ Շլդյանի, ասմունքող Սուրեն Քոչարյանի դիմանկարները։ Այս ամենով հանդերձ, արվեստագետներից շատերը նրա գլուխգործոցը համարում են նկարչի մոր դիմանկարը. տնային խալաթով, տնամերձ այգու անկյունում առանձնացած, թվում է՝ խորասուզված ծանոթ ձեռագործի ու հատերը հաշվելու մեջ, սակայն կենտրոնացած դեմքը մատնում է մտքի՝ հեռուներում գտնվելու մասին…
Նկարչի ներկապնակում առանձնահատուկ են նաեւ նրա նատյուրմորտներն ու բնանկարները, որ ամենեւին չեն զիջում դիմանկարներին։ Ռուս գեղանկարիչ Ա. Ն. Պարամոնովը Նալբանդյանի մասին գրում է. «…Եթե սահմանափակվենք Նալբանդյանին բնորոշելով սոսկ իբրեւ նկարիչ-հրապարակախոսի, մենք կաղքատիկացնենք մեր պատկերացումը վարպետ նկարչի մասին։ Բարդ է նրա արվեստը: Գեղանկարչի ստեղծագործություններում շատ է բանաստեղծականը, քնարականը։ Եվ նրա արվեստի այդ բանաստեղծական կողմը, որ նվազ նշանակալի չէ, նկարչի լավագույն գործերին ջերմություն ու կենսական լիարյունություն է հաղորդում»։
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ նկարիչների ակադեմիայի իսկական անդամ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Ստալինյան մրցանակի դափնեկիր, Ջավահառլալ Ներուի անվան մրցանակակիր, փայլուն դիմանկարների եւ իմպրեսիոնիզմի վարպետ Դմիտրի Նալբանդյանը ծնվել է Թիֆլիսում՝ 1906 թ. սեպտեմբերի 15-ին, սովորել Վրաստանի նկարիչների ակադեմիայում, այնուհետեւ Մոսկվայում, Լենինգրադում, աշխատել Վրաստանի Պետկինոյում, Օդեսայի կինոստուդիայում՝ որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, 1931 թ. վերջապես հաստատվում է բաղձալի Մոսկվայում՝ հաճախակի այցելելով Հայաստան։ Վերջին հանգրվանն էլ լինում է Մոսկվան. վախճանվում է 1993 թ. հուլիսի 2-ին՝ սրտի սուր անբավարարությունից. հուղարկավորված է Նովոդեւիչի գերեզմանատանը։ Նկարչի մահվանից հետո նրա արվեստանոցը դարձավ Դմիտրի Նալբանդյանի պետական թանգարան։ Նրա աշխատանքները, ինչպես եւ Ինդիրա Գանդիի դիմանկարը, տեղ են գտել ԽՍՀՄ նախկին պետությունների առաջատար՝ այդ թվում եւ Հայաստանի, թանգարաններում։
Էլեոնորա Ներսիսյան
hhpress.am