ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՐՆԴԵԶ
Ողջ ճամփին կրակներ էին վառվում, ու բոլորը թռնում էին: Ծուխումուխը բռնել էր աշխարհը: Ոմանք վարժ էին թռնում, ոմանք՝ անվարժ: Շատերը թռիչք բարձրություն էին թռնում, շատերն էլ՝ թռիչք երկարություն: Մեջները կային նույնիսկ այնպիսիք, որ թռիչք լայնություն էին թռնում: Պատահում էր նաև, որ ճիշտ չէին թռնում, ընկնում էին կրակի մեջ, ու ճենճահոտ էր տարածվում:Կրակներից մեկը շատ թեժ էր: Դրանից թունավոր ծուխ էր բարձրանում ու ապականում շրջակայքը: Թռնողի դեմքը ձանձրալիորեն ծանոթ էր: Բայց ինչ վարժ էր թռնում: Թռնում էր, ծխերի մեջ թախլա էր տալիս, իջնում ու նորից թռնում: Համ թռնելուց էր սելֆի անում, համ թախլա տալուց: Ամեն թռնելուց թվում էր, թե հիմա կընկնի կրակի մեջ, բայց վարպետորեն իջնում էր մի ապահով տեղ ու նորից թռնում: Երբ նրա թռնել-իջնելուց գլուխս պտտվեց, մոտեցա ու թևը բռնեցի.- Հլը մի թռի:- Ի՞նչ կա:- Էս ի՞նչ ես վառել, որ ծուխը խեղդում ա:- Կամուրջները:- Ինչո՞ւ ես կամուրջները վառել:- Երբ կամուրջները վառում ես, միշտ ջրի երեսին ես մնում, համ էլ շառուփորձանքից ես հեռու մնում:- Վաղո՞ւց ես կամուրջ վառում:- Քսան տարուց ավելի:- Բա որ մի օր ուզենաս հետ դառնալ, ո՞նց ես անելու:- Հետ դառնալու համար կամուրջ պետք չի:- Այսի՞նքն:- Երբ կամուրջները վառելով առաջ ես գնում՝ վերջում հասնում ես նույն տեղը:- Էդ որ վառում ես…- Սպասի հլը, ոնց որ Տեառն ընդ առաջ ա գալիս:- Ինչ ա գալի՞ս:- Շեֆը մոտենում ա: Հարցդ չմոռանաս, մի երկու անգամ թռնեմ, թախլա տամ ու գամ: ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԳրող- երգիծաբան2020թ.