«Ցեղը և հոգին». Կոստան Զարյան
«Կան երկու հավիտենականություններ, — գրում էր Ուիլյամ Բատլեր Իետսը, — Ցեղը եւ Հոգին.. Հինավուրց Իռլանդիան այդ երկուսն էլ ունեցել է»։
Ցեղը մեր իսկությունն է։ Այն խորքը, ուր ամբարված են բոլոր շինիչ կարելիությունները, սկզբնասկիզբ ուժերի բոլոր աղբյուրները, արժեքների բոլոր շերտերը։
Ցեղը մեր անսահմանությունն է։ Լինելու եղանակը, գոյանալու ուղղությունը։ Նա այն մեծղի արմատն է, որ ծծած պահած է հայրենի հողերի նրբագին հյութերը, այն ծառը, որ, տեղափոխվելով իսկ, չի կորցնում արեւի ջերմությունր եւ անձրեւների զովությունր խմելու իր ձեւը, քամիների հետ զրուցելու իր խշխըշանքը, ճյուղերը լոuնո լույսում լվալու իր ներքին թրթռանքը։
Ցեղը դարերով կազմված խորհրդավոր այն գոյակերպն է, որ ընդունում եւ կանոնավորում է մեզ շրջապատող տիեզերական ներկան։
Պատմությունը արորում է երկրի մակերեսը, ցնցում եւ չարչարում ժողովրդի մարմինը, սլանում, կորչում փոշիների ամպերում, բայց ցեղը մնում է։
Նա այն բովանդակ քարայրն է, ուր դեռ եւ միշտ ապրում են դյուցազներգական քաջերը։
Ու ցեղը հոգի է։ Աշխարհը լուսավորող ներքին արեւը։ Հզորությունը, որ մասնակցում է տիեզերաշինության։
Մենք ապրում ենք Եվրոպական օրհասական մշակույթի վերջին օրերում։ Ամեն կողմից խուժող մեռելաթաղները՝ հսկայական մեքենական բրիչներ շարժելով՝ պատրաստում են մի մեծ գերեզման։ Բնությունը եւ հոգին ապահարզան են տված։ Մարդկային անհատը հավասարված զուտ նյութական արժեքի թիվ է, քանակ, շահագործման առարկա։ Նա աշխարհի դիմաց կանգնած, «առարկայական» պայմաններից անկախ ինքնություն, առնական արժանապատվություն չէ, այլ տնտեսական միավոր, կերպընկալ մոմացում, շուք։
Արդ, մտքերի եւ խիղճերի հարբած այդ խավարը պետք է խարազանել լույսով։ Պահել հոգու անկախությունը, չենթարկվել արտաքին կույր ուժերի բռնության, կրել մեկուսացման դժվարին եւ սրբազան բեռը, չընդունել «անելու» եւ «ունենալու» պարտադրված լուծը, այլ լինել ամբողջապես, հիմնապես եւ ճակատագրականորեն։ Ա՛յս է առնական արժանապատվությամբ տոգորված ստեղծագործ անհատի դերը։
Ստրկությունից ազատագրված «սեփականության» միակ տիտղոսը մեզ տալիս է հոգեկառուցման գերագույն արտահայտիչը՝ բանաստեղծությունը։ Նա մերն է, եւ միեւնույն ժամանակ, նա պատկանում է բոլոր մարդկանց առանց անիրավության։ Նա ներկայի եւ գ՜ալիքի միակ խորհրդանշանն է եւ նախապատկերողը։
Բոլոր Ծննդոց գրքերը բանաստեղծություն են։ Քաոսը կազմակերպելու արարչական կամք։ Եվ մարդկային ոչ մի շինարարական գործունեություն չի կարող զարգանալ առանց այդ շնորհի, որովհետեւ անհատը կրում է իր մեջ հրաժարման եւ լիության հակասական վստահությունները։ Եվ ինչ որ նրանը չէ, չգոյ է։
Բանաստեղծությունը ամեն կողմից շրջապատված, մտքի ճիգով առանձնացրած իրականության մի փշրանք չէ, այլ անբաժանելի մի ամբողջություն, որ դաշնավորում է եւ օրինավորում Կյանքը։ Արդարեւ, նա կյանքը իսկ է, որից մենք չենք կարող բաժանել ոչ մի մասը, առանց նրան ենթարկելու փոշիացման եւ ստվերացման։
Բանաստեղծը միշտ հավատարիմ է ինքը իրեն։ Այդ հավատարմությունը կրկնություն չէ, մակերեսային արտացոլում չէ, այլ վերանորոգում, վերածնունդ, հարստացում։
Բանաստեղծը անկանգ պայքարի մեջ է իր Հրեշտակի հետ։ Նրա պատմությունը այդ հրեշտակի հետ ունեցած իր փոխհարաբերությունների, իր պարտությունների եւ հաղթանակների պատմությունն է։ Նա, — ինչպես ասում է Կեղծ-Դենիսեւսը, — այն հազվագյուտներիցն է, որ ի վիճակի է բարձրանալու աստվածային խավարի գերբնական ճառագայթներին։ Նա է` լիովին, ամբողջովին՝ իբրեւ ներկա եւ ներկայացնող, իբրեւ տիեզերամաս եւ տիեզերաշունչ, իբրեւ Դեմիուրգ։