ՑԵՂԱՍՊԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՑԵՂԱՍՊԱՆ Է
Աշխարհի երեք տասնյակի հասնող տերություններ ճանաչել են օսմանյան թուրքիայում աներևակայելի դաժանությամբ կատարված Հայոց ցեղասպանությունը, որի հետևանքով յաթաղանի զոհ են դարձել առնվազն 1,5 միլիոն հայեր, և նրանց բնօրրանը հայաթափվել է: Այդ տերությունները բոլորը ՄԱԿ-ի անդամ են, մի մասը՝ աշխարհի հզորներ, Եվրամիության անդամ, ՆԱՏՕ-ի և միջազգային բազմաթիվ կազմակերպությունների անդամ:
Այսօրվա թուրքիան ոչ միայն չի ճանաչել, չի դատապարտել իր նախորդների կատարած մեծագույն ոճիրը, չի փոխհատուցել հայերի հողային ու նյութական կորուստները, այլև ուրանում է այն, ավելին, տարբեր միջոցներով շարունակում է նույն անմարդկային գործելակերպը, ինչի ցայտուն ապացույցը 2020-ին ադրբեջանի հետ զենք զենքի տված Արցախի բնատոհմիկ հայության ոչնչացնում էր (բարեբախտաբար՝ ոչ ամբողջական):
Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրները այս մասին քաջատեղյակ են, բայց շարունակում են հանդուրժել ՄԱԿ-ին ու մյուս համաշխարհային կառույցներին թուրքիայի անդամակցությունը:
Ես ունե՞մ իրավունք՝ հարցնելու. դուք ինչո՞ւ ճանաչեցիք 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որպեսզի խնդիրը ծածկադմփոց անեք ու թուրքիա կոչվող մահաբեր զենքն ուղղեք աշխարհի մյուս մասերի՞ն:
Սիլոգիզմի օրենքով ես կարո՞ղ եմ եզրակացնել, որ ցեղասպանի պաշտպանը ցեղասպան է:
Գիտության մեջ շատ օրենքներ են բնականոն կամ բռնի փոխվել, խնդրեմ, տրամաբանությունն էլ նորովի մեկնաբանեք ու ապացուցեք, որ թե հարցս է սխալ, թե եզրակացությունս:
Ապացույցի մեկ միջոց կա՝ ՄԱԿ-ից ու մյուս կազմակերպություններից ցեղասպանին դուրս շպրտեք, զրկեք արտոնություններից, պատժամիջոցներ կիրառեք, ինչի անփոխարինելի վարպետն եք: Կանե՞ք…
Մի բան կասեմ. երբ ձեր «քաղաքակիրթ» աշխարհում դեռ որևէ գիտություն ձևակերպված չէր, իմ ժողովուրդն արդեն հայտնագործել էր մի ճշմարտություն՝
նմանը նմանին է գտնում:
ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ
22.04.2022թ.