«Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոց-թանգարանը
Պատմությունը«Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղում (Տողի մելիքական ապարանքի մասին տես՝ Տողի մելիքական ապարանքը — Monument Watch):Այն բացվել է 2013 թվականին և գործում էր Մելիք Եգանի ընդունարանի շենքում։ Այս շենքը պեղումներից հետո վերականգնվել և կահավորվել է թանգարանային ցուցադրության համար։2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թանգարանն իր հավաքածուով հանդերձ օկուպացվել է Արդբեջանի կողմից:ՀավաքածունԹանգարանի հավաքածուն ներկայացնում էր հուշարձանի տարածքում 2011-2013 թվականների պեղումներից հայտնաբերված 17-19-րդ դարերով թվագրվող ջնարակապատ անոթներ, մետաղական տարբեր առարկաներ և մեծամասամբ բաղկացած էր Տող գյուղի և շրջակայքի պատմությունը ներկայացնող ցուցանմուշներով։Ցուցադրության մեջ առանձնակի կարևորություն ուներ Տողի Սբ. Հովհաննես եկեղեցուն պատկանող խաչվառը։ Միջնադարյան եկեղեցին խորհրդային տարիներին վերածվել էր մշակույթի տան։ Անկախացումից հետո մշակույթի տան փայտե տախտակամածը հեռացնելուց հետո, ի թիվս այլ կարևոր գտածոների, հայտնաբերվել էր նաև այս խաչվառը։ Կարևոր նշանակություն ուներ 2017 թվականի պեղումներից հայտնաբերված արծաթե դրամական գանձը, որի դրամների որոշ մասը ցուցադրվում էր այս թանգարանում։ Ամբողջ գանձը ներառել է 170 արծաթե աբբասիներ՝ թողարկված տեղական մի շարք խանությունների, ինչպես նաև իրանական Զենդերի հարստության կողմից: Դրամները ներկայացված են մի քանի դրամահատարաններով՝ Գանձակ, Շամախի, Նախճավան, Թավրիզ և Ռեշտ: Գանձում եղած ամենավաղ դրամը թողարկվել է սեֆյան նախավերջին շահ Թահմասպ II-ի (1722-1732 թթ.) օրոք Ռեշտ քաղաքում հիջրի 1139 թվական (1726-7), ամենաերիտասարդ դրամները թվագրվում են 1188 թվականով (1774-5) և ներկայացնում են Գանձակ և Շամախի քաղաքների դրամահատարանները:Գործունեությունը պատերազմից առաջԱրգելոց-թանգարանը Արցախի ամենաշատ այցելվող հուշարձաններից մեկն էր։2014 թվականից այստեղ անց էին կացվում Արցախյան գինու փառատոները։ Այս միջոցառման մեջ թանգարանը և նրա հավաքածուի ցուցադրությունը առանցքային դեր ունեին։ Կարևոր էր նաև թանգարանի դերը համայնքի մշակութային կյանքում։ Թանգարանի շրջակայքում համայնքը նշում էր ժողովրդական տոները (Սբ. Զատիկ, Վարդավառ և այլն)։ Այստեղ անց էին կացվում նաև Թանգարանների միջազգային օրվան, Թանգարանային գիշերվան և Եվրոպական ժառանգության օրերին նվիրված միջոցառումները։Վիճակը պատերազմից հետո44 օրյա պատերազմի ընթացքում գյուղը հրետակոծվել է։ Ինչպես գյուղը վերջինը լքած մարդկանց հետ հարցումների, այնպես և պատերազմից հետո ադրբեջանական մեդիայի մշտադիտարկման արդյունքում հաջողվեց վավերացնել, որ թանգարանի շենքը կանգուն է մնացել։ Անհայտ է մնում թանգարանի հավաքածուի ճակատագիրը՝ նրա պահպանման վայրը և պայմանները։Թանգարանը և միջազգային իրավական կարգավորումներըԻնչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և հավաքածուի պաշտպանության միջազգային իրավա-օրենսդրական հիմքը կազմում են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիան և իր երկու արձանագրությունները (1954 և 1999 թվականներ)։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։ Աղբյուրը՝ monumentwatch.org