Տաճարն օծվեց հայավարի
Հայոց Աբաս Առաջին արքան Կարսի անառիկ բերդի ամենաբարձր աշտարակից հմայված նայում էր նորակառույց Սուրբ Առաքելոց եկեղեցուն…–Ինձ մոտ կանչեք արքայական դպիրին,–անթաքույց հրճվանքով հրամայեց արքան,– հայացքը եկեղեցուց դանդաղ սահեցնելով Տարոն աշխարհի կողմը՝ բարի լուրն առաջինը Մշո Առաքելոց վանքին, Մշո Սուրբ Կարապետ ու Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցիներին ավետելու…–Լսու՛մ եմ, արքա,– խոնարհվեց դպիրը՝ անմիջապես նկատելով Աբաս Առաջինի բարձր տրամադրությունը։–Հրովարտակ ուղարկիր Հայոց աշխարհի բոլոր նախարարներին ու եպիսկոպոսաց թեմերին, որ ներկա լինեն ԿարսիՍուրբ Առաքելոց տաճարի օծման արարողությանը։ Եվ թող մեր թշնամիներն իմանան, որ այս տաճարը պիտի օծվի հայոց սրի ու խաչի օրենքներով…Հատկապես կովկասյան լեռնաբնակ ցեղերին, որոնք շուտ–շուտ են հիշում Արաքսի հովիտներն ու քոչվորական թալանի ախորժակով արշավում Հայոց աշխարհ…Ձիարշավ սուրհանդակներ մեկնեցին Հայոց չորս կողմ, նաև՝ հարևան երկրներ…Քրիստոսի ծննդից հետո 942 թվականն էր։ Կուր գետի ափին սարմատացիների(աբխազների) Բեր իշխանը մի պահ մռայլվեց՝ լսելով Հայոց արքայի հրովարտակի մասին։–Ուրեմն՝ Հայոց Աբաս արքան նույնիսկ ժամանակ է գտնում եկեղեցի կառուցելու և հայոց սրի ու խաչի օրենքներով օծելու,–հրամանատարների ներկայությամբ մռայլությունը քմծիծաղով քողարկեց Բերը և դպիրին մոտ կանչեց։–Պատվիրակ ուղարկեք Հայոց Աբաս արքային և իմ կամքը հայտնեք՝ սուրբ տաճարը պետք է օծվի ոչ թե Հայ առաքելական եկեղեցու, այլ քաղկեդոնական օրենքներով և միմիայն իմ մասնակցությամբ…Առավոտյան Աբաս արքան սպարապետի և կաթողիկոսի հետ վերջին խորհուրդներն էր տալիս տաճարի ձախ ճակատին Բագրատունիների զինանշան առյուծը քանդակող վարպետին։–Առյուծի աջ թաթը բարձրացված քանդակիր՝ պատրաստ պատժելու իր անդորրը խախտողներին,–վարպետին վերջին խորհուրդը տվեց արքան՝ չթաքցնելով հիացմունքը։–Արքա՛, Աբխազաց Բեր իշխանից սուրհանդակ է եկել տագնապալի լուրերով,–եկեղեցու քանդակներով հմայվող Աբասին սթափեցրեց սպարապետը։Բերի նամակի հոխորտանքը լսելով՝ Աբասը որոտաց՝ «Պատրաստվե՜լ արշավանքի դեպի Կուր գետը»…Կարս մայրաքաղաքի հրապարակում Հայոց հեծելազորը երդվեց Բագրատունյաց ռազմի դրոշի առջև և շարժվեց Կուրի այն հովիտները, ուր ասպատակում էին Բերի զորքերը։…Գետի երկու ափերին մի քանի օր թշնամական զորքերը զորավարժությամբ միմյանց մարտական վիճակն են ստուգում, հարձակման հարմար պահի սպասում։Առավոտյան Բերի զորքերը անակնկալ արշավեցին…Աբասը զորքի ներկայությամբ անձամբ հանդիսավոր հագավ ասպազենը, կապեց զենք ու զրահը և ցատկեց ճերմակ նժույգին… Երկսայր սուրը թշնամու կողմը պարզելով՝ արքան արշավեց դեպի գետը՝ հրամայելով հենց գետի մեջ թողնել թշնամու առաջապահ զորքին։Կուրի պղտոր ալիքները կարմրեցին. գետը դիակներ էր տանում…Բերը ցնցվել էր՝ հայկական փոքրաթիվ զորքով Աբասն ինչպիսի խուճապ նետեց իր զորքի մեջ։ Գալարափող հնչեց, սարմատացիները նահանջելով դուրս եկան գետից և փորձեցին այլ մարտաձևով նահանջը կանգնեցնել։–Բեր իշխանին չսպանե՛լ, կենդանի գերի վերցնել,–կրկնում էր Աբասը՝ երկսայր սուրը շարժելով աջ ու ահյակ։ Հայոց այրուձին դանդաղ աքցանում էր Բերի զորքը։ Սարմատացիները խառնաշփոթից գլուխները կորցրել էին…Կեսօրին, երբ Բերը հասկացավ, որ ճակատամարտը տանուլ է տված, իր դրանիկ ջոկատով հարմար պահ որսաց նահանջի պատրվակով փախուստի դիմելու…Դա անմիջապես կռահեց Աբասը, իսկույն հրամայեց սրարշավ փակել նահանջի ճանապարհները և իր թիկնապահ ջոկատով փորձեց ճեղքել սարմատացիների խառնաշփոթ հեծելազորը։ Թշնամին նման հանդուգն քայլի չէր սպասում։ Աբասին նետահարել դժվար էր. պղնձե զրահաբաճկոնին ու սաղավարտին դիպչելով՝ նետերը այս ու այն կողմ էին սուրում…Բերը հասկացավ, որ Աբասը իր վրա է գալիս, փորձեց խուճապահար նահանջող հեծելազորը կանգնեցնել, բայց անզոր էր։ Ամեն մեկը ձգտում էր սեփական գլուխը փրկել։ Նահանջը կասեցնելու գալարափողի ձայնը ոչ ոք այլևս չէր ուզում լսել…Կողքերից հայկական հեծելազորն այնպես էր աքցանել սարմատացիներին, որ շատերը զենքերը ցուցադրաբար նետեցին անձնատուր լինելու և արժանանալու Հայոց արքայի գթասրտությանը։ Աբասը սուրը ետ քաշեց և վահանով այնպես հարվածեց Բերի թիկունքին, որ մի վայրկյանում հոխորտացող իշխանը տապալվեց գետնին։-Իշխանին ծնկի բերել, ձեռքերը կապել և զգուշանալ, որ պատահական նետից չսպանվի, նա Կարսում սուրբ նպատակ ունի կատարելու,– հեգնանքով հրամայեց Աբասը։–Հետապնդեք ու ոչնչացրեք մինչև վերջին զինվորը, իսկ հրամանատարներին գերեվարեք, ռազմավարը հավաքեք, շտապ պիտի Կարս վերադառնանք։Աբասը կարգադրեց, որ Բերին իր հետ նստեցնեն արքայական կառքում։–Բեր իշխան, շատ էիր փաքագում Կարսի տաճարը ձեր օրենքներով օծելու, ես այդ հաճույքը քեզ հայավարի կպարգևեմ, դու ամբողջ կյանքում դա կհիշես,–բռունցքը Բերի գլխին դնելով՝ մռնչաց Աբասը։Սուրհանդակները սրընթաց արշավեցին՝ հաղթանակի լուրը Կարս մայրաքաղաք հասցնելու, ուր հավաքվել էին հայոց նախարարները, հոգևոր դասը և պատվիրակներ հարևան երկրներից օծման արարողությանը մասնակցելու։–Հոխորտացող Բեր, մոռացե՞լ ես, որ իմ եղբորը՝ Աշոտ Երկաթին շնորհվել է «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը, և Հայոց սահմանը նաև Կուր գետի հովիտն է։Մոռացե՞լ ես, որ Աշոտ Երկաթը Հայոց պետականության անվտանգությանը սպառնալու համար նույնիսկ սեփական աներոջը՝ Գարդմանի հպարտ իշխան Սահակ Սևադային ու իր աներորդուն կուրացրեց, իսկ Յուսուֆ ամիրայի՝ քեզ նման հոխորտացող Բեշիր զորապետին ինչպես վտարեցիք Հայոց սահմաններից։ Լավ նայիր այս ճամփաներին, հետո կկարոտես, դու թալանի ուխտավոր ես,–կատաղությունը քմծիծաղով շարունակեց Աբասը։-Աղվե՛ս, միացել էիր Աշոտ Երկաթից երես թեքած Ցլիկ Ամրամին, որ Հայոց գահը կործանես։Գուգարքը, Տայքն ու Ուտիքը ընծա էիր ստացել, ետ վերցրինք, նորից գալիս էիր տիրանալու՞…Աբասի սուր հայացքը որսաց դեպի Վիրք գնացող առևտրային քարավանը։–Քո ծակաչք հայացքով նայիր տես, թե Կարսի վաճառականները հայ ոսկեձեռիկ վարպետների արտադրանքը ինչպես են տանում մինչև Պոնտական ծով, այնտեղից էլ Ֆրանկների ու Բրետների երկիր։ Իսկ այս մյուսը գնում միանում է Մետաքսի մեծ Ճանապարհին, որով մեր վաճառականները հասնում են մինչև Ճենաց աշխարհ ու Չինմաչին…Երևի սա էլ է քեզ կուրացրել ու ախորժակդ ավելի բացել,– հոգու մաղձն էր հաճույքով դատարկում Հայոց արքան շղթայակապ Բերին։Արքայական կառքի ետևից տանում էին Բերի գերեվարած հրամանատարներին և ռազմավարը…–Բե՛ր, դու երդմնազանց շուն ես, ինչպես հագարացի Յուսուֆը։Մեր թշնամիները միշտ էլ մտածել են, որ Հայոց արքաները հաճախ վեհանձնորեն ներում են երդումը ուրացողներին։ Հիշու՞մ ես, որ Յուսուֆը երդմնազանց եղավ ու հորս՝ Սմբատ Ա Բագրատունուն Դվինում շղթայակապ խաչի հանեց և գլխատեց… Հայոց քրիստոնյա անհիշաչար արքաների վեհանձնությունը ձեր նմանների համար պարտության պահին փրկության բաց դուռ է եղել, բայց ես կփակեմ այդ դուռը։ Դուռը հատկապես թշնամու երեսին շրխկացնելով փակելու համար է, բայց սիրով բացում ենք բարեկամի առջև…Ես հիշողություն ունեմ և հորս սխալը չեմ կրկնի. դուք արժանի չեք հայոց վեհանձնությանը։ Արյուն կա աչքերիդ մեջ, լեռնական շուն, լա՜վ նայիր հայոց հողին ու մայրաքաղաքին,– Աբասը սրով ցույց տվեց Կարսի բերդի անառիկ պարիսպները…Հայոց արքայական կառքին տաճարի դիմացի հրապարակում հաղթական ցնծությամբ, գալարափողերի կանչերով, երգ ու պարով դիմավորեցին։–Բե՛ր իշխան, թալանի ուխտավոր, սա քո պատվին է կատարվում, լավ նայիր,–ասաց Աբասն ու հրամայեց սկսել արարողությունը։Բերին մոտեցրին տաճարի մուտքին։ Բոլորը անհամբեր էին, տեսնես ի՞նչ անակնկալ է պատրաստել Աբաս արքան։–Բե՛ր իշխան, դու շատ էիր փափագում տեսնել տաճարի օծումը։ Ահա՝ երկար նայիր կամարակապ ու քանդակազարդ այս հրաշքին, էլ չես տեսնելու,– ասաց Աբասը։–Կանչեք դահիճներին և երկաթ շիկացրեք, լա՜վ շիկացրեք։ Մի անգամ էլ նայիր այս հրաշք տաճարին, շատ էիր տենչում…Դահիճը շիկացած մետաղով մոտեցավ Աբասին։–Բեր արքայի երկու աչքերը բնից հանեք և խոռոը շիկացած մետաղով այնպես վառեք, որ աչքի հետքերը չերևան,–հրամայեց Աբասը։Դահիճները վարժ շարժումով երկու աչքերը հանեցին և նետեցին Բերի գրպանը՝ ինչպես արքան էր հրամայել։Բերի ոռնոցը, ծուխն ու ճենճահոտը խախտեցին արարողության անդորրը։ Բերը թեև գայլային ոռնոցով գալարվում էր, բայց ուշագնաց չեղավ։–Դե՛, հիմա ուշադիր լսի՛ր, թե ինչպես ենք հայկական օրենքներով օծում տաճարը,–Բերի ականջին գոռաց Աբասը՝ շրջվելով սարմատացիների հեծելազորի գերի հրամանատարներին։–Դուք էլ ուշադիր նայեք, որ պատմեք ձեր իշխանավորներին ու ժողովրդին, թե հայերը ինչպես են տաճար օծում։Երանության մի ժպիտ ալիքվեց հրապարակում ու մերձակա փողոցներում հավաքված տասնյակ հազարավորների հայացքներում…–Ձեր արքային մենք չենք սպանի, թող ամբողջ կյանքում կույր ապրի և նրա տեսած վերջին պատկերը թող Կարսի եկեղեցին մնա, որ դաս դառնա մյուսներին։ Դուք պիտի նաև երդման թուղթ հաստատեք, որ այլևս Հայոց աշխարհի կողմերը չեք արշավելու։ Ձեր արքայի հանած աչքերը ձեզ հետ կտանեք, նրանց մեջ տաճարի պատկերը կա…Իսկ կույր, բայց ծակաչք արքայի համար պիտի մեծ փրկագին վճարեք…Մի հին կառքի մեջ նստեցրին Բեր իշխանին՝ արնակոլոլ աչքերը գրպանում…–Բե՛ր իշխան, աչքդ լու՜յս, Կարսի Առաքելոց եկեղեցին տեսար, բայց քո ուխտը հայավարի կատարվեց. քո տեսածի մասին անձամբ կպատմես քո ժողովրդին,–ասաց Աբասը և գնաց միանալու տոնախմբության մասնակիցներին։Իսկ Բերի կառքը շարժվեց Կուր գետի ուղղությամբ… Վրեժ Սարուխանյան