ՏԱԹԵՒԻ ՃՈՃՎՈՂ ՍՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
(տեսակետ-վարկածի հակիրճ շարադրանք)
Համլետ Մարտիրոսյան
Հնագույն Քաղաքակրթությունների
հետազոտման կենտրոն
Հենվելով ենթադրյալ կառուցման թվականից մոտ 400 տարի հետո ապրած Ստեփանոս Օրբելյանի (~1250÷1305թթ) նկարագրության վրա [1], սյան կառուցումը թվագրվում է 904÷906թթ [2]: Ս.Այվազյանը և Ա. Բադիշյանն իրենց արժեքավոր ուսումնասիրության մեջ [3] նշում են, որ Տաթևի սյունն իր ձևով ու կառուցման մեթոդներով մոտ է կանգնած նախաքրիստոնեական նմանատիպ կոթողներին: Հայտնի է, որ 16-րդ դարում Առաքել Սյունեցի արքեպիսկոպոսը սյան գլխի նախկին խաչքարի փոխարեն տեղադրել է նոր խաչքար, որն էլ կանգուն է մինչ օրս:
Անզեն ու ոչ մասնագիտական աչքով իսկ կարելի է նկատել, որ խաչքարը հետագայում ներմուծված, իր ձևով ու չափսերով սյան ընդհանուր տեսքին օտար էլեմենտ է: Խաչքարը կարծես հսկայական սյան վրա դրված մի խաղալիք լինի, որն ուր որ է կընկնի: Ակնհայտ է, որ սյան նախնական տարբերակում խաչքարի տեղում եղել է սյան չափսերին ու բնույթին համեմատ մի այլ խորհրդանշան: Սյունը կառուցված է ծակոտկեն կապտավուն բազալտից, իսկ ներկա (հավանաբար նաև նախկին խաչքարը) տուֆային ապարից: Հավանաբար նախորդ խաչքարը եղել է սյան տեսքին ավելի անհամաչափ, ինչն էլ Առաքել Սյունեցուն ստիպել է փոխել այն: 10-րդ դարի սկզբում սյան վերնամասի ձևափոխումն ու խաչքարի տեղադրումը կարող էր ներկայացվել որպես ամբողջական սյան կառուցում: Սա Ճիշտ այն երևույթն է, ինչ նախաքրիստոնեական պաշտամունքային կառույցների հիմքի վրա եկեղեցի կառուցելը, վիշապաքարերն ու Քաջանց երկրի արքաների արձանագրությունների կոթողները խաչքարերի վերածելը:
Սյան գործառույթի մասին արտահայտված տեսակետները անհիմն ու անտրմաբանական են (հոգևորորականների ոգեղեն-էներգետիկ ուժի ստուգում, երկրաշարժերի նախազգուշացում կամ թշնամու հեծելազորի մոտենալու ահազանգ): Վստահաբար, հոգևորականներն այնպիսի ոգեղեն ուժ չունեին, որպեսզի մտքով սյունը տատանեին: Եթե սյունը ճոճվում է երկրաշարժից, ապա ոչ թե նախազգուշացնում, այլ փաստում էր, որ երկրաշարժ եղավ, ինչը սյունից հեռու գտնվող մարդու համար էլ է ակնհայտ: Իսկ որպեսզի սյունը ճոճվի շատ ձիերի ոտքերի դոփյունից, ապա նրանք պիտի լինեն շատ մոտ՝ տեսանելի հեռավորության վրա: Մի խոսքով, մանկամիտ բացատրություններ են:
Նմանատիպ կոթողների օրինակները ցուցում են, որ, նախապատմական ժամանակներից սկսած, դրանք մեծ ի մասամբ ունեցել են պաշտամունքային նշանակություն (երբեմն էլ կանգնեցվել են որպես հիշարժան պատմական դեպքերիի հիշեցում): Կարծում եմ, Տաթևի սյունն իր նախնական նշանակությամբ նույնպես պաշտամունքային է եղել և կանգնեցվել է նախաքրիստոնեական ժամանակներում: Նրա գագաթային մասը ձևափոխել են, վրան կանգնեցրել խաչքար, դարձրել քրիստոնեական կառույց և դրանով մթագնել և մոռացության տվել կառույցի նախնական նշանակությունը: Շատ հավանական է, որ սյան գագաթային մասը ընկներ և ջարդվեր 8-րդ դարում տեղի ունեցած Մոզի ավերիչ երկրաշարժի ժամանակ և պատճառ հանդիսանար սյան գագաթի ձևափոխման և քրիստոնեացման:
Եթե Տաթևի սյան գագաթից մտովի խաչքարը հեռացնենք և մտաբերենք հին աշխարհի տարածված խորհրդանշանները, ապա առաջինը, որ կհավակնի լինել խաչքարի տեղում, դա տէգ-արձաններն են, որոնց հնագետներն անվանում են ֆալլոսատիպ կոթողներ (տես նկար 1):
Նկար 1
Սկսած Ք.ա. 5÷4-րդ հազ., տէգի պատկերը տարածված էր Մերձավոր Արեվելքի պատկերագրության մեջ: Հետագա սեպագիր աղբյուրները վկայում են, որ այն եղել է dEN.KI = dE2.A = Հայ Աստծո ավագ որդու՝ Մարդուկի անվան մի մակդիրի գաղափարագիրը: Մարդուկը պաշտվել է որպես Որդի Աստված և եղել է Բաբելոնի գերագույն Աստվածը [4]: Քաջանց կոթողների (kassites kudurru, Ք.ա. 2-րդ հազ) վրա Մարդուկը միշտ ներկայացվել է բագինի վրա դրված տէգի կամ միայն տէգի պատկերով: Մարդուկի տիտղոսներից մեկն էլ գաղափարագրվել է խաչ պատկերող նշանագրով: Սեպագիր աղբյուրներում վկայված Մարդուկի մոտ 70 անուններից մեկն է Marutuk, որը նույնական է Սասունի գավառում գտնվող սրբազան Մարաթուկ լեռան անվան հետ: Լեռան անունը սասունցիների գերագույն երդումն է:
Նկար 2
Ք.ա. 1-ին հազ. Քաջանց երկրի (Urartu) գերագույն Աստվածը ևս պաշտվել է որպես Որդի Աստված. dHAL.DI = wur-di = wurdi = որդի (HAL սեպանշանի համար վկայված է bur8 = wur ընթերցում) [5]: Քաջանց երկրում ևս տարածված էր տէգ պատկերող նշանագրի գործածությունը: Իսկ որ ամենակարևորն է, հսկայական տէգ էր տեղադրված dHAL.DI=Որդի Աստծո տաճարի վրա:
Մարդուկ (=dAMAR.UD = Որդի Վառ) և dHAL.DI (=Որդի) դիցանունները ներկայացնում են այն Աստծուն, ում պաշտամունիքի հիման վրա սեմական միջավայրում առաջացավ քրիստոնեությունը, որպես աղանդ:
Այս Աստծո պաշտամունքը հայոց մեջ շարունակվել է մինչև Հայաստանի քրիստոնեացումը և, համաձայն իմ տեսակետի, Տաթևի սյունը նախապես եղել է մոտ 8,5մ բարձրության հսկայական տէգի արձան (մոտավոր պատկերը տես նկար 2), որը կանգնեցվել է Որդի Աստծո պաշտամունքին նվիրված համալիրում: Այս տեսակետը կմերժվի կամ կհաստատվի, եթե Տաթևի վանքի տարածքում կատարվեն համապատասխան հնագիտական հետազոտություններ:
Գրականություն
1. Ստեփանոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս, 1910
2. Հ. Խալփախչյան, Տաթևի երերացող սյունը, Էջմիածին, 1962, էջ 45
3. Ս.Այվազյան, Ա. Բադիշյան, Տաթևի ճոճվող սյունը և նրա կառուցվածքը, Վարձք, №12, 2016, էջ 1
4. Nicole Brisch, ‘Marduk (god)’, Ancient Mesopotamian Gods and Goddesses, Oracc and the UK Higher Education Academy, 2016, [http://oracc.museum.upenn.edu/amgg/listofdeities/marduk/]
5. Հ. Մարտիրոսյան, Հայոց Աստվածը, (անտիպ)