Վրեժ Սարուխանյան. «Նոր շղթաները միայն նոր սրով է հնարավոր փշրել»
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
Չափն ու սահմանը, նամուսը կորցրած այս մոլորակում ամեն ժողովուրդ ինքն է կռում իր նոր ձեռնաշղթաները, ինչը չի կարողանում փշրել իր հին սրով… Նոր շղթաները միայն նոր սրով է հնարավոր փշրել։ Ամեն ժողովուրդ ինքն է կերտում ապրելու իր իրավունքը։ Դա չեն նվիրում, դա ծնվում է այդ ժողովրդի հետ… Ու եթե խախտվում է ապրելու քո իրավունքը, նախ դրսում պատճառներ մի որոնիր…Աբսուրդ է, դիմում ենք բոլորին, մեղադրում ենք բոլորին, բայց ամենակարևորը՝ ինքներս չենք դիմում մեզ և չենք մեղադրում․․․ Մեղքի պտուղը հենց այնպես չի ծնվում։ Նախ մեր ստեղծած մեղքի սերմն է ընկնում հողը, հետո ոմանք խնամում են, աճեցնում, հատկապես դրսից օգնում։ Դա չենք նկատում, գրեթե աննկատ է աճում։ Ու երբ պտուղը հասունանում է, սկսվում է ներսի ու դրսի թալանի բերքահավաքը։Մի պահ շրջվիր, նայիր քո ոտնահետքերին և տես, թե որտեղ ես շեղվել։ Երկրաչափական պրոգրեսիայի օրինակով՝ ինչքան հեռանում ես շեղման կետից, այնքան մեծանում է անկյան բացվածքը։ Իսկ քոնը թողած՝ միայն ուրիշի ոտնահետքերում քո սխալը որոնելը նոր սխալ կծնի։ Քո սխալը ապօրինի զավակ է։ Թեև դժվարությամբ, բայց պիտի հրաժարվես քո ապօրինի որդուց, որ քո հարազատ որդու արժանավոր հայրը մնաս…Ու մեղքի սեփական բաժինը թողած՝ մեղավորներ ենք փնտրում ոչ մեզ մոտ, այլ հեռու՜ հեռուներում։ Երբեմն պարզամտորեն փորձում ենք արդարանալ, որ օտար թշնամին շատ բարբարոս է, իսկական բորենի՝ հոշոտում է, մորթում, բռնաբարում, ջնջում… Բա թշնամու անելիքը հենց դա է. նա գալիս է ոչնչացնելու և ոչ թե «պոռնիկ դեմոկրատիայի» քարոզ կարդալու։Գիտե՞ք թե որն է մեր հիմնական մեղքը՝ մենք հերոս ենք, երբ դանակը հասնում է ոսկորին, իսկ մնացած պահերին մոռանում ենք այդ վեհ գաղափարը՝ մինչև մի նոր արհավիրք լինի… Այնինչ՝ հերոս պետք է լինել անընդհատ, միշտ, ամեն տեղ, ամենուր… Ամեն մարդ պիտի իր ճիշտ տեղում լինի, իր հայրենիքում լինի, ԱՐԵՎԻՑ իր բաժին արդար ջերմությունը ստանա, որ կյանքի «սոցիում» կոչվող հրեշը չշեղի իր ոտնահետքերը… Դեմագոգիա չանենք ու խոստովանենք, որ մեր հավաքական մեղքերից են ծնվել մեր անհատական մեղքերը… Երբ մի ընդհանուր օղակ թուլանում է, շղթան ինքնաբերաբար սկսում է քանդվել։ Բազում մեղանչումներից հետո, հանուն գենի և ազգի փրկության, շրջվենք գոնե անհատական ապաշխարանքով՝ մաքրելու մեր ընդհանրական մեղքերը… Դրանից հետո օտարների մեղքերը մաքրելը շատ հեշտ է…Նորօրյա Ձենով Օհան է հարկավոր, որ ժողովրդի կողմից ընդհանուր և հզոր կանչի իր Դավիթ հերոսին, և այդ կանչից ոգի առած հերոսը փշրի Քառսուն գազ խոր հորի Քառասուն գոմշի կաշին ու Քառասուն ջաղացի քարերը, դուրս գա ու… Դեռ լուռ է ճշմարիտ Ձենով Օհանը, իսկ այսօր անձեն Ձենով Օհաններն են կանչում ըստ դրամաշնորհների․․․Դեռ չենք մոռացել Թուր–Կեծակին բանեցնելու շնորհքը… Ու՞ր ես, Ձենով Օհան․․․
Վրեժ Սարուխանյան