ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ 114-ԱՄՅԱԿԸ
Այսօր հայ մեծանուն գիտնական Վ. Համբարձումյանի ծննդյան օրն է, նա կդառնար 114 տարեկան։ Վաղ առավոտյան Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցներն այցելեցին Բյուրականի աստղադիտարանի պանթեոն՝ Համբարձումյանի շիրիմ, հարգանքի տուրք մատուցելու համար։
Վ. Համբարձումյանը ծնվել է 1908թ. սեպտեմբերի 18-ին: Նա XX դարի խոշորագույն գիտնականներից մեկն է: Մեծ է նրա ներդրումն աստղագիտության և աստղաֆիզիկայի, տիեզերածնության, տեսական ֆիզիկայի, մաթեմատիկայի և փիլիսոփայության ամենատարբեր ոլորտներում:
Վ․ Համբարձումյանն ավելի քան 700 հոդվածների և 20-ից ավելի գրքերի հեղինակ է: Առավել հայտնի է տարրական մասնիկների ֆիզիկայի, մոլորակային
միգամածությունների տեսության, աստղային դինամիկայի, Գալակտիկայի տարիքի որոշման, ճառագայթման տեղափոխման տեսության, աստղասփյուռների, ակտիվ գալակտիկական միջուկների, գերխիտ աստղերի, բռնկվող և այլ անկայուն աստղերի վերաբերյալ կատարած աշխատանքներով և հայտնագործություններով:
Հիշեցնենք, որ 2009թ-ից սեպտեմբերի 18-ը Հայաստանում նշվում է նաև որպես աստղագիտության օր։ Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ այսօր միջոցառումներ չեն նախատեսվում։
Բյուրականի աստղադիտարանի ֆեյսբուքյան էջից