«Վերջին նորությունը այն է, որ շուտով կպսակվեմ». Վահան Տերյան
Նամակներդ և «Баку» թերթից կտրած հոդվածները ստացել եմ: Հուսով եմ չես նեղանում, որ մինչև օրս չեմ պատասխանել նամակներիդ: Վերջին օրերս ինձ այնքան էլ լավ չէի զգում և չէր «գրվում»: Իհարկե ինձ համար շատ դուրեկան էր կարդալ գովասանքներ իմ հասցեին, բայց այդ բանը ունի և իր շատ դառը կողմը, որի մասին երկար կլինի գրել, ուստի բավականանում եմ միայն քեզ հիշեցնելով այդ: Ինչո՞ւ քո և Վարինկայի մասին ոչինչ չես գրում: Ինչպե՞ս են գործերդ, տրամադրությունդ և այլն: Այդ ամենը ինձ հետաքրքրում է մեծապես: Կուզեի, որ դու քեզ լավ զգաս: Ի՞նչ ես անում: Ուրեմն այդ ամենի մասին գրիր:
Իմ գործերը նույն դրության են: Առանձին նորություն չկա: Վերջին նորությունը այն է, որ շուտով կպսակվեմ – բայց երևի դու կհասնես այդ հանդեսին, եթե գալու լինես, որովհետև պսակվել որոշել ենք մոտավորապես բարեկենդանին կամ մի քիչ վաղ: Երևի կհետաքրքրվես, թե ինչ պատճառով ենք շտապում: Ավաղ և ա՛խ, թեև ես ակնեղծ կերպով համոզված էի, որ մենք, ներողություն` ես երեխա ունենալ չեմ կարող …: Չգիտենք ինչ անել: Սուսաննան խոմ գլուխը կորցրել է: Դու գիտես, թե ինչպես էր վախենում այդ բանից: Ես ավելի հաշտ եմ նախախնամության հետ: [Ոչինչ չես կարող անել: Թերևս դեռ կարելի է որևէ բան անել: Դե այդ կերևա]: Բայց պսակվելը որոշված է այոնուամենայնիվ: Եվ ես գոհ եմ: Այս հանգամանքը ևս պատճառ եղավ իմ լռության, թեև առհասարակ վերջերս նամակ չեմ կարողանում գրել: