ՎԱՐՈՒԺԱՆ ԽԱՍՏՈՒՐ. «Դավաճանի ոգեկերտվածքի մտապատճենն են ուզում պատվաստել մեր արյան ցողուններին»
«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս ՎԱՐՈՒԺԱՆ ԽԱՍՏՈՒՐԻ հետ:
— Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:
-Կարծում եմ՝ ճակատագրի պարտադրանք էր կամ նախախնամության պահանջ։ Ես ծնվել եմ ապրիլի 23-ին՝ Ցեղասպանության պաշտոնական ընդունված օրից մեկ օր առաջ, և Վարուժան անվանվեցի ի ոգում հորս ամենասիրած պոետի՝ Դանիել Վարուժանի, որ այդ անմարդկային սպանդի զոհերից էր։
Ոտանավորներ բստրել եմ մանուկ հասակից, նույնիսկ մեծն Փափազյանի առաջ եմ արտասանել՝ արժանանալով վերջինս գովասանքին։ Հետագայում գրելուս ձիրքը բնավ դադարել է։ Առաջին բանաստեղծությունս գրել եմ ութերորդ դասարանում, երբ առաջին անգամ սիրահարվեցի։ Այն դրվեց դպրոցի պատի թերթում և ինձ համար բացառիկ ու վճռորոշ նշանակություն ունեցավ։ Ահավասիկ.
* * *
Մարմարի պես սառը աղջիկ,
Մարմարից էլ դու ճերմակ,
Ամեն ինչից դու անուշիկ,
Ծովի փրփուր ու կոհակ։
Զեփյուռի պես թովիչ աղջիկ,
Դու դու հույզերի իմ ծովակ,
Երազի պես հրաշք ձյունիկ,
Պատառ սրտիս սփոփանք։
Մարմարի պես սառը աղջիկ,
Մարմարից էլ դու ճերմակ,
Ամեն ինչից դու անուշիկ,
Անէական իմ պատրանք։
Առաջին անգամ տպագրվել եմ Ավանգարդ թերթում 1978թ՝ ժամանակի հայտնի գրականագետ Սուրեն Աղաբաբյանի դրվատական խոսքով։
Վարուժան Խաստուր գրական անունը կրել եմ Համո Սահյանի առաջարկով։ Մի օր մեծն Վարպետը հարցրեց, թե ծագումով որտեղի՞ց եմ։ Ասացի, որ պապս 1915 թվականին գաղթել է Ալաշկերտի Խաստուր գյուղից։ Մեծ ոգևորությամբ պատմեցի ինձ ավանդված տեղեկությունները գյուղի պատմության, բնաշխարհի, մարդկանց մասին։ Ասացի նաև, որ մահացել է վերջին ծերունին, ով գաղթել այդ գյուղից, ու նրա հետ խաստուրյան հիշողությունները հավիտյանս կչքանան։ Սահյանը շատ հուզվեց։ Մեկ էլ թե՝ արի քեզ կոչենք Վարուժան Խաստուր, այն համ պարտավորեցնող կլինի, համ էլ գյուղիդ անունը կշրջանառվի, չի կորչի անհայտում… Սկզբում ինձ մի տեսակ խորթ թվաց ազգանունիցս հրաժարվելը, բայց անսացի Վարպետին ու հիմա հպարտանում եմ…
— Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:
-Ունեմ տպագրված բազմաթիվ բանաստեղծական ժողովածուներ։ Թարգմանել եմ Եվրոպական և ամերիկյան գրողների։ 1993 թ. իմ թարգմանությամբ լույս տեսան Օմար Խայամի ռուբայիները։ Թարգմանել եմ թուրքմեն և ղազախ դասականների։ Թուրքմեն մեծանուն գրող Մահթումկուլի Ֆրագիի աշխարհի տարբեր լեզուներով 2014թ. տպագրված բացառիկ հատընտիրում տեղ գտավ նաև իմ թարգմանությունը։ Այս տարի նախատեսում եմ Չեխական հեքիաթներ մատենաշարով հրատարակել իմ մանկական թարգմանությունները։ Կարծում եմ՝ շուտով ավարտին կհասցնեմ թարգմանությունը Գրիգոր Մագիստրոս Պահլավանու բանաստեղծությունների, որոնք իրենց խրթնալեզու և առեղծվածային բնույթի պատճառով անհասու են մնացել մեր հասարակությանը և դարավոր լռությունից հետո արդի արևելահայ գրական լեզվով կներկայացվեն առաջին անգամ։ Հեղինակ եմ բազմաթիվ հայագիտական, գրականագիտական և հրապարակախոսական հոդվածների։
— Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:
-Մեղվի առաքելությունը մեղր ստեղծելն է, պոտինը՝ պոեզիա… վերջինս այն սնունդ է, որ անհրաժեշտ է հասարակությանը ոգեղեն գոյատևման և զարգացման համար։ Իմ պարագայում այն երկակի նշանակություն ունի։ Ես խնդիր եմ դրել ընթերցողներիս հետ նավարկել արվեստի օվկիանոսում և իմ ստեղծագործական հնարավորություններով մեր պատմության անցյալից դուրս հանել լուսավոր և հաղթական ոգին՝ նաիրականը։ Այն առավել ևս մեզ անհրաժեշտ է այսօր, երբ մեր ժողովրդի վզին փաթաթեցին պարտության բարդույթը։ Ինչ-ինչ ուժերի կողմից մեր պատմությունը ներկայացվել և ներկայացվում է իբրև ողբերի և դավաճանությունների պատմություն։ Դիտավորյալ վտարվել է հերոսականությունը և այն սխրականությունը, որով դիմակայել ենք աշխարհացունց արհավիրքներին։ Հիմա էլ դավաճանի ոգեկերտվածքի մտապատճենն են ուզում պատվաստել մեր արյան ցողուններին։ Ու դրա համար պարարտ հող հանդիսացող այս համատարած ռաբիզացման մեջ միայն ազգային արմատներին վերադառնալը, միայն նաիրական ոգին, միայն միասնականության գաղափարը կփրկի մեր երկիրը անդառնալի կործանարար փլուզումներից։ Հայ բանաստեղծը պիտի լինի նշյալ գաղափարաբանության մունետիկը, շեփորահարը։ Ես ինձ տեսնում եմ այդ դիրքերում։
— «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:
-Ճշմարիտ է Մխիթար Գոշը, բայց այն ավելի շատ վերաբերում է մեր միջնադարին, երբ կրոնական հանգամանքների պատճառով, չհաշված բացառիկ դեպքերի, կանայք դուրս էին մղվել կրթական համակարգից։ Սակայն դեռ վաղանջական ժամանակներից հայ կինը համարվել է ընտանիքի հիմքը և նա ընկալվել է որպես մայր աղբյուր, կենստու շունչ և կյանք։ Անահիտ աստվածուհու պաշտամունքը ամենառաջնայինն ու ընդհանրականն է եղել։ Միջնադարյան քրիստոնեությունը ստորադասեց և աղճատեց կնոջ դերը։ Դա համաշխարհային գործընթաց էր, ինչից զերծ չմնացինք մենք։ Ուշագրավ է, որ մեզանում Աստվածամայրը ընկալվեց ոչ թե իր մարդաբնույթով, այլ միայն իր աստվածային հատկանիշներով։ Եվ այն Անահիտ աստվածուհու գերակա պաշտամունքի վերափոխումն էր Աստվածամոր կերպարի մեջ։
Կանանց կրթության առումով մեր հասարակությունը առաջատարներից է։ Եվ Գոշի հիշատակած գանձը ունենք։ Խնդիրն այլ հարթակում է։ Արդյո՞ք այդ կրթությունը ապահովված է բարեկեցիկ և համապատասխան աշխատանքով։ Այլապես ստացվում է կրթություն կրթության համար կամ էլ՝ ինքնանպատակ կրթություն ներկայանալի լինելու համար։
Համենայն դեպս ես մեր կանանց ընկալում եմ այսպես.
Հայ կնոջ պես շքեղաշուք էս աշխարհում չկա՛, չէ՛,
Նրա սերը գորովաթև աստվածային մի լույս է,
Նա ձեղունն է մայրահրաշ մեր սրբազան օջախի,
Թե հարկ եղավ, առյուսասիրտ Ծովինար է ու Սոսե…
— Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:
-Ես չեմ կարող ասել, թե հնագետ Շլիմանը ի՞նչ է նկատի ունեցել այդպիսի միտք արտահայտելով։ Եվ առանձնապես այն ինձ չի էլ ոգևորել, որ ենթադրություններ անեմ և ընկնեմ ազգային սնափառության մեջ։ Իրականում Եվրոպան զարգացել է և զարգանում է այնպես, ինչպես պիտի զարգանար։ Մենք ենք ետ մնացել, շատ ետ և հիմա ետընթաց ենք զարգանում։ Սա ցավալի փաստ է։ Այ սրա մասին պետք է լրջագույնս մտածել, ազգովին մտածել։
— Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:
-Հզոր հայրենիք՝ բոլոր առումներով։
— Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործությունների կոնտեքստում:
-Ինչպես, որ կա՝ մառ և դաժան… Փորձում եմ իմ գրվածքներով ուժ և ոգի հաղորդել այն վերափոխելու համար։
— Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:
-Առաջին հերթին նպատակասլացությունը և կամքը։ Կարևորում եմ նաև պահանջարկը և հասարակական ընկալումը։ Զորօրինակ մի ծանոթուհի ունեի, որ մասնագիտացել էր բենգալերենի մեջ, փայլուն մասնագետ էր, նույնիսկ մի քանի թարգմանություններ էր կատարել։ Եկավ Հայաստան, և քանզի հնարավորություն չկար իր մասնագիտական կարողությունները դրսևորելու, ստիպված անգլերեն դասավանդեց։ Սա իհարկե առանձնահատուկ օրինակ է, բայց ուսանելի։ Ցանկացած նորածիլ բույս տնկելիս պիտի պարարտ հող լինի, այլապես բույսը կգոսնանա կամ կչորանա իսպառ։
— Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսին է։
-Վճռական… Պետք է ազգը զարթնացնել լեթարգիական թմբիրից։ Դարձնել միասնական, համախմբել իբրև մեկ բռունցք։ Վերացնել պարտադրված պարտության բարդույթը, ամրացնել մեր ինքնության խարխլված ողնաշարը, ստեղծել ազգային պետություն, հզորանալ և ետ բերել մեր հայրենիքի կորուսյալ մասունքները։ Հապաղումը կարող է ճակատագրական լինել։
— Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:
-Անկախ, ազատ, միացյալ, հզոր Հայաստան, որտեղ կգերիշխի սոցիալական արդարությունը, կթևածի Նաիրական ոգին և եղբայրության զգացումը կբաբախի բոլորեքյան երակներում։
ՄԱԳԱՂԱԹՑԻ