Վարդգես Պետրոսյանի ապրած և չապրած տարիները
Ապրեց հարուստ և հախուռն կյանքով, հայտնվեց լեռան գագաթին, բայց և վիհի խորությունը չափեց, լիուլի ճաշակեց թե՛ փառքի նեկտարը, թե՛ տառապանքի լեղին:
Միշտ և ամենուր, ապրած ու չապրած տարիների գերագույն խորհուրդը նույն սևեռուն գաղափարն էր՝ Հայրենիք և Ժողովուրդ: Հայրենիք, որի ցավը իրապես կրակե շապիկ էր գրողի համար, և Ժողովուրդ՝ այդ բազմաչարչար գոյական անունը, իր հավաքականության մեջ «սիրելի ու անծանոթ, հազարադեմ ու դիմազուրկ, սրբազան խաչ ու պղնձե մանրադրամ»:
Նրա խոսքն ու խրատը, հոգսն ու հորդորը, նրա կռիվը, սերը, ատելությունը անհանգիստ հոգու ցոլացումներ էին, անհանգիստ՝ բառի ինքնամոռաց իմաստով,- շնչահատ վազքի մեջ էր, անվերջ շարժման մեջ սլանում էր դեպի ո՞ւր … ճակատագրին ընդառաջ:
Նրա գրքերը, հրաշալի էսքիզները կրում էին զուտ պետրոսյանական տաղանդի անշփոթելի դրոշմը, ուր դժվար է զանազանել, թե որտեղ է սկսվում գեղարվեստական գրականությունը և որտեղ վերջանում հրապարակագրությունը:
Նրա հիմնադրած «Գարուն» ամսագիրը թարմ, կենարար օդի մի ումպ, երբ պատրանքներն այլևս չէին ցնցում մեր թմրած երևակայությունը, և խեղդամահ էին լինում գորշության հեղձուկի մեջ: Եվ երկաթե վարագույրի շրջափակում, բոլորիս պես ու բոլորիս հետ, թո՛ղ որ պատեպատ խփվելով (իր բառերն են), առանց վհատվելու նորանոր տարածություններ էր նվաճում գոնե ազատ շնչելու համար:
Հեշտ ու հաշտ չապրեց նա, հիացավ ու հուսախաբվեց, ոգևորվեց ու կասկածեց, եղավ շռայլ ու մեծահոգի, երբեմն նաև՝ կողմնակալ: Իրեն բաժին ընկած փորձություններից ամենից ծանրը դավաճանությունը տարավ. երբ բախտը երես թեքեց և ոտքը քարին առավ, նրա բռնկուն հոգին չարաչար խոցվեց այն գիսավորների քարկոծումներից, ովքեր գրողի ու գրչի աստեղային ժամերին շլանում- կշտանում էին գրողի և գործչի մեծահոգության փշրանքներով:
Նա սիրահարված էր կյանքին, իր երկրին ու ժողովրդին, և հայրենասեր զավակի սերը՝ սրտի չափով, անխնա սպառում էր ընդարձակ մի շրջագծով՝ «Երկիր Նաիրիի» երկար ու ցավատանջ փնտրտուքից մինչև իր վերջին գտածոն՝ «Երկիր Նաիրի» շաբաթաթերթը:
Որքանով էլ ապերջանիկ անձնական կյանքում, երջանիկ մարդ էր Վարդգեսը: Նա հասավ իր երազանքի ափը, տեսավ անկախ ու ինքնիշխան պետականությունը, և 1991- ը համարեց հայոց պատմության առասպելի թվականը: Եվ գլխովին մխրճվեց նոր իրողությունների հորձանուտը՝ իբրև ազգային- հասարակական- մշակութային նվիրյալ գործիչ, իբրև գեղարվեստական ակնարկի, էսսեի անկրկնելի վարպետ՝ մշտապես պահելով ստորագրության պատիվն ու արժանապատվությունը: Նա դարձավ իր նոր հայրենիքի ճշմարիտ տարեգիրը: Նրա յուրաքանչյուր հրապարակումը բաց, շիտակ, անզիջում երկխոսություն էր ընթերցողի հետ:
Եթե ողջ լիներ, կծնվեր հերթական շռնդալից- մտահոգ խոստովանությունը՝ Երկրի տիրոջ ու զավակի ցավի ճիչը, թե ինչպես են ոտնատակ տրվում ժողովրդի բարոյական կողմնորոշիչները, և թե ի՛նչ անդունդ ենք գլորվում օրը ցերեկով զոհաբերելով մեր մտավորականին, մեր բարոյականությանը, մեր հայրենասեր տեսակը:
Ճշմարիտ ստեղծագործողի ժամանակի հաշվարկը սկսվում է ետմահու, նրա մնայուն ժառանգության մեկնարկով, ուրեմն և՝ անտիպների նրա նոր հատորը՝ «Մեր ժողովուրդն իմն է, ինչպես իմ վիշտը» խորագրով, խորհրդանշում է Վարդգես Պետրոսյանի նոր ժամանակը:
ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ