Սուրբ Սարգսի տոնակատարության խորհուրդը
Ժողովուրդը Սարգսի անունով է կոչել Առաջավորաց պասը: Այն տոնվում էր Զատկից 63 օր առաջ, ուստի և շարժական տոն էր: Սարգսի տոնն արտաքուստ կրոնական թվացող, սակայն իրականում ժողովրդական սիրված տոն էր և առնչվում էր երիտասարդության սիրո տենչանքների հետ: Սարգիսն ինքը համարվում էր սիրահարների հովանավորը:
Տոնը նշվում էր գլխավորապես ընտանեկան շրջապատում: Պասը վերաբերում էր բոլորին, մասնավորապես երիտասարդներին, որոնց մի մասը ուխտում էր անսվաղ (մինչև պասի բացելը միայն ջուր էին խմում) կամ միաժում (ծոմապահներն ուտում էին օրվա մեջ մեկ անգամ՝ մութն ընկնելուց հետո) ծոմ պահել: Այս պասի առանձնահատկությունն այն էր, որ հրաժարվում էին ոչ միայն կենդանական մթերքից, այլև աղանձից, փոխինդից և սրանցից պատրաստված խորտիկներից: Արգելքը տարածվում էր նաև աշխատանքի որոշ տեսակների վրա, ինչպես լվացք անելն էր, ճախարակ մանելը, մազի և բրդի հետ գործ ունենալը: Ծոմապահությունը ցույց էր տալիս Սարգսի նկատմամբ եղած սերը, քանի որ հավատում էին, թե երիտասարդների սիրո ճակատագիրը որոշողը Սարգիսն է: Իսկ նա ժուժկալություն էր պահանջում (այդ թվում և ուտելուց հետո ափսեի մեջ ուտելիքի մնացորդ թողնելը՝ որպես Սարգսի և նրա հարսնացուի բաժին, քանի որ երկուսն էլ շատակերներ էին համարվում):
Սարգսի տոնին կատարվող սովորույթներն առնչվում էին նրա ինչպես սիրային, այնպես էլ հողմային բնույթի հետ: Որոշ տեղերում մարդիկ պոկում էին իրենց մազերը և հանձնում քամուն՝ հավատալով, որ մազերի հետ քամին կտանի նաև իրենց ցավերը: Սիրո և ամուսնության գաղափարի հետ սերտորեն կապվող և բուսականությունը խորհրդանշող փոխինդն էլ (աղանձ) տոնի հիմնական կերակուրն էր, որով բացվում էր պասը (Սարգսի պասին բովված ցորենից կամ փոխնդից պահում էին և փոթորիկն ու կարկուտը դադարեցնելու համար շաղ տալիս չորս կողմը): Երիտասարդների սիրային ակնկալությունները կամ ամուսնությունը կարգավորելու համար հրավիրում էին Սարգսի միջամտությունը՝ ուրբաթ գիշերը տան պատվավոր անկյունում (որոշ տեղերում՝ եկեղեցում, աստղերի տակ) վառվող մոմերով կամ առանց դրանց սկուտեղով փոխինդ դնելով: Այդ գիշեր բոլոր հայերի տները հարսնացուի հետ այցելող Սարգսի հրամանով ձին պայտի հետքը պիտի թողներ փոխնդի վրա: Առավոտյան այդ փոխնդից խաշիլ էին պատրաստում: Դոշաբով, բաքմազով, խաղողահյութով կամ մեղրաջրով շաղախված փոխնդից ընտանիքի ադամների թվով գնդիկներ էին անում և ուրբաթ երեկոյան ուտում՝ բացելով պասը: Ծոմապահ երիտասարդները, սակայն, միայն աղի բլիթ էին ուտում, որպեսզի երազում իրենց ջուր տվող մարդու վերաբերյալ գուշակություններ անեն: Որոշ տեղերում գուշակության առարկա էր դառնում առանց թթխմորի ու աղի թխված հատուկ բաղարջը, որի մեջ դնում էին ընտանիքի հարստությունը խորհրդանշող առարկաներ՝ միրգ, պանիր, դրամ, և շերտատում երեխաների թվով: Տղաների համար միրգը խորհրդանշում էր ժառանգվող այգին, պանիրը՝ անասունները, դրամը՝ հայրական տունը, աղջիկների համար՝ ով ինչ ամուսին կունենա: Շաբաթ առավոտյան գուշակությունները շարունակվում էին: Տեղի էր ունենում «աղջիկժողվրտանքը»: Աղջիկները հավաքվում էին որևէ տեղ, միմյանց հյուրասիրում հացրդոնով (յուղի մեջ ձվով ու ալյուրով շաղախված ու տապակված հացի շերտեր) և պատմում տեսած երազը՝ ով և ինչպիսի գավաթով է իրենց ջուր տվել: Ոսկե գավաթը նշանակում էր հարուստ, փայտե գավաթը՝ աղքատ փեսացու, լիքը գավաթը՝ երկար, կիսատ գավաթը՝ կարճ ամուսնական կյանք: Գուշակությունները, սակայն, սրանով չէին ավարտվում: Ծոմապահ երիտասարդներն իրենց փոխնդի գնդից կամ գիշերը բարձի տակ պահած հացի կտորից մի պատառ դնում էին կտուրին և հեռվից հետևում, թե այն կտցող թռչունը դեպի ո՞ր կողմն է թռչում. այդ կողմից էլ սպասվում էր ապագա հարսնացուն կամ փեսացուն (թռիչքը դեպի գերեզմանի կողմը նշանակում էր երիտասարդի մահը):
Որոշ տեղերում Սարգսի պասին տեղ ունեին երեխաների՝ տնետուն շրջայցերը և սրբին նվիրված երգել երգելով մթերքներ հավաքելը:
Նյութը պատրաստեց Կարինե Զիլֆիմյանը