Սոս Սարգսյանի հիշատակին…
(Կամ բոլոր նրանց, ովքեր հեռացան այս տարի)
Տարին չկիսված`ամպել ես այնքա՜ն,
Ամպել ես, մթնել… ու անձրևի տեղ`
Աստղեր ես հեղել
Հայոց Պառնասի լուրթ թանգարանից,
Անտարբերության քմայքով սորուն
Ու սառնասիրտ դահիճի նման`
Ոսկին ես պեղել,
Ցիրուցան արել եթերում քո պարզ
Ու անպարզությամբ ցավով ես դեղել
Սիրտը իմ ազգի,
Հոգի՜ն ես տարել անհոգիների տխուր մարմաջով,
Հոգի՛ն ես առել ու անհասության քո բարձունքներից
Դիվոտ քրքիջով վայելումներդ ես կում առ կում ըմպում,
Դո՛ւ օձատարի, քո սև մանգաղով ոսկին ես հնձում
Առա՛նց ափսոսանք,
Աստղաբույլի մեջ` Գիսաստղ ընտրում ,ու քո ամպաթև
Ճամփեքով տանում`
Զրկում ես ազգին որերո՜րդ անգամ
Իր ընտրյալներին աղերսվելու
Այնքան բաղձալի ամեն օրերից,
Խո՜հի ու ձա՜յնի`ասես դեռ Նոյից`
Արյան մեջ մտած այն աստեղային
Բաղադրությունից,
Որ չի թարգմանվում և ո՜չ մի լեզվով
Կամ տարրալուծվում ուրիշ արյան մեջ..
Տարիդ աստղերի եղեռնով դժնի հռչա՞կ է ուզում,
Թե՞ աստղաթափի պատիժ սահմանել`
Ոգին ես ծաղրում հինավուրց ազգի,
Աստղերն ընկնում են,բայց նրանց շողով
Ծաղկարբունքի մեջ արտերն են լողում հաջորդ տարիներ,
Նրանց անձրևից դեռ երկար-երկար գետեր ու առու
Խենթ վարարումով ժայռ ու ծերպերից խոհականության
Քար գլորելով`
Ոսկի են տալու, բարեբեր անձրև մատղաշ ծիլերին`
Աստղեր դառնալու,
Ու դեռ օդի մեջ կթևաբախեն տաք սրտիկները
Ջերմ տատրակների`ձայների դողից, խոհի խոկումից
Է-ից բարձրագույն ու աստվածաշնորհ`
Ձե՜ր թարգմանությամբ…
ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ