Սոճին ջահ է եղել
Նահապետ սոսին կանչում է հայոց բոլոր ծառերին ու ասում.
— Ուշացած ճամփորդներ կան, որոնք գիշերով մոլորվում են անտառում և գազանների կեր դառնում: Ձեզանից մեկնումեկը պիտի ջահ դառնա և մարդուն առաջնորդի մութ գիշերով:
Քանի որ ամենասպիտակ կեղև ուներ սոճին` նրան էլ կարգեցին գիշերային ուղեկցող:
Սոճին ուղեկցում էր ամենքին, օգնում, որ մարդիկ տեղ հասնեն անվնաս: Բայց մի անգամ գլխի ընկավ, որ ինքը լուսավորում է նաև նրանց ճանապարհը, ովքեր անտառ են մտնում ավազակության, ուրիշներին կողոպտելու համար: Զայրույթից սոճու կեղևը սպիտակից վերափոխվում է դեղնակարմրավունի, քնքուշ տերևները` սուր փշրանքների: