«Սիրո այս դարբնոցում ես սովորեցի իմը համարել այն անձկությունը, որ ունենում էր մյուսը». Անրի Վերնոյ
Դրսում վառվում են քաղաքի լույսերը: Բայց արդեն գիտեմ, որ այլևս ոչ ոք ինձ չի զգուշացնելու գիշերային զովից, ոչ ոք այլևս ինձ չի մեկնելու այն չնչին բրդյա հագուստեղենը, որ այնքան բարկացնում էր ինձ … Եվ ահա խղճի խայթ եմ զգում նրա չափազանց անհանգստության դեմ իմ բարկության համար:
Մեծ վշտերի ժամանակ երբեմն մի քիչ դերասանություն ենք անում: Ինչ-որ բառեր ենք ասում ինքներս մեզ, բառերը դառնում են բովանդակություն, և մենք ականատես ենք լինում մեր ներքին, փոքրիկ թատրոնին, հետո դժբախտությունը օգնության է գալիս, արցունքները հոսում են, պարփակվում ենք այդ վշտի մեջ, մեծացնում և տարվում նրանով:
Այս երեկո իմ վիշտը խղճի խայթի ժանրին է պատկանում: Ես փակել եմ իմ թատրոնը, մահվան … կամ համարյա մահվան պատճառով: Արցունքների ժամանակը կգա հետո:
Ժամանակի հոսքի մեջ պարզ տեսնում եմ, որ բոլոր այս տարիներին, երբ մենք այդքան սիրել ենք իրար, երբեք չենք ասել, թե սիրում ենք:
Ընդհանուր խոհեմությամբ վախենում էինք հատուկ ընդգծել բացահայտ, շարունակական, անառարկելի ճշմարտությունը, բառերի միջամտությունը ավելորդ էր թվում:
Իրար սիրում էինք ի ծնե:
Մնացյալը դառնում էր ավելորդ ենթավերնագիր:
Սիրո այս դարբնոցում ես սովորեցի իմը համարել այն անձկությունը, որ ունենում էր մյուսը: Ես սովորեցի ցավ զգալ (ֆիզիկական ցավ), ինչ նույն պահին զգում էր մյուսը:
Մեր ընտանիքում հինգ հոգի էինք, և ուսյալ բժիշկները երբեք չիմացան, թե մեզ խնամում են շատ էժան գնով, որովհետև բուժելով մեզանից որևէ մեկին, միանգամից բուժում էին հինգ մարդու, ընդամենը ստանալով մի հոգու վճար:
Աստված իմ, որքան ծանր եմ ապրելու Մայրիկիս բացակայությունը: Գրելով նրա անունը, ես չափում եմ ֆրանսերեն «r» տառի անզորությունը` հաղորդելու հայկական շատ հարուստ հնչյունաբանության քաղցրությունը: Լեզուները իրենց գեղեցկությունը պահպանում են միմիայն չթարգմանված վիճակում:
Այս երեկո իմ տխրության խորքից բառերը կբխեն ինքնաբերաբար, ինչպես երբ սրտի լեզվով հետ ես մղում նորաձև սեթևեթանքները: Ավելի ուշ, երբ արցունքների միջնարարների ընթացքում հարկ կլինի տեղ գրավել մեծ կատակերգության մեջ, ժամանակ շատ կունենանք վերգտնելու սեփական չարությունները, խորամանկությունները, խարդավանքները, մեքենայությունները, ճկունությունը, «խելոք երևալու» աղվեսությունը:
Այգը բացվում էր, բայց կյանք հնձող ցերեկը ինձ համար դարձյալ մնում էր գիշեր:
Այսքան արագասահ ժամերը պահելու համար ես շուռ տվեցի կյանքի ավազե ժամացույցը, որպեսզի հետ-հետ քայլելով միանամ իմ սիրառատ մանկությանը:
Մանկություն` մեծանալու անհագ ցանկությամբ, պատանեկություն` աճող ձգտումներով, որոնք կեղեքում են քեզ ու մի երեկո առաջնորդում սիրելիներիդ հագեվարքին, որոնց ծերանալը չես նկատել, մինչդեռ նրանց ամեն մի սպիտակած մազը կանխագուշակում է մի գարունքի գերեզման:
Անրի Վերնոյ «Մայրիկ»