Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է
Հովհաննես Շիրազի, Սիլվա Կապուտիկյանի, Ժան Էլոյանի, Սողոմոն Տարոնցու և այլոց հետ մտերիմ հարաբերությունների մեջ էր աշնակցի Մնացական Սարուխանյանը։ Տասնամյակներ առաջ նա Աշնակ է հրավիրում Սիլվա Կապուտիկյանին։ Աշնակի ամենատեսարժան վայրը Ջրաղացի ձորն էր՝ ընկուզենիներով, ուռենիներով ու բարդենիներով, ջրառատ ու ծաղկազարդ արգելոց։ Առանց պահակ Խաչիկ Գասպարյանին՝ նույն ինքը՝Ասու Խաչիկին զգուշացնելու՝ Կապուտիկյանի հետ Մնացականը մտնում է արգելոց։ Չճանաչելով նրանց՝ պահակը ձորաբերանից գոռում է՝ «Էհե՜յ, անշնորք շունշանորդիներ, ո՞վ եք, առանց հարցնելու ու՞ր եք գնում»։ Պատասխան չլսելով՝ Խաչիկը սկսում է հայհոյել՝ «Ձե՛զ հետ եմ, ես ձեր հերն ու մե՜րը․․․․»։ Կապուտիկյանն ու Մնացականը կրկին լռում են։ Պահակը վազելով մոտենում է, ճանաչում ՄՆացականին, ով շվարած ասում է՝ «Քեռի Խաչի՛կ, գոնե իմացա՞ր ում ես հայհոյել՝ Սիլվա Կապուտիկյանն է»։ Խաչիկն ամոթից կարկամում է՝ «Վա~յ, ընգեր Գաբուդիգյան (Կապուտիկյան), ղուրբան էղնիմ քզի, ի՞նչ էնիմ, որ ընձի ներիս։ Գուզի՞ս քու պատվին Սասնա մե խաղ ասիմ»։ Բանաստեղծուհին անտարբեր լռում է։ Ասու Խաչիկը սկսում է կանացի գեղեցկությունը և բարեմասնությունները փառաբանող և վաղուց մոռացված մի հին երգ՝ «Եկա՜ տեսա՝ զիլիֆներդ (մազերի հյուսերը) արձակել ես․․․»։ Նեղսրտած բանաստեղծուհին երգից շատ է հուզվում, նայում է ծերունու խոնավ աչքերին և երախտագիտությամբ ասում՝ «Խաչի՛կ եղբայր, ինչ հրաշալի օր անցկացրինք նաև քո հայհոյանքներով, շնորհակալ եմ։ Մնացական ջան, ուրախ եմ, որ Աշնակի «Ջաղչի ձորում» բնությունից բացի մշակույթ պահպանող այսպիսի մարդ կա»։
Վրեժ Սարուխանյան