Սարյանի հետ միասին հավաքեցինք խաղողը, և ի՞նչ. չվերջացրած սկսում է անձրևախառն ձյուն, բուք
Պարտեզի հետ կապված հիշում եմ այս դեպքը. 1955, թե՞ 1956 թ. հոկտեմբերին Սարիկի հետ (Մարտիրոս Սարյանի որդին) նրանց տանը զբաղված էինք խմբագրական գործով: Աշխատում էինք «Եղիշե Չարենց» «Գրականության մասին» գրքի վրա, որը նրա ծավալուն առաջաբանով լույս տեսավ 1957-ին ԳԱ հրատարակությամբ: Խորապես ապրված առաջաբան, որը հարցադրումներով, բանաստեղծի վաստակի անվերապահ գնահատականներով իսկական խիզախություն էր այդ օրերին: Չէ որ դեռևս ըստ ամենայնի ջրի երես էին Չարենցի երդվյալ հակառակորդները, այն էլ համալրված իրենց երիտասարդ հովանավորյալներով` նորաթուխ գրողներով ու գրականագետներով: Գրքի խմբագիրն էր Հրաչյա Գրիգորյանը` 1935-1935 թթ. Սկսած մինչև այդ օրերը և հետո Չարենցի ամենահավատարիմ նվիրյալը, նրա կարսեցի հայրենակիցը, որը, ի դեպ, դեռ ժամանակին` 1938-ին հզոր հարված էր հասցրել այդ երդվյալներին, և տևականորեն դեռևս շարունակում էր ճաշակել վերջիններիս բանսարկություններն ու բամբասանքները: Ինչ խոսք, ինքը Սարյանը և Սարյանները չէին մոռացել այդ ամենը, գիտեին, թե ինչու է հետապնդվում Գրիգորյանը, և նրան գրքի խմբագիր ընտրելը էապես յուրատեսակ սաստող հիշեցում էր …
Ինչևէ. այդ օրն է ահա, կեսօրին մոտ ներս է մտնում Սարյանը` ասելով, թե հարկավոր է խաղողը հավաքել, ձյուն է գալու: Արևոտ պայծառ օր է, և անհնար է հավատալ, թե կարող է ձյուն գալ: Իջնում ենք, Սարյանի հետ միասին հավաքում խաղողը, և ի՞նչ. չվերջացրած սկսում է անձրևախառն ձյուն, բուք:
Մինչև այժմ էլ այդ գուշակությունը մտաբերում եմ զարմանքոքվ, թեև գիտեմ,որ Սարյանի բոլոր բնանկարներն էլ բնության ուժերի ու երևույթների խաղաղ բորբոքման ու պոռթկման կախարդական գուշակություններ են:
Ալմաստ Զաքարյան «Գրականության և պատմության ընթացքները»